Հոկտեմբեր 13, 2024
exclusive
1815 դիտում

Ռաֆայել Վահանյան. Շախմատի ֆեդերացիայում նոր մարդիկ են հարկավոր

Ռաֆայել Վահանյանը
Ռաֆայել Վահանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական շախմատին նվիրված շարքում այս անգամ զրուցել ենք մեր ամենահայտնի ու տիտղոսակիր գրոսմայստերներից մեկի հետ: Ռաֆայել Վահանյանը ԽՍՀՄ չեմպիոն է, Օլիմպիադայի ու Աշխարհի թիմային առաջնության կրկնակի, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող: Այսօր նա գլխավորում է իր անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը:

Մարզիչների ոչ բարձր որակները բերում են շախմատային խնդիրների խորացմանը

-Պարոն Վահանյան, տարիներ շարունակ ասել ենք, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Այսօր կարո՞ղ ենք պնդել այս տեսակետը:

-Դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսի վիճակում է մեր շախմատը, բայց հաստատ է մի բան՝ հիանալի չէ: Մենք բավական հետ ենք մնացել մրցակիցներից, վերջին մեծ հաջողությունը գրանցել ենք 2012-ին, երբ Ստամբուլում մեր թիմը դարձավ Օլիմպիադայի եռակի չեմպիոն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավալի է, բայց այս ընթացքում քիչ երիտասարդներ են աչքի ընկել, այսօր 3-4 տաղանդավոր պատանի ունենք, բայց նրանք այլ երկրների իրենց հասակակիցներից բավական հետ են: Օրինակ բերեմ 17-ամյա Ալիռեզա Ֆիրուջային, որն արդեն պարտիաներ է անցկացնում լավագույն տասնյակի շախմատիստների հետ, խոշոր մրցաշարերի մասնակցում: Ցավոք, բայց Լեւոն Արոնյանից բացի համաշխարհային դեմք չունենք:

-Ինչո՞ւ: Ո՞րն է պատճառը, որ ամեն ինչ այսպես դասավորվեց:

-Կարծում եմ, որ խնդիրը նաեւ մեր մեջ է: Մանկապատանեկան դպրոցները պետք է կարողանան գտնել տաղանդներին, բացահայտեն նրանց: Հարկավոր է, որպեսզի ունենանք բարձր մակարդակի մարզիչներ: Ցավոք, բայց մենք միշտ էլ մարզիչների խնդիր ենք ունեցել, երիտասարդ ժամանակ ինքս էլ բախվել եմ դրա հետ: Բաքվում հիանալի մարզիչ կար՝ Վլադիմիր Բաղիրյան (Բաղիրով), 1978-ին Երեւանում միջազգային մրցաշարի էր եկել: Նա այդ ժամանակ արդեն զգում էր, որ Բաքվում ինչ-որ բան է լինելու հայերի հետ ու այնտեղ բնակվելն անհնար է դառնալու: Ցանկություն հայտնեց տեղափոխվել Երեւան, բայց մերոնք ընդառաջ չգնացին, մինչդեռ նա այստեղ շախմատի մարզչական մի մեծ դպրոց կստեղծեր, իսկ այսօր նման խնդիրներ չէինք ունենա: Փոխարենը գնաց Ռիգա ու Միխայիլ Տալի հետ շախմատի դպրոց հիմնեց:  


-Ի՞նչ անենք, որպեսզի մարզիչների որակը բարձրանա:

-Իմ դպրոցի օրինակով ասեմ՝ մարզիչների վարպետությունը բարձր չէ, ես այդքան էլ գոհ չեմ նրանց աշխատանքից:  Կարծում եմ, որ հենց իրենք էլ պետք է զբաղվեն զարգացմամբ, մի տեսակ պասիվ են, չեն հետաքրքրվում, բավարարվում են քչով: Չնայած շախմատիստների համար այսօր տեղեկատվությունը շատ բաց է, կարող են տարբեր ծրագրերով աշխատել, ավելացնել գիտելիքներն ու մարզիչների պակասը լրացնել:

-Բայց այդպես կարող են անել արդեն կայացած շախմատիստները, իսկ սկսնակների ու պատանիների հետ պետք է մարզիչ աշխատի:

-Իհարկե, երեխաների հետ մարզիչները պետք է լավ աշխատեն, ճիշտ խորհուրդներ տան, բայց մեզ մոտ դա թերի է:
 

Լուսանկարը` Մեդիամաքս


-Վերջին շրջանում մեր բարձրակարգ գրոսմայստերները սկսել են աշխատել տաղանդավոր պատանիների հետ: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Շատ լավ է, որ երիտասարդ մարզիչներ ունենք, բայց ափսոսում եմ մի բանի համար՝ դեռ որպես ակտիվ շախմատիստ կարող էին շարունակել խաղալ: Նրանք դեռ նոր-նոր են սկսում, պետք է անընդհատ սովորեն, կատարելագործվեն, սեմինարների մասնակցեն, փորձ հավաքեն: Հաստատ դա օգտակար կլինի նրանց համար: Իրար հետ շփվելը, գիտելիքով փոխանակվելը շատ կարեւոր է:

Պահպանողական մտածելակերպն ու փոփոխություններ չանելը


-Պարոն Վահանյան, մեզ մոտ հաջողությունների պոռթկում եղավ, մեծ նվաճումների հասանք, բայց հետո միանգամից մարեց այս ամենը: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

-Գուցե այն ժամանակ մեր շախմատիստները հասել էին իրենց պիկին, միանշանակ, տղաները հոյակապ խաղ էին ցույց տալիս: Թիմային պայքարում հարկավոր է հաշվի առնել նաեւ բախտի գործոնը, որը մեր օգտին էր: Բայց հետո պետք է թիմը փոխվեր, իսկ մենք շատ պահպանողական գտնվեցինք: Ես միշտ էլ ասում էի, որ հարկավոր է երիտասարդների համար ճանապարհ բացել: Հիմա ունենք Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մանուել Պետրոսյան, այս տղաներին շանս տալ է պետք: Հարկավոր է չվախենալ անհաջողություններից, բնական է, որ երիտասարդների մոտ դրանք լինելու են, բայց նաեւ այդպես են նրանք սովորելու: Այդպես պետք է նրանք աճեն ու ապահովեն մեր հետագա հաջողությունները:

-Լեւոն Արոնյանի գնալուց հետո փոփոխություններ եղան թիմի կազմում: Երիտասարդ Հայկ Մարտիրոսյանն էլ տեղ գտավ այնտեղ:

-Հիմա Գաբրիել Սարգսյանը դարձավ մեր առաջին համարը, նա շատ բարձրակարգ շախմատիստ է: Ես զարմացած եմ, որ համաշխարհային մակարդակի խաղացող չդարձավ: Հայկի համար ուրախ եմ, հույս ունեմ, որ բացի նրանից մեր մյուս երիտասարդներն էլ մոտ ապագայում կհամալրեն թիմը:
 

Լուսանկարը` Մեդիամաքս

-Ըստ Ձեզ, Արոնյանի հեռանալու պատճառը ո՞րն էր:


-Արոնյանն արդեն երկրորդ անգամ է հեռանում Հայաստանից: Առաջին անգամը նա սկսեց ներկայացնել Գերմանիան: Մեր ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց նրան կրկին վերադարձնել, ես նույնպես ակտիվ մասնակցություն ունեցա այդ գործընթացում: Հիմա Արոնյանը հայտարարությամբ հանդես եկավ ու հայտնեց իր հեռանալու պատճառները, բայց կարծում եմ նա անկեղծ չէր եւ այլ շարժառիթներ ուներ:

 

-Այս ընթացքում մենք տարբեր շախմատիստների հետ ենք խոսել ու կարծես բոլորն էլ գոհ չեն եղել հավաքականի կազմի ընտրությունից: Մի՞թե այս ողջ ընթացքում չի բարձրաձայնվել այս մասին:


-Բարձրաձայնվել է, ես միշտ ասել եմ իմ տեսակետը, բայց ոչ մի բան չի փոխվել:

-Ի՞նչ են պատճառաբանում:


-Պատճառն այն է, որ ֆեդերացիայում տարիներ առաջ որոշում է կայացվել, որի համաձայն թիմը կազմվել է ըստ վարկանիշի, մեկ անդամ էլ դարձել է Հայաստանի չեմպիոնը: Սրանով էլ պայմանավորված երկար ժամանակ նույն մարդիկ են մնացել թիմում: Ամեն դեպքում, երբ անհաջողություններ են լինում, ինչ-որ բան փոխվում է, իսկ մեզ մոտ առնվազն 10 տարի նույն վիճակն է:

Ֆեդերացիայում պետք է լինեն շախմատին մոտ կանգնած մարդիկ


-Նախկինում ասում էին, որ Սերժ Սարգսյանը զբաղվածության պատճառով չի հաճախ լինում ֆեդերացիայում: Հիմա փոխվե՞լ է իրավիճակը:

-Դե, հիմնականում Սմբատ Լպուտյանն է լինում, բայց վերջերս (մարտին, խմբ.) Սարգսյանը Հայաստանի առաջնության փակմանն էր մասնակցում: Ես գրոսմայստերների խորհուրդն եմ ղեկավարում, հավաքվում ենք, քննարկումներ ունենում, չնայած վիրուսի պատճառով դրանք ոչ հաճախ են լինում: Մենք խորհուրդներ ենք տալիս, իսկ որոշումը կայացնում է ֆեդերացիան:

-Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայում աշխատելաոճի, մոտեցումների առումով փոփոխությունների կարիք կա՞:

-Իհարկե կա, ավելի լավ միշտ էլ կարելի է աշխատել: Ֆեդերացիայի նախագահության անդամների թիվը 21 է, հարկավոր է կրճատել գոնե 10-11-ի, մանավանդ, որ մի մասը չի էլ մասնակցում նիստերին:  

-Ինչո՞ւ չեն մասնակցում:

-Նրանց մի մասը նախարարներ էին, չէին հասցնում: Կարծում եմ, որ այնտեղ պետք է լինեն շախմատին մոտ կանգնած ու այս մարզաձեւի զարգացմամբ շահագրգռված մարդիկ:
 

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Վահանյան, ճի՞շտ տպավորություն ունեմ, որ ֆեդերացիայի տարած աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեն:

-Հիմա գրեթե ոչ մի բան չի արվում, բայց կարելի է հասկանալ՝ կորոնավիրուսն է պատճառը:

-Միայն դա՞: Զրույցի սկզբում նշեցիք, որ 2012-ից հետո մենք լուրջ հաջողություն չենք գրանցել, այնինչ հիվանդությունը կա 2020-ից:

-Դա պատճառներից մեկն է: Ֆեդերացիան, իսկապես, մեծ գործ է արել, բայց հետո պետք է փոփոխություններ լինեին, քարացած վիճակ է, ճկունություն չկա:

Քաղաքականացված ֆեդերացիաների անհամաձայնությունը


-Պարոն Վահանյան, շախմատիստների մի մասը նշում է, որ 2018-ից հետո պետության վերաբերմունքը շախմատի նկատմամբ փոխվել է ու չկա առաջվա ուշադրությունը: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Ես այդպես չէի ասի: Պետությունը տարբեր մարզաձեւերի չեմպիոններին ու մեդալակիրներին մշտական թոշակ է նշանակել, իսկ դա մեծ բան է: Այժմ Երեւան քաղաքի ֆեդերացիայի նախագահը «Իմ քայլից» է, ուզում էր ֆինանսներ հայթհայթել, որպեսզի երեխաները մարզիչների հետ մրցաշարերի մեկնեին, մարզումներ կազմակերպեին: Կարծում եմ, որ սա լավ միտք է:

-Իսկ դա պարզապես լավ մի՞տք է, թե՞ արդեն կյանքի է կոչվել:

-Նա ծրագիր ուներ, բայց հաստատ չգիտեմ արվե՞լ է, թե ոչ:

-Քանի որ խոսեցիք Երեւանի ֆեդերացիայից, անցնենք այնտեղ կայացած փոփոխություններին: Նախագահ ընտրվեց իշխանության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը, շախմատիստների մեծ մասը հայտարարեց, որ տեղյակ չեն եղել այս ընտրությունից: Դուք որպես Երեւանի ֆեդերացիայի նախագահության անդամ, ի՞նչ կարծիք ունեք:

-Ես մասնակցել եմ նախագահի ընտրությանը, հիմնականում կազմակերպիչը եղել է ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը: Նախկին նախագահ Տարոն Մարգարյանն արդեն չէր էլ աշխատում: Կարծում եմ, որ ընտրությունը վատը չէր: Գտնում եմ, որ Հայրապետյանն արժանի մարդ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ինչո՞ւ Հայաստանի ֆեդերացիայի հետ տարաձայնություններ առաջացան:

-Ես կողմնակից եմ, որ այս կառույցները միասին աշխատեն, լավ հարաբերություններ ունենան, իմ կարծիքով դա ուզում է նաեւ Հայրապետյանը: Շախմատիստները երեւի մտածում էին, որ քաղաքի ֆեդերացիայի փոփոխությունը կվնասի Սմբատ Լպուտյանին կամ Սերժ Սարգսյանին, բայց որքանով տեղյակ եմ նման հարց չի բարձրացվել: Ցավալի է, բայց արդյունքում տուժում է շախմատը:

-Ո՞ր կողմը չի ցանկանում հաշտության եզրեր գտնել:

-Ինձ թվում է Հայաստանի ֆեդերացիան:

-Ինչո՞ւ, որովհետեւ չե՞ն պատկերացնում ՀՀԿ-Իմ քայլ համատեղ աշխատանք:

-Երեւի այդպես է ստացվում, երկու կողմն էլ քաղաքականացնում է: Նորերն ասում են հներն են, հները չեն ընդունում նորերին: Համերաշխություն է պետք: Իրականում շախմատիստները ծանր մարդիկ են, ես ԽՍՀՄ ֆեդերացիաների հետ եմ գործ ունեցել, որտեղ եւս միշտ իրար դեմ էին ու կիսվում էին տարբեր ճակատների:

-Ի՞նչ անենք, որ շախմատը դուրս գա այս վիճակից:

-Հիմա երկրի ընդհանուր վիճակն է վատ: Առաջին հերթին պետք է հանրապետությունը հանել ծանր դրությունից, հետո մտածենք սպորտի մասին: Երիտասարդության մի ողջ սերունդ կորցրինք, սա չափազանց ցավոտ է: Պետք է դիմանանք, ավելի խելամիտ լինենք, առաջ նայենք ու առաջ գնանք բոլոր բնագավառներում:


Երիտասարդների զարգացումն ու մեծ մրցաշարեր չանցկացնելը

-Խոսեցինք երիտասարդներից, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում: Ինչպիսի՞ սերունդ ունենք հիմա:

-Ես Հայկ Մարտիրոսյանից ավելի շատ բան էի սպասում, չնայած այնպես չէ, որ հիմա հույսս մարել է: Նա ունակ շախմատիստ է, ուղղակի վերջին ընթացքում մի տեսակ մարեց: Նրա ու մեր մյուս երիտասարդների խնդիրը միշտ էլ եղել է հնարավորությունների պակասը: Տեսեք, նույն Ադրբեջանում ֆանտաստիկ մրցումներ են անցկացնում, նրանց շախմատիստները շփվում են Կրամնիկի, Անանդի, Կարլսենի կամ այլ մեծության հետ, իսկ մեր երիտասարդները նման հնարավորություն չեն ստանում:

-Ինչո՞ւ շախմատային գերհզոր երկիր համարվող Հայաստանը չի կազմակերպում նման մրցաշարեր:

-Չգիտեմ, գուցե ֆինանսների հետ է կապված: Մենք վաղուց միջազգային մրցաշար չենք անցկացրել, եղածներն էլ սովորական օփեններ են եղել: Իսկ թոփ մակարդակի միջոցառում մենք չենք անում:

-Արդյոք միայն գումա՞րն է այս ամենի պատճառը:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Երեւի ցանկություն էլ չկա: Ֆեդերացիան շատ բան արել է շախմատիստների համար, բայց փաստն այն է, որ խոշորագույն մրցաշարեր չկան: Շախմատում մրցաշարը միայն պարտիան չէ, դրանից հետո մրցակիցներով քննարկում են անում, նայում դիրքերը, վերլուծում, նոր բաներ սովորում: Արտերկրում էլ մերոնք հիմնականում հասարակ օփեն-մրցաշարերում են հանդես գալիս, որտեղ հարյուրավոր մասնակիցներ կան: Այնտեղ հնարավոր չէ այդ շփումն ապահովել:

-Ի՞նչ պետք է արվի, որպեսզի երիտասարդները չդոփեն տեղում, այլ դուրս գան համաշխարհային մակարդակի:

-Հարկավոր է մեծ թափով զարգացնել, ուժեղ շախմատիստների հետ խաղալու հնարավորություն ստեղծել: Նույն Հայկ Մարտիրոսյանի հետ չարեցին այն, ինչ պարտավոր էին:

Նրա հետ պետք է լավ մարզիչ աշխատեր, ես առաջարկեցի Յոզեֆ Դորֆմանի թեկնածությունը: Ես Դորֆմանի հետ խաղացել եմ, միասին շատ էինք քննարկումներ անում, շատ ուժեղ մասնագետ է: Նա երբ ծանոթանար Հայկի հետ, տեսներ նրա մարդկային ու շախմատային բարձր հատկանիշները, մեծ հաճույքով կաշխատեր հետը: Կարծեմ հենց Լպուտյանն էր, որ ասաց, թե շատ թանկ կարժենա, բայց դա պատճառ չէ: Առանց ներդրման արդյունքի չենք հասնի:

Համաշխարհային խնդիրներն ու ավանդույթները վերականգնելու ժամանակը

-Եկեք խոսենք շախմատի ընդհանուր վիճակից, որը ողջ աշխարհում այսօր դժվար օրեր է ապրում: Մեկ տարուց ավել է մրցաշարեր չեն անցկացվում, միայն առցանց տարբեր հանդիպումներ են լինում:

- Ցավոք, բայց ուժեղագույն 10-15 հոգուց բացի մյուսները պրակտիկորեն գումար չեն վաստակում, օփենում 1-ին տեղ գրավածն է գումար ստանում, 2-15-րդ տեղերն իրենց ծախսն են հետ բերում, մյուսները մնում են ձեռնունայն: Սա պարզապես խայտառակություն է, հիմա էլ օնլայն շախմատն է ի հայտ եկել, որի առկայությունը ես չեմ ընդունում:


-Ինչո՞ւ չեք ընդունում այս ձեւաչափը:

-Սա շատ վատ բան է, նույնիսկ չգիտես դիմացինդ արդա՞ր է գործում: Գերխոշոր օնլայն մրցաշարերն էլ աբսուրդ է ուղղակի, Մագնուս Կարլսենը մի քանի հոգի է հավաքում, մրցում կազմակերպում, վերջում էլ ինքը հաղթող դառնում ու վերջ: Երբ կամաց-կամաց մրցաշարերը վերսկսվեն, այս օնլայնը վաղ թե ուշ կվերանա:

-Ընդհանրապես, այսօր շախմատը մի տեսակ ասոցացվում է միայն համակարգչի հետ, բոլորը ծրագրերով են սովորում, կազմակերպում իրենց պարտիաները:

-Այսօր ով լավ հիշողություն ունի, առավելությունը նրա կողմից է: Ծրագիրն ասում է քայլերի հերթականությունը, պարզապես հարկավոր է դրանք մտապահել: Նախկինում շախմատիստները սխեմայով էին մտածում, մի քանի քայլից հետո արդեն տարբեր գաղափարներ էին գալիս՝ դու էիր, մրցակիցդ ու խաղատախտակը, մտածիր ու ստեղծագործիր:

Աշխարհի 2-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը դեռ 1920-ականներին ասել է, որ շախմատում ամենաանհետաքրքիրն այն է, երբ երկուսն էլ ճիշտ են խաղում, քանի որ դա բերում է ոչ-ոքիի: Սա այսօրվա շախմատն է, քանի որ համակարգիչն այսպես ասած սխալ քայլեր չի ընդունում: Հանճարեղ Տալի պարտիաները համակարգչով նայելով ստացվում է, որ բոլոր քայլերը սխալ են, բայց շախմատն ավտոմատացված չէ, դու հաշվի ես առնում հոգեբանությունը, մրցակցին, ժամանակը, բլեֆի ես դիմում, սա է գեղեցկացնում շախմատը: Ցավոք, բայց ստեղծագործական շախմատը վերանալու ճանապարհին է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Վահանյան, ամփոփելով զրույցը՝ կցանկանայի, որպեսզի Դուք նշեք այն առաջնահերթ կետերը, որոնք կատարելու դեպքում մենք կրկին կկարողանանք ունենալ հաջողություններ:

-Նախ վերակազմակերպվել է պետք, փոխել նախագահության կազմը, ֆեդերացիայում նոր մարդիկ են հարկավոր: Զբաղվել երիտասարդ տաղանդներով, ոչ թե սպասել, թե ով նրանցից կդառնա Լեւոն Արոնյան ու նոր ուշադրություն դարձնել, սա սխալ մոտեցում է:

Ժամանակին ես իմ որոշմամբ դուրս եկա հավաքականից, որովհետեւ մտածեցի, որ արդեն երիտասարդները պետք է խաղան: Ինձնից հետո թիմ եկան Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը ու հաջողություն եղավ: Ցավոք, ինձնից հետո ոչ մեկն այդպես չվարվեց, մնացին թիմում մինչեւ վերջ, այնինչ պետք է զգաս, երբ է եկել հեռանալու ժամանակը ու ճանապարհ բացես երիտասարդների համար:

Թարմացումներից հետո 1-2 տարի հաջողություն հնարավոր է եւ չլինի, բայց հաստատ այն կգա: Ժամանակն է գոնե հիմա հաշվի առնել այս ամենը: Բոլորս էլ ուզում ենք, որ շախմատը Հայաստանում նախկին դիրքերին վերադառնա: Այն, ինչ եղավ Տիգրան Պետրոսյանից հետո, պետք է վերականգնենք ու պահենք:

Ռաֆայել Վահանյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին