Դեկտեմբեր 21, 2024
exclusive
3144 դիտում

Գաբրիել Սարգսյան. Շախմատային ոսկե սերունդ ունենք, որը 20 տարվա ընթացքում չի եղել


Լուսանկարը` Man Island

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com

Լուսանկարը` batumi2018.fide.com

Լուսանկարը` tsaghkadzor2015.fide

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` European Team Chess Championship

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` tsaghkadzor2015.fide

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատը որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ մարզաձեւ է: Հաջողությունները, առավել եւս թիմայինները, շատ գործոններից են կախված: Mediamax Sport-ն իր հոդվածաշարում շարունակում է զրուցել անվանի հայ գրոսմայստերների ու մասնագետների հետ եւ բացահայտել շախմատի առեղծվածային աշխարհը:

Այս անգամ մեզ դրանում կօգնի գրոսմայստեր, Օլիմպիադաների եռակի ու Աշխարհի թիմային չեմպիոն, 2008 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը:

Քիչ խնդիրներն ու տաղանդավոր սերունդը

Գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի խաղացող ու արդեն մարզիչ Գաբրիել Սարգսյանն շախմատային այդքան էլ շատ խնդիրներ չի տեսնում ու գտնում է, որ դրանք մի քիչ արհեստականորեն են ուռճացված:

«Առանձնապես խնդիրներ չեմ տեսնում պրոֆեսիոնալ շախմատում, քանի որ մասսայականում փոփոխություններ շատ են եղել ու դեռ կատարվում են: Եթե Լեւոնի հեռանալը չհաշվենք, ինչն, իհարկե, մեծ կորուստ է, շատ մեծ բացեր չկան: Երիտասարդ շախմատիստների առումով հիմա ամենալավ վիճակում ենք գտնվում, այսքան լավ եղել ենք մեկ էլ 2000-ականներին: Հենց դրա արդյունքում էլ ունեցանք թիմային մեծ հաջողություններ, որոնք սկսվեցին 2006-ին Օլիմպիադայի չեմպիոն դառնալով: Հիմա մենք ոսկե սերունդ ունենք, որը 20 տարվա ընթացքում չի եղել»:

Լուսանկարը` FIDE


Սարգսյանը շատ կարեւոր է համարում նման տաղանդների ի հայտ բերելն ու նրանց հետ հետեւողական աշխատելը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր մեծ արդյունքներ ակնկալել: Նա ուրախ է, որ այդքան մեծ քանակությամբ լավ խաղացողներ կան 17, 19 եւ 20-22 տարիքային խմբում:

«Մինչ այդ մեր սերնդի շախմատիստները՝ Լեւոնը, ես, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանն էինք ուժեղ: Դրանից հետո առանձին լավ խաղացողներ էլի կային, բայց նրանց պոտենցիալն այսքան մեծ ու քանակը շատ չի եղել, ինչպես հիմա է: Այս սերունդն, իսկապես, շատ ուժեղ է, եւ ես իրենց հետ մեծ հույսեր եմ կապում: Կարող ենք ակնկալել, որ մեզ ապագայում էլի հաջողություններ են սպասվում»:

Սակայն Սարգսյանը հիանալի է հասկանում, որ թիմային մրցաշարերում չափազանց բարդ է լինելու պայքարել ուժեղ հավաքականների դեմ: Որպես օրինակ ռուսներին է նշում, որոնք վերջին անգամ 2002 թվականին են կարողացել Օլիմպիադայի չեմպիոն դառնալ, թեեւ ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակում մշտապես մի քանի խաղացող են ունենում:

«Հաջողության հասնելն իրականում բարդ է ու շատ գործոններից է կախված: Մենք 2024 թ. սկսած ունենալու ենք բավական ուժեղ թիմ, որը բոլոր մրցաշարերում պայքարելու է բարձր տեղերի համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարգսյանը որպես Հայաստանի շախմատային հաջողությունների անմիջական մասնակից ու կերտող՝ 3 անգամ դարձել է Օլիմպիադաների ու թիմային Աշխարհի առաջնության չեմպիոն, հիշում է, թե ինչպես են իրենց տրվել այդ ձեռքբերումները:

«Դժվար է ասել, թե ինչը նպաստեց, որ մենք այդքան թիմային հաջողություններ ունեցանք: Մի քանի հանգամանքներ օգնեցին, նախ մեր սերունդը մեծացավ ու, միանալով ավելի փորձառու խաղացողներին, նոր շունչ տվեց հավաքականին: Այդ ամենը եղավ երիտասարդության ու փորձի շնորհիվ: Ամենակարեւորն այն էր, որ մթնոլորտը շատ լավն էր, ֆեդերացիայի նախագահից էլ էր դա կախված: Բոլոր մրցաշարերում շատ դրական է այն եղել ու հիմա էլ այդպիսին է մնացել: Դրա համար եմ նաեւ ասում, որ խնդիրներն արհեստական են, եթե դրանք լինեին, ես առաջինը կբարձրաձայնեի»:

Երիտասարդների հետ աշխատանքը

Գաբրիել Սարգսյանը գործող շախմատիստ լինելով՝ նաեւ երիտասարդներ հետ է աշխատում: Նրա սաների թվում հենց այն տաղանդավոր խաղացողներն են, որոնց հետ ապագայում մեծ հույսեր են կապում: Նրանք են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը:  


Գրոսմայստերը խոստովանում է, որ թեեւ ինքն է նրանց մարզիչը, բայց տղաներն էլ իրեն են շատ օգնում: Նրանք այնքան ուժեղ շախմատիստներ են, որ Սարգսյանի համար սպարինգ-մրցակիցների դերում են հանդես գալիս:

«Քանի որ ես շարունակում եմ հավաքականում խաղալ, օգնում են մարզավիճակում մնալ, նրանց հետ աշխատելն ինձ համար էլ կարեւոր է: Երիտասարդ են, անընդհատ նոր ու թարմ մտքեր ունեն, իսկ շախմատը շուտ է փոփոխվում: Շախմատի մեթոդիկայում շատ բան արդեն ուրիշ է, համակարգիչներից կախվածությունն է մեծացել: Արդեն հատուկ սերվերների միջոցով ենք աշխատանք տանում, եւ պրոֆեսիոնալ շախմատիստների համար պարապելը բավականին թանկ է դարձել: Մեծ ծախսեր են բացվել, դրանք տարբեր ձեւերով ենք հոգում: Փորձում ենք այնպես անել, որ  որոշ չափով երիտասարդների համար այդ տեսանկյունից ֆինանսավորվի: Մենք, բնականաբար, գումար աշխատում ենք, մի մասը հատկացնում ենք այդ ծախսերին»:

Լեւոն Արոնյան

Ինչպես մեր բոլոր զրուցակիցների, Գաբրիել Սարգսյանի հետ եւս Լեւոն Արոնյանի հեռանալու թեման շրջանցել չի ստացվում: Նա Արոնյանի հետ երկար տարիներ խաղացել է հավաքականում ու ընկերություն արել:

Լուսանկարը` batumi2018.fide.com


«Իհարկե, շատ դժվար է լինելու մեզ համար, միայն հավաքականի հարցը չէ, Լեւոնի հեռանալը շատ ծանր է՝ առաջին հերթին հենց իր համար: Քանի որ նա շատ հայրենասեր է ու նվիրված մեր հավաքականին, եթե նվիրված չլիներ, այդքան հաջողություններ չէինք ունենա: Շատ դեպքերում իր համար կարեւոր մրցաշարերից հրաժարվել է, որ հավաքականի խաղերին լավ մարզավիճակում լինի: Նա սովորաբար գերմրցաշարերի է մասնակցում, որոնցում անկախ զբաղեցրած տեղից գումարը նախապես են տալիս: Նա նաեւ այդ գումարներից է հրաժարվել:

Այդ առումով մեծ կորուստ է, ինձ համար էլ դժվար է, միասին ենք մեծացել: Երիտասարդ տարիքում երազանք ենք ունեցել հանդես գալ Հայաստանի հավաքականում, ու դա առաջ գնալու խթան է եղել մեզ համար»:

Սարգսյանը չի թաքցնում, որ տխրել է ընկերոջ կայացրած որոշման համար, սակայն նաեւ այն եզակիներից է, որ հավատում է՝ Արոնյանը միեւնույն է վերադառնալու է:

Արոնյանի բացակայությամբ հենց Սարգսյանն է դառնալու Հայաստանի ընտրանու առաջատարը, որպես ամենափորձառու ու տիտղոսակիր խաղացողներից մեկը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը:


«Կաշխատեմ հնարավորինն անել, վերջն տարիներին արդեն 2-րդ տախտակի վրա էի խաղում: Իրականում շատ ուժեղ թիմերի դեմ պայքարում 1-ին ու 2-րդ տախտակների միջեւ տարբերությունն այդքան էլ մեծ չէ, օրինակ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի: Տարբերություն լինում է ոչ շախմատային հավաքականների պարագայում, իրենք սովորաբար ընդամենը մեկ ուժեղ խաղացող են ունենում»:

Վերափոխված հավաքականը

Սարգսյանը գտնում է, որ հիմա պետք է փորձեն հավաքականի խաղն այլ տարբերակով կառուցել, ինչպես արել են 2000-ականներին, երբ Արոնյանն այդքան ուժեղ չէր եւ, բնականաբար, չէր կարողանում շատ միավորներ վաստակել: Շախմատիստի խոսքով, այն ժամանակ բոլորն էլ գիտեին, որ ամեն մեկը պետք է շատ լավ խաղա:

«Իրականում թիմային մարզաձեւերում, երբ մի խաղացողը շատ ուժեղ է լինում, դա հոգեբանական առումով այդքան էլ լավ չէ, քանի որ մյուսներն իրենց հույսը նրա վրա են դնում: Մեր ֆուտբոլի հավաքականում էլ վերջերս դա շատ է զգացվում: Երբ Հենոն խաղում է, թիմն ավելի կաշկանդված է գործում՝ մտածելով, որ նա մի բան կանի: Վերջին տարիներին շախմատի հավաքականում էլ այդ խնդիրը կար, քանի որ Լեւոնը շատ ուժեղ էր: Հիմա հոգեբանորեն այդ պահը կփոխվի, բոլորն իրենց առաջատար կզգան ու դրական տեղաշարժ կլինի: Ամեն իրավիճակ իր լավ կողմն ունի, սա շանս է երիտասարդների համար, որ փորձեն իրենց ներուժը ցույց տալ ու ապացուցել՝ արժանի են հավաքականում խաղալ»:

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com


Սարգսյանը չի էլ ցանկանում պատկերացնել, որ մի օր Արոնյանի դեմ կխաղա: Հիշում է Վարուժան Հակոբյանի դեմ պարտիան, թեեւ այն ոչ-ոքի է ավարտվել, սակայն այդ դիմակայությունից այդքան էլ լավ տպավորություններ չեն մնացել, չափազանց դժվար էր մրցել ընկերոջ հետ:

Սարգսյանը արդեն երկար տարիներ է թիմային շախմատիստ է ու բացատրում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել ինքն ու իր խաղը:

«Սկզբում հավաքականում ընդգրկվելը երազանք է լինում: 12-13 տարեկանում մտածում ես՝ ինչպե՞ս է հնարավոր ընդգրկվել մի թիմում, երբ այնտեղ են խաղում Վլադիմիր Հակոբյանի ու Սմբատ Լպուտյանի պես շախմատիստներ: 2004 թվականի Օլիմպիադայում 3-րդ տեղ գրավեցինք, իսկ Ուկրաինան չեմպիոն հռչակվեց, մինչ այդ բոլոր թիմային մրցաշարերում ռուսներն էին հաղթում: Բեմում կանգնած մտածեցի, եթե ուկրաինացիները կարողացել են չեմպիոն հռչակվել, ուրեմն մյուսի ժամանակ էլ մենք պետք է դառնանք: Այդպես էլ եղավ՝ 2006-ին շատ ուժեղ խաղացինք ու հեշտությամբ 1-ինը դարձանք:

Երբ առաջին անգամ չեմպիոն հռչակվեցինք, շատ բան փոխվեց, իհարկե, ցանկությունն էլ այն չէր, բայց մյուս կողմից եկավ հաղթողի հոգեբանությունը, ինչը սպորտում եւս շատ կարեւոր է: Մրցակիցները սկսեցին վախենալ մեր հավաքականից»:  


Մարզչի տեսլականը

Սարգսյանը մշտապես թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ կապի մեջ է, ու երբ Արոնյանի հեռանալուց հետո հավաքականում մեկ ազատ տեղ մնաց, հենց նա որոշեց, թե ինչ սկզբունքով այն լրացնել: Ընտրվեց գործակցով ամենաբարձր խաղացողը, լավագույն ցուցանիշն ուներ Ռոբերտ Հովհաննիսյանը:

«Պետրոսյանը շատ դրական, պոզիտիվ մարդ է, ինչը շատ կարեւոր է մարզչի համար, իր լավատեսությունը մեզ է փոխանցում»:

Այս հավաքականում կլինեն նաեւ Սարգսյանը, նրան կհաջորդեն Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը եւ ընտրական մրցաշարում հաղթած Հայկ Մարտիրոսյանը:

«Հետաքրքիր հավաքական է ձեւավորվել, որտեղ կան եւ փորձառուներ, եւ երիտասարդներ: Գլոբալ առումով դրա համար էլ տղամարդկանց շախմատում խնդիրներ չեմ տեսնում: Էլի լավ շախմատիստներ ունենք՝ Մանուելն ու Շանթն են համարվում հավակնորդ, նրանք էլ են մրցակցում տեղի համար:

Մեզ համար էլ դա լավ է, մի քանի տարի առաջ նման մրցակցություն չկար: Այնպես է, որ եթե ես էլ վատ խաղամ, ինձ նույնպես կփոխարինեն: Հիմա ուժեղները 1 կամ 2 հոգ չեն, շատ են: Մամիկոն Ղարիբյանը 17 տարեկան է, նա շատ տաղանդավոր է ու եթե շարունակի աշխատել, կուժեղանա եւ շուտով հավաքականի խաղացող կդառնա»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կորոնավիրուսի հետեւանքները

Սարգսյանը համարում է, որ 2020-ը ոչ միայն սպորտի համար էր ծանր տարի, բոլոր բնագավառներն էլ իրենց վրա զգացել դրա հետեւանքները: 1 տարի առհասարակ ոչ մի տեսակի մրցումներ չեն եղել, ու եթե շախմատի համար այդ ժամանակահատվածն այնքան էլ մեծ չի համարում, ապա որոշ ձեւերում նմանատիպ դադարը կարող է ճակատագրական լինել:

«Իհարկե, ամեն ինչ շատ վատ էր, ավելի վատ բան սպորտի հետ չէր կարող լինել: Բայց ես տղաների հետ որոշեցի, որ ամեն դեպքում պետք է փորձեն խաղալ, քանի որ ժամանակն անցնում է, իսկ իրենք շատ արագ են փոխվում ու անընդհատ աճում: Առանց մրցաշարերի հնարավոր չէ ստուգել, թե որքանով են արդյունավետ մարզումներն ու արդյոք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում»:

Երբ ոչ այդքան թույլ մրցաշարեր են վերջապես անցկացնել, տղաները մասնակցել են: Այս տարի Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է ապահովել Բելգրադի մրցաշարում, Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանն էլ Նովի Սադում են ելույթ ունեցել:

Երիտասարդները

Վերջերս մի խումբ շախմատիստներ Լեւոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի գլխավորությամբ հանդիպել են շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ: Ըստ գրոսմայստերի՝ այդ հանդիպումն իրենց համար կարեւոր էր, որպեսզի հասկանան հետագայում ինչ անել:


«Լեւոնը հիմա էլ անընդհատ մեր շախմատիստների հետ շփվում է ու օգնում, ինչպես միշտ է արել: Երիտասարդների հետ է պարապում եւ խորհուրդներ տալիս: Ընդհանուր զրույց էր, որի ընթացքում Լեւոնը խոսեց ու երիտասարդների հետ իր պատկերացումներով կիսվեց: Ներկայացրեց, թե շախմատն որքան արագ է փոխվում ու ինչպես են մեծ խաղացողները պարապում»:

Սարգսյանը նշում է, որ երիտասարդ խաղացողները լավ մարդիկ են ու ուժեղ անհատականություններ, չնայած տարիքային մեր տարբերությանը՝ ընկերական հարաբերություններ ունեն:

«Հույս ունեմ մեր ասածները լսում են ու հետեւում խորհուրդներին: Իրականում մենք էլ իրենցից ենք շատ բան սովորում, այնպես չէ, որ միայն տալիս ենք: Երիտասարդներից խթան ենք ստանում, իրենք էներգիա շատ ունեն, հետաքրքիր են, շախմատ պարապելու յուրահատուկ ոճ ունեն:

Երբ արդեն ինքդ որոշակի ճանապարհ ես անցած լինում, ամեն երիտասարդ խաղացողի մեջ քեզնից ինչ-որ բաներ ես տեսնում, քեզ համեմատում ես իրենց հետ եւ զգում, թե ինչքան ես փոխվել: Ամեն դեպքում մեր սխալները գիտենք ու պետք է փորձենք այնպես անել, որ տղաները չանեն»:

Սարգսյանն ընդգծում է, որ մեծ հաջողությունների դեպքում առաջին հերթին մարզչին են նշում, բայց նրա կարծիքով, ամենակարեւորը հենց մարզիկն է, եթե նա կամքն ու աշխատասիրությունը չունեցավ, ոչնչի էլ չի հասնի:

Լուսանկարը` tsaghkadzor2015.fide


Այսօրվա շախմատը

Շախմատային բոլոր կարեւոր թիմային մրցաշարերը 2020 թվականին չկայացան: Համաշխարհային Օլիմպիադան տեղափոխվեց 2022 թվական: Հիմա ՖԻԴԵ-ն պատվաստումներով պայմանավորված ցանկանում է վերսկսել մրցումները:

«Հույս ունեմ, որ աշնանն արդեն բոլոր մրցաշարերը բաց կլինեն ու կսկսենք մասնակցել: 2020-ին անընդհատ պարապել ենք, պետք է ելույթ ունենանք, որ տեսնենք մեր պատրաստվածությունը: 2022-ին էլ Օլիմպիադայում պետք է փորձենք մեր ուժերը, որպես թիմ հանդես գանք, հասկանանք մեր պոտենցիալը:

Հույս ունեմ, որ այս տարի Եվրոպայի թիմային առաջնությունը կլինի, հավաքականը կխաղա, մեզ համար էլ է հետաքրքիր, թե առանց Լեւոնի այս կազմով ինչ կարող ենք անել: Սկզբում արդյունքներն երեւի թե այդքան էլ գոհացնող չեն լինի, բայց հետո հետ կբերենք: Ամեն դեպքում սերնդափոխություն է տեղի ունենում, ինչը լավ է»:  

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին