Դեկտեմբեր 21, 2024
exclusive
1398 դիտում

Շախմատում առկա խնդիրներն ու լուծման տարբերակները. Տիգրան Պետրոսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հայաստանի ամենափորձառու ու տիտղոսակիր շախմատիստներից է:

Mediamax Sport-ը շախմատին նվիրված իր շարքում այս անգամ զրուցել է Պետրոսյանի հետ:

Հայկական շախմատում առկա խնդիրները նա բաժանում է մի քանի մասի՝ շախմատային, կազմակերպչական եւ ֆինանսական:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասնավոր ներդրողի հեռացումը շախմատից

Գաղտնիք չէ, որ 2018 թվականից առաջ ֆեդերացիայի ֆինանսավորումը բարձր էր, ներդրվող գումարը հիմնականում ոչ պետական աղբյուրներից էր: Հիմա մասնավոր սեկտորի ներգրավվածությունն այլեւս չկա: Եթե նախկինում գործարարն ազատ էր ու, թեկուզ իր շահերից ելնելով, ֆինանսավորում էր, այսօր դա չկա: Ֆեդերացիան գումարներ ստանում է միայն պետական բյուջեից:

Բնական է, որ գումարի պակասելն առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ: Օրինակ, նախկինում կազմակերպվում էին Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Ջերմուկի մրցաշարը կամ Երեւան օփենը, ժամանակ առ ժամանակ Եվրոպայի առաջնություններ էին լինում Հայաստանում:

Շախմատիստներին մրցաշարեր մեկնելու համար գումար էր հատկացվում, երեխաներն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն էին ուղարկվում: Հիմա, այս ամենը չկա:

Բյուրոկրատական համակարգից մինչեւ նախագահի «թաքուն» ընտրություն

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆեդերացիան ու Երեւանի ֆեդերացիան իմ պատկերացմամբ պետք է ներդաշնակ լինեն ու միասին աշխատեն:

Սակայն Երեւանի նախագահը փոխվեց, ինչը շախմատային հանրության կողմից չընդունվեց: Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ այդ կառույցի ղեկավարության հետ, բայց դա ուղղակի մի տեսակ թաքուն արվեց, ներքին հանդիպումների ու պայմանավորվածությունների ժամանակ: Ես ոչինչ չեմ իմացել, այդ ժամանակ ԱՄՆ-ում էի, բայց կարելի էր գոնե տեղյակ պահել: Գիտեմ, որ այդ փոփոխությունների մասին իմացել են շատ քիչ թվով մարդիկ:

Հայաստանի ֆեդերացիան էլ սկզբից բավական լուրջ հակասություններ ուներ, բայց հետագայում որքանով հասկացա որոշ չափով սկսել են աշխատել իրար հետ:

Հայաստանի ֆեդերացիայում էլ այնպես չէ, որ ամեն ինչ կատարյալ է: Ղեկավարության, հանձնաժողովների ու շախմատիստների միջեւ եղած կապում բացեր կան:


Շախմատիստները տարբեր հարցերով դիմում են հանձնաժողովներից մեկին: Այնտեղ քննարկում է տեղի ունենում, որից հետո դիմում են ֆեդերացիային, վերջինիս նախագահությունը քննարկում է ու կայացնում որոշում: Բայց այս ամեն ինչը շատ-շատ դանդաղ է ընթանում, ձգձգվում է ու այսօրվա ակտուալ հարցը լուծվում է ստանում կես տարում: Օրինակ՝ Հայաստանի հավաքականի կազմի ընտրության հարցով գրոսմայստերներով արագ հավաքվում ենք ու առաջարկ անում ֆեդերացիային: Այն պետք է նիստ անի, քվորում ապահովվի, բոլորը հավաքվեն, իսկ արդյունքում այդ հարցն ամիսներ շարունակ մնում է օդում կածված:

Դա միգուցե ղեկավարության խնդիրն է, նախագահի կամ տեղակալների, մյուս օղակների: Չգիտեմ՝ իրենցից կոնկրետ ով է թերանում, բայց միանշանակ խնդիրն այնտեղ է: Մոտ 10 տարի այս ամենը կա, բայց վերջերս ավելի է շատացել:

Գլոբալ հարցերի մեծ մասը որոշում է Սմբատ Լպուտյանը, հարցեր կան, որոնք, բնականաբար, կքննարկի ֆեդերացիայի նախագահի հետ, բայց կան նաեւ բաներ, որոնցով զբաղվելու լիազորությունն իրեն է տրված:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի տանն այլեւս չհավաքվելն ու ակտիվ տեսակ լինելը

Ինձ համար գլխավորը շախմատի ու շախմատիստների շահն է, իսկ թե ֆեդերացիայից ցանացած մեկը ինչպես կնայի խոսքերիս, երկրորդական է: Բոլորն էլ ինձ լավ ճանաչում են ու գիտեն, որ ես ճիշտն եմ ասում ու լավ բանի համար եմ պայքարում:

Ցավոք, բայց շախմատիստների մեծ մասը ժողովների ժամանակ հիմնականում լռում է ու համակերպվում: Հարցերը պետք է լուծվեն միայն այն դեպքում, եթե բոլորը խոսեն:


Հիմա ես 80 տոկոսով թողել եմ ակտիվ շախմատիստի կարիերաս, հիմնականում մարզչություն եմ անում, բայց շարունակում եմ ներկա լինել քննարկումներին, կարծիք եմ հայտնում, փորձում գտնել լուծումներ: Ես շատ եմ ասել ու հիմա էլ երիտասարդներին անընդհատ կրկնում եմ, որ նրանք պետք է ակտիվ լինեն, որովհետեւ թեկուզ առաջին հայացքից իրենց չվերաբերվող հարցը մի օր իրենցն է դառնալու:

Ուզում եմ բոլորս էլ լավ աշխատենք, որպեսզի հաջորդ սերունդը չանցնի այս ամենի միջով, ամեն բան արդար լինի ու հնարավորություններ ստեղծվեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախկինում ցանկացած պահի կարող էիր գնալ Շախմատի տուն, այգում կամ բուֆետում քննարկումների մասնակցել, բլից խաղալ: Նախկինում շատ էինք նման բաներ անում, հիմա ընդհանրապես ոչ: Հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ուզում գալ Շախմատի տուն, որովհետեւ շատերը միմյանց հետ լարված հարաբերություններ ունեն, մթնոլորտը նախկինի պես կատարյալ չէ:

Երիտասարդ մարզիչների աշխատանքի կարեւորությունը


Միակ անձնական դիմումը, որը հայտնել եմ ֆեդերացիային մոտ 2 տարի առաջ էր: Ասացի, որ ցանկանում եմ մարզչությամբ զբաղվել, ստեղծվեց պատանիների խումբ, որի հետ էլ ես պարապում եմ:

Հիմա պատանիների ու երիտասարդների հետ աշխատանքի բաժանում է արվել: Գաբրիել Սարգսյանն աշխատում է ամենաավագ ու ուժեղ խմբի հետ, դրանից մի խումբ ներքեւում ես եմ: Պարապում էի Արթուր Դավթյանի, Մամիկոն Ղարիբյանի ու Արմեն Բարսեղյանի հետ: Հիմա խումբը ձեւափոխվել է ու ներգրավվել են ավելի կրտսեր տարիքի տաղանդավոր տղաներ՝ Գագիկ Նավոյան, Ռոբերտ Փիլիպոսյան ու Էմին Օհանյան:

Ես տեսնում եմ, որ լավ երեխաներ կան, մեծ պոտենցիալ ունեն, պարզապես հիմա դժվար ժամանակներ են, մրցաշարեր չկան, իսկ օնլայն խաղալը ես շախմատ չեմ համարում: 1-2 տարի մրցում չխաղալը լուրջ հարված է շախմատիստի համար, ամեն դեպքում, մենք երեխաների հետ աշխատում ենք, օնլայն մրցաշարերի էլ մասնակցում են:

Դրական եմ նայում, որ երիտասարդ մարզիչներ են ընդգրկվում աշխատանքներում: Մեր սերունդն ավելի հեշտ է ինտեգրվում համակարգչային եւ օնլայն շախմատին, վստահ եմ, որ մենք ավելի շատ օգուտ կարող ենք տալ, քան ավագ սերնդի մարզիչները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց սա չի նշանակում, որ նրանք կորցնում են իրենց դերը շախմատիստի կայացման գործում: Վստահ եմ, որ զրոյական մակարդակից մինչեւ վարպետի կամ 1-ին կարգի նորմա հենց այդ մարզիչներն ավելի լավ կպարապեն, քան ես: Ամեն մեկս մեր դերում պետք է օգուտ տանք:

Հիմա մարզչական այս կարգը լավն է, բայց ամենավերեւում գտնվողները քանակով քիչ են: Գաբրիել Սարգսյանն է, Զավեն Անդրիասյանն աշխատում է կանանց հետ, ես միջին տարիքի երեխաների, անհատական մարզումներ անցկացնում է նաեւ Արման Փաշիկյանը:

Պետք է հաշվի առնենք նաեւ, որ այսօր շախմատում շատ կարեւոր է համակարգչի հետ աշխատանքը: Ծրագրերից օգտվելու համար մենք վճարում ենք սեփական միջոցներով: Չնայած ես մարզում եմ ֆեդերացիայի խումբը, բայց այդ ծրագրերից օգտվելու համար իմ հաշվից եմ վճարում:

Լեւոն Արոնյանի կորուստն ու երիտասարդների շանսը


Լեւոն Արոնյանի պես մեծագույն մարզիկի հեռանալը մեծ կորուստ է երկրի համար: Շախմատը տուժելու է միանշանակ, Լեւոնը կապ ուներ պատանիների հետ, միասին տաբեր մարզումներ են անցկացրել ու վստահ եմ, որ նրանք որոշակի մակարդակի հասնել են նաեւ Լեւոնի շնորհիվ:

Հավաքականի առումով էլ կարող եմ ասել, որ մոտակա տարիները պետք է մոռանալ լուրջ հաջողությունների մասին: Մինչեւ այս սերունդն ուժեղանա, դառնա թիմի առանցքային խաղացող, հավաքականն Օլիմպիադայում մրցանակային տեղ չի կարող գրավել, առանց Լեւոնի դա գրեթե անհնար է:

Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը կարող են դառնալ հավաքականի անդամներ, չնայած Հայկն արդեն այս տարի ապահովեց իր տեղը: Գաբրիել Սարգսյանը մոտ տարիներին դեռ կխաղա, նրա վարկանիշը բարձր է, Հրանտ Մելքումյանը նույնպես լավ է խաղում ու վարկանիշով էլ վատ տեղում չէ: Մնացած տեղերի համար հաստատ պայքար կգնա:

Բարձր մակարդակի հասած ոլորտն անտերության չպետք է մատնվի

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատը սպորտ է ու այն չպետք է խառնեն քաղաքականության հետ, մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, երկխոսեն, համագործակցեն, չխոչընդոտեն հովանավորների ներգրավվելուն ու մտածեն երկրի մասին:

Երեւանի ֆեդերացիան չգիտեմ ինչ է անում: Հիշում եմ, Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ մեծ գումարներ են ներդնելու, մրցաշարեր են կազմակերպելու: Չգիտեմ, թե համավարակն ու պատերազմն ինչքանով խանգարեցին, բայց ամեն դեպքում ոչինչ տեղի չունեցավ: Իհարկե, որոշ բաներ արվել են, բայց էական արդյունք ես չեմ տեսնում:

Այսօրվա դրությամբ շախմատը շարքային մի բան է դարձել, առաջվա նման այն այլեւս կարեւոր չէ: Չեմ կարող ասել, սա մտադրվա՞ծ է արվում, թե ոչ, չունեմ այս հարցի պատասխանը: Բայց այն, որ նախկին ուշադրությունը չկա՝ հաստատ է: Հաջողության հասած ու բարձր մակարդակի վրա գտնվող ոլորտն առնվազն պահել է պետք, բայց ոչ երբեք անտերության մատնել:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին