Նոյեմբեր 04, 2024
exclusive
42036 դիտում

Կամո Հովհաննիսյան. Ալմաթիի սարերն ինձ Հայաստանն են հիշեցնում

Լուսանկարը` FC Kairat


Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը 2018-ին տեղափոխվեց Ղազախստան ու դարձավ «Ժետիսուի» ֆուտբոլիստ, իսկ ահա 2020-ին համալրեց «Կայրաթի» շարքերը:

Mediamax Sport-ը Հովհաննիսյանի հետ զրուցել է Ղազախստանի առաջնության, սիրելի վայրերի, նոր ակումբի հետ ունեցած ծրագրերի ու Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Լուսանկարը` FC Kairat


-Կամո, նախ սկսենք «Կայրաթ»-«Ժետիսու» խաղից, որի ժամանակ «Կայրաթի» կազմում քո առաջին գոլը խփեցիր: Սպասո՞ւմ էիր, որ հանդիպումն այդպիսի ընթացք կունենա քեզ համար:

-Մենք անհամբերությամբ սպասում էինք այդ հանդիպմանը, քանի որ երկար ժամանակ ցանկանում էինք, որ առաջնությունը վերսկսվեր: Առաջին անգամն էր, որ հանդես էի գալիս իմ նախկին թիմի դեմ, այդ պատճառով զգացողություններս երկակի էին: Ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց ավելի շատ ուրախ եմ հաղթանակի համար:

- Դու գրավեցիր քո նախկին թիմի դարպասը: Նախապե՞ս էիր որոշել, որ հաջողությունը բուռն չես նշելու:

-Միանշանակ հեշտ չէր, քանի որ «Ժետիսուն» շատ կազմակերպված թիմ է ու միշտ դժվար է անցնել նրան պաշտպանությունը, բայց մեզ մոտ ստացվեց: Ես չնշեցի գոլս, քանի որ շատ եմ հարգում այդ ակումբը, մարզչական շտաբը, բոլոր խաղացողներին ու աշխատակիցներին:

Լուսանկարը` FC Kairat


-Արի խոսենք «Կայրաթից»: Կպատմե՞ս ինչպես ու ինչո՞ւ որոշեցիր տեղափոխվել հենց այնտեղ:

-Մի օր գործակալս հայտնեց, որ հետաքրքրություն կա ու հնարավոր է պայմանագիր կնքել «Կայրաթի» հետ: Այդ զրույցից հետո ինձ զանգեց «Կայրաթի» մարզիչ Ալեքսեյ Շպիլեւսկին: Մենք զրուցեցինք, նա շատ հստակ բացատրեց, թե ինչ է ուզում ինձնից եւ ինչպիսի նպատակներ ունի ակումբը: Ես համաձայնվեցի տեղափոխվել այնտեղ:

-Ինչպե՞ս ես քեզ զգում ակումբում եւ հե՞շտ հարմարվեցիր:

-Այստեղ ամեն ինչ լավ է, հիանալի կոլեկտիվ է, բոլորն ինձ շատ լավ ընդունեցին: Այս առումով բախտս միշտ բերում է, ուր էլ գնում եմ՝ ամենուր հրաշալի մարդիկ են աշխատում: Թիմում ոչ մի ծանոթ չունեի, այսպես ասած, ամեն ինչ սկսեցի մաքուր էջից: Ինչպես բոլորին, ինձ էլ ժամանակ էր պետք հարմարվելու համար: Հիմա վստահ կարող եմ ասել, որ լիովին մերվել եմ թիմի հետ:

-Մարզչի ու, ընդհանրապես, թիմի փիլիսոփայությունը ո՞րն է ու ինչպե՞ս ես այն յուրացրել:

-Մենք ցանկանում ենք խաղադաշտում թելադրող լինել, ագրեսիվ խաղալ բոլոր դիրքերում: Իսկ երբ կորցնում ենք գնդակը, պետք է ճնշում գործադրենք ու արագ խլենք այն: Ժամանակ պահանջվեց, որպեսզի այս ամենն ավելի լավ ընկալեմ: Այս առումով կարանտինն ինձ համար օգտակար եղավ:

Լուսանկարը` FC Kairat


-«Կայրաթի» նպատակներն այս մրցաշրջանում որո՞նք են եւ դու ինչի՞ ես ձգտելու:

-Մենք ցանկանում ենք դառնալ Ղազախստանի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու դուրս գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլ: Իսկ կոնկրետ ես ցանկանում եմ աճել, որպես ֆուտբոլիստ ավելի ու ավելի լավը դառնալ:

-Մրցակցային առումով ինչպիսի՞ պայքար է ընթանում Ղազախստանի առաջնությունում:

-Բոլոր մրցակիցների դեմ խաղալն էլ դժվար է, այժմ բոլոր թիմերն էլ կարողանում են ֆուտբոլ խաղալ: Առաջնությունը նոր է սկսվել, այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:

Լուսանկարը` FC Kairat


-Կորոնավիրուսի պատճառով երկար դադար եղավ, հետո դուք մեկ հանդիպում անցկացրիք, հաղթեցիք, բայց հիմա կրկին հանդիպումները հետաձգվել են: Սա որքանո՞վ է խանգարում:

-Իհարկե, կորոնավիրուսի հետեւանքով առաջացած այս դադարը շատ է խանգարում: Դուրս չէինք գալիս, չէինք շարժվում: Բայց կամաց-կամաց սկսեցինք մարզումներ անցկացնել ու հիմա կարծես ամեն ինչ դեպի լավն է գնում:

- Կամո, ինչպիսի՞ն է կյանքը Ղազախստանում, ի՞նչն ես հատկապես հավանում Ալմաթիում:

-Ես շատ եմ հավանում Ալմաթին, այն գեղեցիկ է, մաքուր եւ շատ այգիներ ունի: Միշտ զբաղվելու բան կգտնես: Շատ է դուրս գալիս այն փաստը, որ քաղաքը սարեր ունի, դրանք ինձ Հայաստանն են հիշեցնում:

Լուսանկարը` FC Kairat


-Որտե՞ղ խորհուրդ կտաս անպայման այցելել Ալմաթիում:

-Ով գա այստեղ, պարտադիր պետք է բարձրանա սարերը, տեսնի բարձրլեռնային Մեդեուն, լինի Չիմբուլակում: Այնտեղ ինձ շատ է դուր գալիս: Իսկ ընդհանրապես, գեղեցիկ տեղեր այստեղ շատ կան, ես էլ դեռ բոլորը չեմ տեսել ու մոտ ժամանակներս պետք է դրանք հերթով բացահայտեմ:

-Դու ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ այդտեղ:


- Հիմնականում ֆիլմեր կամ սերիալներ եմ նայում, pubg խաղում: Երեկոները սիրում եմ քայլել, ինչ-որ հաճելի սրճարանում նստել:

Լուսանկարը` FC Kairat


-Կամո, արի ավարտենք մեր զրույցը Հայաստանի հավաքականի մասին խոսելով: Նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին ի՞նչ կարծիք ունես:

-Կապառոսին անձամբ չեմ ճանաչում, իհարկե, գիտեմ նրա կենսագրությունը, թե ինչ թիմեր է ղեկավարել: Շատ փորձառու մասնագետ է ու կարող է օգուտ տալ մեր հավաքականին: Իսկ բոլոր խաղացողներս պետք է դրան նպաստենք:

Լուսանկարը` Reuters


-Որոշվեց, որ ազգային հավաքականներն արդեն սեպտեմբերից կանցկացնեն պաշտոնական հանդիպումներ: Ինչպիսի՞ խումբ է մեզ բաժին ընկել Ազգերի Լիգայում ու ինչի՞ է ձգտելու մեր հավաքականը:

-Ազգերի Լիգայում միանշանակ հեշտ չի լինելու: Բոլոր մրցակիցներն էլ շատ ուժեղ են ու խմբից դուրս գալու մեծ ցանկություն ունեն: Այնպես որ, մենք պետք է առավելագույնն ու նույնիսկ մի բան էլ առավել տանք: Ամեն ինչ անելու ենք խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս, որպեսզի հաջող մասնակցություն ունենանք եւ ուրախացնենք երկրպագուներին:

Կամո Հովհաննիսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին