Դեկտեմբեր 18, 2024
exclusive
302333 դիտում

Արթուր Սողոմոնյան. «Փյունիկը» 3-5 տարվա ընթացքում կփորձի անցնել ԵԼ-ի խմբային փուլ

Լուսանկարը` Facebook


Երեկ հայտնի դարձավ հայկական ֆուտբոլային ամենամեծ գործարքներից մեկի մասին: Տարիներ շարունակ Երեւանի «Փյունիկի» սեփականատեր համարվող Ռուբեն Հայրապետյանը վաճառել է ակումբը: Հայաստանի 14-ակի չեմպիոնի ու 8-ակի գավաթակրի նոր սեփականատերն Արթուր Սողոմոնյանն է:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա պատմել է առաջիկայում ակումբում կատարվելիք փոփոխությունների ու մեծ նպատակների մասին:

-Պարոն Սողոմոնյան, երբվանի՞ց եք սկսել բանակցել ակումբի ձեռքբերման համար ու ինչո՞ւ եք որոշել այն գնել:

-Առաջարկը Ռուբեն Հայրապետյանից եմ ստացել: Բանակցությունները մարտից ենք սկսել, մի քանի անգամ հանդիպել ու քննարկել ենք այդ հարցը: Երկամսյա քննարկումներից հետո որոշել եմ այն գնել: Ես շատ մեծ ֆուտբոլային շրջապատ ունեմ Եվրոպայում, Ռուսաստանում ու Հայաստանում, նրանք էլ կմիանան ու կօգնեն ինձ: Հենրիխ Մխիթարյանն էլ է կարեւոր խորհուրդներ տվել կադրային քաղաքականության հետ կապված:  Նա ասել է, թե ինչ մասանագետների է կարելի հրավիրել աշխատանքի:

- Իսկ ի՞նչ փոփոխություններ կլինեն ակումբում, կշարունակե՞ք վարել նույն քաղաքականությունը:

- Մենք եղածի վրա ենք աշխատելու, ոչ թե փորձելու ենք ամեն ինչ քանդել ու նորից զրոյից սկսել: Սկզբնական շրջանում ֆուտբոլիստներ ձեռք չենք բերի: Ավելի լավ է դպրոցի սաներին աճելու ու զարգանալու հնարավորություն տալ: Մի քանի առաջատարներ դրսից ամեն դեպքում կհրավիրենք: Առաջիկայում  կուսումնասիրենք թիմի խաղն ու կորոշենք մեր հստակ անելիքները: Առաջնության վերջին տուրից հետո կհայտարարենք ակումբի ղեկավարության փոփոխման մասին:

Լուսանկարը` Football Federation of Armenia/Հակոբ Բերբերյան


-Կոնկրետ ի՞նչ նպատակներ եք դնելու ձեր թիմի առջեւ:

-Սկզբնական շրջանում շատ ենք ցանկանում Եվրոպայի Լիգայում մի 2 փուլ անցնել: Հետո կփորձենք կազմն ուժեղացնել, ամուր թիմ կազմել ու առաջին հերթին առաջնությունում ձգտել չեմպիոնության կամ 2-րդ մրցանակին: Իսկ մեր առաջնային նպատակը 3-5 տարում Եվրոպայի Լիգայի խմբային փուլ անցնելն է, Հայաստան հետաքրքիր խաղեր ու մրցակիցներ բերելը: 

-Հայաստանում ֆուտբոլային բիզնեսն այդքան էլ զարգացած չէ, ռիսկային չէ՞ արդյոք այս ձեռքբերումը:

-Գիտենք, որ ներդրված գումարները հետ բերել չի ստացվելու: Բայց հույս ունեմ, որ իմ օրինակին արտերկրից այլ բիզնեսմեններ էլ կհետեւեն, ակտիվորեն կներգրավվեն այս գործում ու ներդրումներ կկատարեն: Պետք է ձգտենք, որ 2-3 տարի անց Բարձրագույն խմբի առաջնությանը գոնե 10 թիմեր մասնակցեն, դիտարժան պայքար ծավալվի, երկրպագուների շրջանում էլ հետաքրքությունը մեծանա: Ի վերջո ֆուտբոլում ամեն ինչ երկրպագուների համար է արվում, եթե նրանք չեն գալիս տրիբունաներ, ապա ամեն ինչ իզուր է:

Արթուր Սողոմոնյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին