Նոյեմբեր 20, 2024
exclusive
14261 դիտում

Տիգրան Մարտիրոսյան. Ես վերապրեցի այն ամենն, ինչը նախկինում զգացել էի

Տիգրան Մարտիրոսյանը
Տիգրան Մարտիրոսյանը

Լուսանկարը` bravo.am


Մի քանի օր առաջ հայերը միմյանց շնորհավորում էին, իսկ այդպիսի առիթ նրանց տվել էր Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը Թբիլիսիում արդեն երրորդ անգամ կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ծանրամարտի սիրահարները կարոտել էին Տիգրանի հաղթանակներին, որոնց վնասվածքների պատճառով նրանք ականատես չէին լինում 2010 թվականի ԱԱ-ից հետո: Mediamax Sport-ը զրուցել է Տիգրանի հետ, որն արդեն վերադարձել է Հայաստան:

- Տիգրա՛ն, երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձդ ոսկե մեդալով նշանավորվեց: Ի՞նչ է նշանակում քեզ համար Եվրոպայի առաջնության չեմպիոնի արդեն 3-րդ տիտղոսը:

- Վերջին հաջողությունս 5 տարի առաջ էր, երբ Աշխարհի չեմպիոն դարձա: Հետո ինձ սկսեցին հետապնդել վնասվածքները, որոնց պատճառով չէի կարողանում լիարժեք մարզումներ անցկացնել: Եվրոպայի այս առաջնությունն ինձ հնարավորություն տվեց կրկին զգալու մրցման շունչը, ինչի շնորհիվ հետագայում եւս լավ ելույթներ կունենամ:

- Զգացվում էր, որ անչափ ուրախ ես ու կարծես այս 5 տարիների բացթողումներն անցյալում թողեցիր:

- Ես գիտեի, որ Եվրոպայի չեմպիոն դառնալն իմ ուժերի սահմաններում է: Միակ մտավախությունս այն էր, որ բուժումս ավարտվելուց հետո ընդամենը 4 ամիս էի մարզվել: Բայց ամեն ինչ նորմալ ընթացավ, ճանաչում էի մրցակիցներիս, զգում էի, որ եթե իմ մոտեցումները ճիշտ օգտագործեմ, ապա կկարողանամ հաղթել:

Տիգրան Մարտիրոսյանը Տիգրան Մարտիրոսյանը

Լուսանկարը` Facebook


- 77 կգ քաշային կարգում մենք սովոր ենք պատվոհարթակին երկու հայ ծանրորդ տեսնել: Ժամանակին մեդալներ էին նվաճում Գեւորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը, իսկ այս անգամ էլ դու եւ Անդրանիկ Կարապետյանը:

- Անդրանիկն, իսկապես, աշխատասեր ու տաղանդավոր մարզիկ է: Նա դեռ երիտասարդ է ու առաջ գնալու շատ ժամանակ ունի: Ինձ օգնում է նրա հետ մարզվելը, որովհետեւ մրցակցությունը միմիայն դրական ազդեցություն է ունենում մարդու վրա:

- Կարծում եմ քեզ համար տարբերվող էր նաեւ պարգեւատրման արարողությունը, որը կատարեցին սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ու լեգենդար ծանրորդ, այսօր արդեն Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:

- Իսկապես: Ոչ մի անգամ չէր եղել, որ նախարարը գար ու հետեւեր իմ ելույթներին, իսկ դե Յուրի Վարդանյանից պարգեւ ստանալը մեծ հպարտություն է ինձ համար:

- Ելույթներիդ դահիլիճից հետեւում էին նաեւ ընտանիքիդ անդամները: Սա որքանո՞վ էր ոգեւորում քեզ:

-  Թբիլիսի էին եկել բարեկամներս, ընկերներս, ինչը շատ ոգեւորիչ էր: Հատկապես պարտավորեցնող էր այն, որ դահլիճում էր մայրիկս: Նա երբեք չի կարողանում նայել ելույթներս, ու չնայած դահլիճում էլ չէր համարձակվել գլուխը բարձրացնել, սակայն ես նրան խոսք էի տվել, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի ուրախացնեմ իրեն:

Լուսանկարը` Facebook


- Բոլոր հայերն անչափ ուրախացել են քո հաղթանակով, հարազատ Գյուրին էլ կրկին մեծ շուքով դիմավորեց քեզ: Կարոտե՞լ էիր այս ամենը:

- Անչափ շատ էի կարոտել: Ընկերներիս նույնիսկ ասում էի, որ այս զգացողությունները մի տեսակ կարծես մոռացած լինեի: Մեր քաղաքացիները շատ լավ դիմավորեցին, ինչպես միշտ են դա անում: Եթե առաջնության օրը տրամադրությունս բարձր էր, ապա արդեն մեր քաղաքում շատ-շատ բարձր էր: Այդ օրը ես վերապրեցի այն ամենն, ինչը նախկինում ունեցել էի: Շատ շնորհակալ եմ բոլորից:

- Արդեն աշնանը կայանալու է Աշխարհի վարկանշային առաջնությունը: Կհասցնե՞ս լավագույն մարզավիճակիդ վերադառնալ:

- Կհասցնեմ: Եվրոպայի առաջնությանը կարողացա 4 ամսում պատրաստվել, իսկ Աշխարհի ելույթներից դեռ գրեթե 6 ամիս կա, ու այնտեղ կկարողանամ լուրջ կիլոգրամներ բարձրացրել:

Տիգրան Մարտիրոսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին