Կայացան անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի հանդիպումները: Պարտություն կրելով Բիրմինգեմում` «Չելսին» այժմ կորցրած միավորներով զիջում է «Մանչեսթեր Սիթի»-ին, որը համարյա ամբողջ հանդիպումն անցկացնելով 10 հոգով, այնուամենայնիվ, հաղթանակ տոնեց: Իսկ «Արսենալն» ու «Լիվերպուլը», հաղթանակներ արձանագրելով, նվազագույնի հասցրին Մոուրինյոյի թիմի հետ տարբերությունը:
Առաջնության ստվերային առաջատար «ՄՍ»-ն հյուրընկալվել էր անզիջում «Հալլ Սիթիին»: Պելեգրինիի սաների համար հանդիպումը անհաջող մեկնարկեց. արդեն 10-րդ րոպեին ամենահուսալի պաշտպաններից մեկը, ուղղելով սեփական սխալը, ստիպված էր կատարել վերջին հույսի սահանկում: Արդյունքում` կարմիր քարտ, եւ թիմը գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց 10-հոգով: Կենտրոնական պաշտպանի դիրք ստիպված եղավ նահանջել Յայա Տուրեն, ով այս խաղաշրջանում խփած գոլերով բազմիցս փրկել է իր թիմին: Լավ է` «ՄՍ»-ի կազմն այնպիսին է, որ հարձակման գիծն առանց Տուրեի էլ դերակատար ունի, ինչն էլ 14-րդ րոպեին ցույց տվեց Դավիդ Սիլվան: Իսպանացին, ով գոլ չէր հեղինակել նախորդ տարվանից ի վեր, հարված կատարեց ճիշտ ժամանակին` գնդակ ստանալով դաշտի կենտրոնում: Մոտենալով տուգանային հրապարակին` (տարօրինակ կերպով նրան ոչ ոք չէր «փակում») Սիլվան շուրջ 27 մետրից դիպուկ հարված կատարեց դեպի «Հալլի» դարպասի վերին ձախ անկյունը: Խփելով այդքան անհրաժեշտ գոլը` «ՄՍ»-ն անցավ հակագրոհների մարտավարությանը` փորձելով առաջին հերթին ապահովել սեփական դարպասը: «Հալլը» դապրասի գրավման մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն «ՄՍ»-ն կասեցրեց դրանք, ավելին, մրցավարի ավելացրած ժամանակում Ջեկոն հերթական հակագրոհից հետո կրկնապատկեց հաշիվը: «ՄՍ»-ի կարեւոր հաղթանակը չեմպիոնության համար պայքարում: Հիմա կորցրած միավորների քանակով «ՄՍ»-ն «Չելսիին» գերազանցում է 3 միավորով, իսկ հաշվի առնելով, որ վերջիններս դուրս են մնացել ՉԼ-ից եւ, հետեւաբար, բոլոր ուժերը կներդնեն առաջնությունում («Չելսին» ՉԼ-ում հավանաբար կանցնի «Գալաթասարային»), ապա չեմպիոնության հավանականությունը «ՄՍ»-ի համար մեծ է, ինչպես երբեւէ:
Խաղաշրջանի սկզբում Մոուրինյոն ասում էր, որ իր թիմը պատրաստ չէ առաջնությանը. «Մենք «ՄՍ»-ին զիջում ենք գրեթե բոլոր բաղադրիչներով»: Ճանաչելով ժոզեին` կարելի է ենթադրել, որ նա պարզապես բլեֆ է անում, ինչպես սկսնակ պոկեր խաացողը: Որպեսզի Մոուրինյոն չպայքարի՞ առաջին տեղի համար. ո´չ, այդպիսի բան Հատուկն իրեն չի կարող թույլ տալ: Փոխարենը, եթե Մոուրինյոյին հաջողվի տիտղոսի արժանանալ, պատկերացնում եմ, թե ինչպիսի մակդիրների նա կարժանացնի իր գործընկերներին, հատկապես Վենգերին ու Պելեգրինիին: Ես նրանց չեմ նախանձում: Ինչ էլ պատահի, «Աստոն Վիլլա»-ի հետ խաղում «Չելսին» գունատ էր երեւում: Եվ այս խաղն էլ առանց հեռացումների չանցավ, այն էլ` երկու թիմերի: 68-րդ րոպեին 2-րդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Վիլիանը, իսկ խաղի ամենավերջում` նաեւ Ռամիրեսը: «Աստոն Վիլլան» վերջնականապես ճնշեց հակառակորդին` վերջին րոպեներին խլելով հաղթանակը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Դելֆը:
«ՄՅ»-«Լիվերպուլ»: Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբների մրցապայքարը: «ՄՅ»-ի համար գոյություն չունի ավելի ատելի մրցակից, քան «Լիվերպուլը», եւ հակառակը: Մոյեսը… ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի «ՄՅ»-ի տերերը տեսնեին, արթնանային… Հաշիվը` 0:3, դարպասի ուղղությամբ հարվածների հարաբերակցությունը` 1:7: «Օլդ Թրաֆորդում» ընդամենը ՄԵԿ հարված դեպի դարպասը: Ինչի՞ մասին էին մտածում Ռաֆայելն ու Ջոնսը, երբ հենց այնպես 11-մետրանոց էին բերում թիմին: Ինչո՞վ էր զբաղված «ՄՅ»-ի հարձակման գիծն ամբողջ խաղի ըթնացքում: Առհասարակ, ի՞նչ հրահանգներ կային ամբողջ հանդիպման համար: Ինչպե՞ս էր պատրաստվում խաղալ «ՄՅ»-ն: Վերջերս կարդում էի 80-ականների հայտնի դարպասապահ Վիկտոր Չանովի հարցազրույցը: Նա պատմում էր, որ երբ մեծն Լոբանովսկին լքեց Կիեւի «Դինամոն» ԽՍՀՄ-ի հավաքականը մարզելու համար, նրան փոխարինեց Մորոզովը, եւ թիմը կտրուկ անկում կատարեց դեպի ներքեւ (իսկ Մորոզովն, ասեմ ձեզ, ամենաթույլ մարզիչներից չէր, հենց նրա օրոք էին «Զենիթում» վերելք ապրել Արշավինը, Կերժակովը, Բիստրովը): Տեսնելով դա` խաղացողները որոշեցին չկատարել մարզչի հրահանգները, այլ խաղալ այն ֆուտբոլը, որը խաղում էին Լոբանովսկու ժամանակ: Եվ ի՞նչ եք կարծում: Թիմը սկսեց հաղթել ու բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Միգուցե Ռունին ու Կոն պետք է նույն կե՞րպ վարվեն: Ավելի վատ հաստատ չի լինի: Մոյեսի ղեկավարման ընթացքում ֆուտբոլային աշխարհը կորցրեց ինքնատիպ, եռանդուն եւ մեծ թիմ: Ափսոս…
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա «Լիվերպուլը» խաղում էր ամենաթեթեւ խաղերից մեկը այդ թիմերի պատմության ընթացքում: Երկու անգամ լեգենդար Ջերարդը 34-րդ եւ 46-րդ րոպեներին իրացրեցին 11-մետրանոցներ, 77-րդ րոպեին նրա եւս մեկ հարվածը դիպավ դարպաասաձողին՝ դրանով Սթիվի Ջիին զրկելով հեթ-տրիկից: «ՄՅ»-ի համար հաշիվն ամոթալի դարձրեց Սուարեսը 84-րդ րոպեին: Իսկ «ՄՅ»-ն ջղաձգային ու պարզունակ գրոհներից բացի «Լիվերպուլին» ոչինչ չառաջարկեց: Ինչպես եւ իր գործընկեր Ռոջերսին ոչինչ չկարողացավ առաջարկել Մոյեսը: Թեեւ զարմանալի ոչինչ չկա:
Առաջատարների քառյակից մեկ այլ ակումբ` «Արսենալը», հանդիպեց «Տոտենհեմին»: Այստեղ ամեն իչ վճռեց Ռոսիցկու գեղեցիկ գոլը, ով 2-րդ րոպեին աջ եզրից դիպուկ հարվածով գրավեց Լյորիսի դարպասի հեռավոր անկյունը: Հետագայում, չնայած «Տոտենհեմի» բոլոր ջանքերին, հաշիվը չփոխվեց` 0:1:
30-րդ տուրի բոլոր հանդիպումների արդյունքները՝
Ասթոն Վիլլա- Չելսի 1:0
Էվերթոն- Քարդիֆ Սիթի 2:1
Ֆուլհեմ- Նյուքասլ 1:0
Սթոք Սիթի- Վեստ Հեմ 3:1
Սաութհեմփթոն- Նորվիչ 4:2
Սանդերլենդ-Քրիստալ Պելաս 0:0
Սունսի-Վեստ Բրոմվիչ 1:2
Հալլ-ՄՍ 0:2
Տոտենհեմ-Արսենալ 0:1
Մանչեսթեր Յունայթեդ- Լիվերպուլ 0:3
Առաջատարների դասավորությունը՝
Չելսի- 66 միավոր (30 հանդիպում)
Արսենալ-62 (29)
Լիվերպուլ- 62 (29)
Մանչեսթեր Սիթի- 30 (27)
Ռմբարկուներ՝
Սուարես- 25 գնդակ
Սթարիջ-15
Ագուերո-15:
Տեսությունը պատրաստել է Արսեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: