Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնը լրջորեն էր մոտեցել այս տարվա առաջին պաշտոնական ֆուտբոլային հանդիպմանը։
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում նվազագույն հաշվով «ԱԶ Ալկմար»-ին հաղթելուց հետո «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախ շնորհավորել է իր ֆուտբոլիստներին ու բոլոր երկրպագուներին:
«Մթնոլորտը հանրապետական ստադիոնում իրոք շատ լավն էր, հանդիպումից առաջ նշել էի, որ չեմ կարող հաղթանակ խոստանալ, բայց համոզված էի, որ բոլորն իրենց թիմով հպարտ կվերադառնան տուն, այդպես էլ եղավ: Կարծում եմ՝ Հայաստանում բոլորը կարող են հպարտանալ մեր թիմով:
Մեզ համար դժվար էին ոչ միայն առաջին րոպեները, այլ ողջ խաղը: Հանդիպմանը հնարավորինս լավ էինք պատրաստվել ու հավատում էինք, որ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի: Գիտեինք, թե ինչպես կարող ենք օգտագործել մրցակցի թույլ տեղերը:
Առաջին խաղակեսում մի քանի լավ պահ ունեինք, բայց չկարողացանք գնդակ խփել: Երկրորդում հրաշալի գոլ խփեց Հովհաննես Համբարձումյանը, նա իրոք արժանի էր լինել առաջին հայը, ով եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆում դարձավ Հայաստանի պատմության առաջին գոլի հեղինակը: Շատ երջանիկ եմ նրա համար:
Ուրախ եմ նաեւ նրա համար, որ դժվար պահերին իմ խաղացողները միասին էին պայքարում ու հաճույք ստանում, ինչի շնորհիվ էլ հասանք այս կարեւոր հաղթանակին: Այդ երեկո թիմը հաղթեց, ոչ թե անհատները:
Պատասխան խաղում շատ դժվար է լինելու մեզ համար, կփորձենք պահեր ստեղծել եւ օգտագործել դրանք»:




















