Փետրվար 06, 2026
exclusive
221 դիտում

Սերգեյ Պողոսյան. Երիտասարդներն «Արարատ-73»-ից այնքան բան ունեն սովորելու


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ երեկոյան «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ու նրա թիմի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա է եղել նաեւ կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը:

Նա 1973 թվականի հոկտեմբերի 10-ին Կիեւի «Դինամո»-ի հետ ԽՍՀՄ-ի գավաթի եզրափակչում պահեստային էր, բայց խաղի ընթացքը բեկել հնարավոր է եղավ նրա ու Նիկոլայ Ղազարյանի փոփոխություններից հետո: Ֆուտբոլիստները դուրս եկավ խաղադաշտ ու ակտիվացրին խաղը, ինչի արդյունքում Լեւոն Իշտոյանը նախ 89-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, ապա 103-րդ խփեց հաղթական գոլը:

77-ամյա Պողոսյանը 53 տարի հետ է գնացել ու պատմել 1973-ի «Արարատ»-ի ու իր թիմակիցների մասին:

«Երբ հիշում եմ այդ եզրափակիչը, ուղղակի զարմանում եմ, թե մենք ոնց դիմացանք, տղաներն ինչպես մինչեւ վերջ պայքարեցին ու խաղադաշտում տվեցին ամեն ինչ, ներդրեցին ողջ ուժերն ու վարպետությունը: Հենց դրա համար էլ այդ կարեւոր եզրափակչում հաղթանակած դուրս եկանք: 

Ուրախ եմ, որ մեր հաղթական տարվա մասին նման ֆիլմ են նկարել, որը հատկապես մեր երիտասարդների համար որպես պատմություն կմնա: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Համեստություն չլինի, բայց երիտասարդներն «Արարատ»-ից՝ որպես ֆուտբոլային վարպետների ու մարդկանց, այնքան բան ունեն սովորելու: Այն ժամանակ մեծի նկատմամբ հարգանք կար, մարզչի ասածները լսում էին, մեր տղաներից ամեն մեկը թասիբ ուներ: Պարտությունից հետո ամաչում էինք, չգիտեինք ինչպես տուն հասնել, որ հարեւանները չտեսնեն ու հարցեր չտան: 

Դրա համար այսքան տարի անց էլ մեր տղաների նկատմամբ հարգանքն ու պատիվը չի մոռացվել: Մեր ազգին այնքան հպարատանալու եւ ուրախանալու պահեր ենք տվել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս:

Բայց մեր նվաճումներում անչափ գնահատում ու կարեւորում ենք նաեւ մեր ֆուտբոլասերներին: Անկեղծ կլինեմ՝ նրանց պես չկար, հնարավոր է միայն Բրազիլիայում այդքան նվիրված երկրպագուներ գտնվեին: Իսկական նվիրյալ էին, աննորմալ լավ իմաստով, թիմի մասին շատ էին մտածում ու շատ լավ էլ հասկանում ֆուտբոլից: Շատ շնորհակալ եմ մեր ֆուտբոլասերներից, նրանք մեզ շատ են օգնել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին