Եվրոպայի լիգայում երեկ Նաիր Տիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա»-ն հյուրընկալվել է «Շտուրմ»-ին ու հաղթել նվազագույն հաշվով։
Տիկնիզյանը եղել է մեկնարկային կազմում ու խաղադաշտում մնացել ողջ հանդիպման ընթացքում։ Սա եղել է ԵԼ-ում «Ցրվենա Զվեզդա»-ի 3-րդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը վաստակել է 10 միավոր եւ ընթանում է 17-րդ տեղում՝ շարունակելով պայքարը փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։
«Յուրաքանչյուր հաղթանակ ամենագեղեցիկ բանն է, որ կարող է մեզ հետ պատահել։ Ուրախ եմ իմ տղաների համար, որովհետեւ գիտեմ, թե ինչերի միջով են նրանք անցնում։ Սա կարեւոր երեք միավոր էր, առջեւում ունենք եւս երկու դիմակայություն։ Պետք է շարունակենք առաջ շարժվել ու փորձել հասնել ցանկալի ուղեգրին»,- խաղից հետո ասել է «Ցրվենա Զվեզդա»-ի գլխավոր մարզիչ Վլադան Միլոշեւիչը։




















