Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում վերջին հանդիպումը սեփական հարկի տակ անցկացրեց Հունգարիայի դեմ։
Ինչպես խաղից մեկ օր առաջ թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էր նշել, հաղթանակի, պարտության ու ոչ-ոքիի պատրաստ հայ ֆուտբոլիստները հանդիպումն ավարտեցին մրցակցին 3 միավոր զիջելով։
Թեեւ մեկ բանում մարզիչն իրավացի էր, որ վաղուց մեկնարկային կազմում Հայաստանի առաջնությունում հանդես եկող այսքան շատ ֆուտբոլիստ չէր եղել։ 11 խաղացողից 6-ը հանդես է գալիս հենց երկրի առաջնությունում։
Լուսանկարը` Photolure
Առաջին խաղակեսից 10 րոպե հազիվ էր անցել, իսկ հունգարացիները դեպի Հենրի Ավագյանի դարպասին արդեն հասցրել էին 4 գրոհ կազմակերպել ու մի քանի անկյունային իրացնել, բարեբախտաբար, ոչ մեկն էլ վտանգավոր չէր։
Մի քանի անգամ էլ հայերը փորձեցին մոտենալ Դենես Դիբուշի դարպասին, սակայն գրոհներում սրություն չկար։ Թիմերը երկուստեք գրոհներով փոխանակվեցին, ու ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը։ 33-րդ րոպեին նրանց ձախ եզրով գրոհից հետո Ավագյանի դարպասը գրավեց Բարնաբաս Վարգան։
Լուսանկարը` Photolure
Թվում էր՝ հանդերձարանից Եղիշե Մելիքյանի թիմը վճռական դուրս եկավ ու միանգամից նետվեց գրոհի, սակայն ոչ երկար ժամանակով։ Հունգարացիները նորից տիրեցին նախաձեռնությանն ու 62-րդ րոպեին մոտ էին հերթական գոլին։
Իսկ ահա 3 րոպե անց հեռահար գեղեցիկ հարված կատարեց Էդուարդ Սպերցյանը, բայց գնդակը դուրս եկավ անկյունային։ Հայերի մասնակցությամբ մյուս հիշարժան դրվագը 72-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի դեղին քարտն էր, դեռ առաջին խաղակեսում էր մրցավարը նրան բանավոր զգուշացրում տվել։
Լուսանկարը` Photolure
80-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Նաիր Տիկնիզյանը, նա հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն հարվածը շեղ ստացվեց։ Իսկ ավելացված վերջին րոպեին շատ լավ դիրքից վրիպեց Արայիկ Էլոյանը։
Հունգարիան հաղթեց նվազագույն հաշվով ու F խմբում 8 միավորով 2-րդ է, իսկ Հայաստանը կրեց 4-րդ պարտությունն ու 3 միավորով վերջին տեղում է։ Առաջատար Պորտուգալիան քիչ անց հանդիպելու է Իռլանդիայի հետ։
























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: