«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանն արձագանքել է Եղիշե Մելիքյանի խոսքերին, որոնք նա հնչեցրել էր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մելիքյանը փորձեց նսեմացնել ակումբի նախկին ղեկավարության եւ անձնակազմի նվաճումները՝ ամեն հաջողություն վերագրելով իրեն։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Մելիքյանն այս հայտարարությունն արել։ Իմ կարծիքով՝ դրանով նվաստացնում է իրեն։
1․ Ես չեմ նսեմացնի Եղիշե Մելիքյանի եւ ամբողջ մարզչական կազմի ներդրումն ակումբի նշանակալի հաջողություններում։ Բայց ես շարունակում եմ համոզված լինել, որ «Փյունիկ»-ը բարձր արդյունքների հասել է ակումբի յուրաքանչյուր անդամի համակարգված աշխատանքի եւ հավատարիմ երկրպագուների աջակցության շնորհիվ։ Մելիքյանը ներդրում է ունեցել որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ, ոչ ավելին։
Անկեղծ կլինեմ, նա նույնպես հաճախ սխալներ է թույլ տվել։ Օրինակ՝ 2022 թվականի սկզբին միայն ակումբի ղեկավարության ակտիվ միջամտությունը խանգարեց նրան հեռացնել Հյուգո Ֆերմինոյին, ով օգնեց մեզ հաղթել առաջնությունում։ 2023 թվականին Մելիքյանն անձնական հավակնության ու ղեկավարների հետ հարաբերություններ կառուցելու անկարողության պատճառով պնդեց, որ Արաս Օզբիլիզի եւ Ալեքսանդր Գանսալեսի հեռանան թիմից, ինչի արդյունքում ակումբը կորցրեց չեմպիոնությունը։
Իհարկե, մենք բոլորս մեղավոր էինք, երբ չէինք դիմադրում գլխավոր մարզչի քմահաճույքներին։ Նման փաստերը շատ են։ Հիշեցնեմ, որ երբ հայտնի դարձավ Մելիքյանի նշանակումն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, թիմի ավագ Վարազդատ Հարոյանն անմիջապես հեռացավ՝ չցանկանալով աշխատել նրա հետ։
2. Ակումբն իր ամենամեծ ծախսերն ու վնասները կրել է Եղիշե Մելիքյանի օրոք, մասամբ՝ բոնուսների եւ թիմի աջակցության չափազանցված պահանջների պատճառով, որոնք հաճախ գերազանցում էին ՈւԵՖԱ-ի վճարումները։ Բայց մենք երբեք ֆինանսական արդյունքները մարզական արդյունքներից առաջնահերթ չենք համարել, ուստի կարծում եմ, որ ճիշտ ենք գործել։ Մելիքյանի պնդումները նրա հսկայական ներդրման մասին պարզապես չեն համապատասխանում իրականությանը։
Լուսանկարը` FC Pyunik
3. Ակումբից հեռանալու իմ որոշման մասին ես արդեն ամեն ինչ ասել եմ։ Իհարկե, զարմացա Մելիքյանի ստորությունից եւ անշնորհակալությունից, որ այդքան տարի միասին անցկացնելուց հետո փորձում էր վիրավորել ինձ եւ արժեզրկել մեր համատեղ պատմությունը։
Ես նաեւ զարմացա, որ բարձր աշխատավարձի եւ իր սեփական սնապարծության համար նա անցավ հայկական ֆուտբոլի գլխավոր կործանիչների ճամբարը՝ մոռանալով ինձ ու բոլոր երկրպագուներին նախկինում տված խոստումները։
Համոզված եմ, որ լուրջ մարզիչ լինելու համար նախ պետք է դառնալ արժանի մարդ, անվիճելի հեղինակություն ձեռք բերել խաղացողների եւ երկրպագուների շրջանում։ Ցավոք, Եղիշե Մելիքյանը ցույց տվեց, որ չունի այդ հատկանիշները։
Ամեն դեպքում, ես անկեղծորեն մաղթում եմ Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակներ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղերում։ Եւ որ երկրպագուների պահանջները՝ ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի եւ հայկական ֆուտբոլի արագ վերածննդի վերաբերյալ, բավարարվեն»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: