Նոյեմբեր 07, 2025
407 դիտում

Մելիքյան. Խնդրում եմ, ինձ մի քիչ վստահեք, եկել եմ կառուցելու, ոչ թե կայանալու համար


Լուսանկարը` Getty Images


Հայաստանի ֆուտբոլի ազգայի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առանձին ֆուտբոլիստների:

«Մինչեւ հավաքականը գլխավորելս էլ Լուկաս Սելարայանն ուզում էր ավարտել ելույթները, բայց զանգահարել եմ ու բացատրել, թե որքան դժվար ժամանակ է մեզ համար: Հասկացել է այդ ամենն ու թիմի կազմում 4 խաղի մասնակցել: 

Իռլանդիայի հետ հանդիպումից առաջ նորից ենք խոսել ու նա խոստովանել է, որ չի կարողանում համատեղել ելույթներն ակումբում ու հավաքականում: Արդեն 33 տարեկան է ու ֆիզիկական դժվարությունների է բախվում:

Լուկասին շնորհակալություն եմ ասել ու նշել, որ հավաքականի դռները բաց են նրա առաջ:

Հենրիխ Մխիթարյանին ոչ միայն ես, ողջ ազգն էր ուզում տեսնել հավաքականում: Բայց ասել եմ ոչ թե նրան կբերեմ հավաքական, այլ կփորձեմ հետը խոսել: Զրույց ունեցել ենք, բայց առայժմ չենք հանդիպել, առաջիկայում կտեսնվենք: Իր որոշումն ինչպիսին էլ լինի, կհարգեմ այն: 

Չգիտեմ, թե լրագրողները կամ բլոգերներն ինչպես են իմանում մեր ներքին միջադեպերի մասին: Այդպես նրանք անդրադարձել էին իմ ու Նաիր Տիկնիզյանի միջեւ խոսակցությանը։ Պարզապես իրար հետ մի քանի բառ ենք փոխանակել ու դա դարձրել են քննարկման թեմա:
 
Հետո եմ իմացել, որ որոշ ֆուտբոլիստներ մտերիմ են լրագրողների հետ ու իրենք են ներքին տեղեկությունները նրանց հասցնում: Առաջիկա հավաքի ժամանակ այդ թեմայի շուրջ տղաների հետ խոսակցություն եմ ունենալու: Անգամ ամենաառողջ թիմերում ու անձնակազմերում են անհամաձայնություններ լինում: 

Ինքներդ տեսաք, թե այդ միջադեպից հետո ինչպես էին ինձ քննադատում, կարող էի չէ՞ Տիկնիզյանին այս հավաքին չհրավիրել, պատկերացնո՞ւմ եք այդ դեպքում ինչ տեղի կունենար:

Օգնյեն Չանչարեւիչի հետ եւս խոսել եմ, նա ամենադժվարին պահերին, երբ դարպասապահի կարիք ենք ունեցել, մեր թիմի կողքին է եղել: Բայց արդեն 35 տարեկան է ու մանավանդ Հենրի Ավագյանի նման խաղի պայմաններում, չի կարող առաջին համարը լինել: Պարզապես ուրախ եմ, որ Չանչարեւիչը մեր թիմի շտաբում է ու անհրաժեշտության դեպքում նա ու Արսեն Բեգլարյանը կարող են օգնել մեզ:

Լրագրողներն ասում են, որ Տիգրան Բարսեղյանը համաձայնել է վերադառնալ հավաքական միայն ավագի կարգավիճակով, սակայն ոչ մեկն իմ առաջ չի կարող այդպիսի պահանջ դնել: 

Այո, Էդուարդ Սպերցյանը պետք է լիներ թիմի ավագը, ես խոսել եմ նրա հետ ու խոստացել, որ այս ընտրական մրցաշարի ավարտից հետո նա է երկար տարիներ լինելու թիմի ավագը, քանի որ արժանի է: Բարսեղյանն ինձ տեղեկացրել էր, որ այս փուլի ավարտից հետո հավաքականում կարիերան վերջացնելու է: Իսկ քանի որ հավաքականում ավանդույթներ կան ու ամենաերկար խաղացած ֆուտբոլիստն է ստանձնում ավագի թեւկապը, այն հանձնեցի Բարսեղյանին: 


Նա շատ բան է արել թիմի համար ու արժանի է հավաքականի ավագի կարգավիճակով հեռանալ։ Ամենակարեւորն ուզում էի տեսնել, թիմ է վերադարձել որպես կարգապահ ֆուտբոլիստ, բայց կարմիր քարտն ամեն ինչ խախտեց: Ամեն դեպքում իմ որոշման մեջ չեմ սխալվել:

Վարազդատ Հարոյանի մասին չեմ խոսի, դա տասներորդական հարցն է ինձ համար, հիմա ավելի շատ խնդիրների վրա եմ կենտրոնացած: Ֆուտբոլիստն իր զրույցում պատճառների մասին խոսել է: 


Խնդրում եմ, ինձ մի քիչ վստահեք, եկել եմ կառուցելու եւ դժվարությունները լուծելու, ոչ թե կայանալու կամ որեւէ բան ապացուցելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին