Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շաբաթներ առաջ էր հայտարարել, որ հեռանում է ընտրանուց։
Այժմ նա հարցազրույց է տվել Championat.com-ին ու հայտնել մանրամասների մասին։
«Չինաստանում խաղալուց հետո որոշեցի վերադառնալ տուն, շատ էի կարոտել Հայաստանը։ Բայց «Փյունիկ»-ում դժվարություններ առաջացան գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Հունգարիան առաջին հնարավորությունն էր կարիերաս շարունակելու համար։ Ոչնչի չէի սպասում, պարզապես ցանկանում էի հեռանալ ու հայտնվեցի այստեղ։
Երբ վերադարձա հարազատ «Փյունիկ», Մելիքյանն արդեն աշխատում էր այնտեղ։ Մենք իրար վաղուց ենք ճանաչում, նույնիսկ միմյանց դեմ ենք խաղացել։ Շատերն էին ասում, որ իրար հետ չենք կարող աշխատել, այդպես էլ ստացվեց։ Այլեւս ոչ մի օր նրա հետ չեմ աշխատի, նույնիսկ տեսնել չեմ ուզում։ Կարիերայիս ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, բայց ոչ ոքի հետ խնդիր չի եղել, շատերի հետ մինչ այսօր էլ շփվում եմ։ Միայն երկուսի հետ դժվարություններ առաջացան, երկուսն էլ հայ են՝ Եղիշե Մելիքյանի ու Գրիգորի Բաբայանի։
Շաբաթներ առաջ ասացի, որ ուզում եմ ավարտել կարիերաս հավաքականում, այդպես էլ արեցի։ Դա կապված է միայն մարզչի հետ։ Դեռ կարող էի երկար տարիներ օգնել ազգային թիմին, ինչպես արել եմ դա։ 92 հանդիպում եմ անցկացրել, վերջին տարիներին եղել ավագը, տվել այն, ինչ կարող էի։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել իմ նվիրվածության ու հայրենասիրության մասին։ Պարզապես եկել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու պահը։ Թաքցնելու բան չկա, նման որոշումը եղել է մարզչական փոփոխությունից հետո։
Այն շատ դժվարությամբ է ինձ տրվել։ Չէի սպասում, որ նա կգլխավորի Հայաստանի հավաքականը։ Իրականում ամեն ինչ այլ էի պատկերացնում։ Արդեն 33 տարեկան եմ ու ինչ-որ բանի դիմանալու համար ոչ այդքան երիտասարդ։ Հավաքականն ինձ շատ բան է տվել, գրեթե ոչ մի հավաք ու նույնիսկ մարզում բաց չեմ թողել։ Հայաստանն իմ երկիրն է, ես շատ եմ սիրում այն։ Բայց ես չեմ ուզում աշխատել այդ մարզչի հետ, որովհետեւ չի ստացվելու, նույնիսկ փորձել չեմ ուզում։
Դժվար լինի վերադարձ։ Չգիտեմ ապագան ինչպես կլինի, բայց իմ որոշումները չեմ փոխում։ Արդեն բոլորին հրաժեշտ եմ տվել։
Կարծում եմ, ավագը պետք է լինի Էդուարդ Սպերցյանը։ Անկեղծ ասած այդ թեմայով տղաների հետ չեմ խոսել, բայց Էդիկն արժանի է ավագի թեւկապին։ Նա ավելիին է արժանի՝ պետք է հեռանա Ռուսաստանի առաջնությունից, խաղա Եվրոպայի թոփ ակումբներից մեկում ու նոր էջ բացի իր կարիերայում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: