ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իռլանդիային (2:1) հաշվով հաղթելուց հետո Եղիշե Մելիքյանը նշել է, որ այս պահին դա առավելագույն ներուժն է, որը Հայաստանի հավաքականն ունի:
Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նա խոստովանել է, որ թիմն ուժեղացնելու որեւէ հնարավորություն չկա:
«Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում նոր երիտասարդներ ավելանան, այդպես հայտնվեց նաեւ Էրիկ Փիլոյանը, բայց այլ մեծ ռեսուրսներ դրսից ու ներսից չունենք: Թեեւ լավ երիտասարդ խաղացողներ կան, բայց նման մակարդակում հանդես գալու համար ժամանակ է պետք, իսկ երկրպագուները սովորաբար սպասել չեն սիրում»,- ասել է նա:
Մելիքյանը նաեւ անկեղծացել է, որ հաճախ է շփվում մեր ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, երեկ եւս զրույց են ունեցել. «Չեմ կարող ասել, թե ինչի մասին ենք խոսել: Պետք է անպայման մեկնեմ Իտալիա ու հետը զրուցեմ: Առայժմ իր կարծիքը չգիտեմ, հստակ կիմանամ, երբ միասին կնստենք, կընթրենք ու կզրուցենք, բայց անպայման փորձելու եմ»:
Հենրիխ Մխիթարյանը հավաքականից հեռանալու մասին հայտնել է 2022 թվականի մարտի 3-ին:
«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում ու երբ խփեցի առաջին գոլս Աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։
Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թեւկապը: 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից եւ իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից եւ վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս»,- գրել էր նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: