Սեպտեմբեր 10, 2025
143 դիտում

Նաիր Տիկնիզյան. Այս հաղթանակը մեր ազգի ու երկրպագուների համար է


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում 2:1 հաշվով հաղթանակ է տարել Իռլանդիայի նկատմամբ:


Նաիր Տիկնիզյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաեւ մեկնարկում Պորտուգալիայից 0:5 հաշվով կրած պարտությունից:

«Հաղթանակից տպավորություններն ամենադրականն են, այն մեր ազգի ու երկրպագուների համար է: Մեր մեջ ներարկելու ենք հաղթողի հոգեբանությունը: 

Սա հաղթանակ է խմբի 6 հանդիպումներից ընդամենը մեկում: Թող մարդիկ ուրախանան, իսկ մենք կվերադառնանք մեր ակումբներ եւ կշարունակենք աշխատել: Հետո նորից կմիանանք հավաքականին ու հետամուտ կլինենք մեր առջեւ դրված խնդրին: Այնպես որ, ուրախանալու ժամանակ չկա:

Իռլանդիայի դեմ հանդիպումը լավն ու հագեցած ստացվեց, կարգապահ ենք ու թիմային հստակ կառուցվածք ունենք, որն էլ պահում ենք: Այսօր հենց դրա ու Եղիշե Մելիքյանի պահանջածի հաշվին հասանք նման արդյունքի: 



Պորտուգալիայի մակարդակն այլ էր ու միայն կարգապահության հաշվին հաղթել հնարավոր չէր: Ամեն դեպքում պորտուգալացիների խաղամակարդակը շատ-շատ բարձր է: Էլի ջանքեր էինք գործադրում, բայց չստացվեց:

Փորձեցինք հնարավորինս շուտ մոռանալ այդ հանդիպման մասին, արագ վերլուծեցինք սխալներն ու երկար չտխրեցինք, քանի որ պետք է տրամադրվեինք Իռլանդիայի դեմ հանդիպմանը: Համարում եմ, որ լավ ենք պատրաստվել: 

Հավաքականում անցկացրած 5-6 օրերի ընթացքում տեսական պարապմունքները բավական շատ էին, ֆուտբոլիստի համար դրանք բարդ են, բայց իրենց պտուղները տալիս են: Պետք է ինչ-որ բան զոհաբերել, եթե ցանկանում ես հաջողության հասնել»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին