Սեպտեմբեր 10, 2025
146 դիտում

Հայաստան-Իռլանդիա՝ 2:1. Եղիշե Մելիքյանը հաղթանակը տուն բերեց


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի երկրորդ խաղում վերջապես կարողացավ առաջին հաղթանակը տանել՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով Իռլանդիային։

Մինչդեռ Հայաստանի ընտրանին կարող էր առաջին գնդակը բաց թողնել արդեն 4-րդ րոպեին, բայց Օգնյեն Չանչարեւիչի կոպիտ սխալից հետո Էրիկ Փիլոյանը Էվան Ֆերգյուսոնի հարվածից հետո գլխով գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից։

 

Այդ դրվագից հետո իռլանդացիների ակտիվությունը մարեց, բայց հայերն էլ չէին կարողանում գտնել մրցակցի դարպասին մոտենալու տարբերակները։ Հիմնական իրադարարձություններն ու խաղարկումները տեղի էին ունենում խաղադաշտի միջնամասում։ 

Լուսանկարը` Photolure

19-րդ րոպեին վերջապես Հայաստանի հավաքականին հաջողվեց հարվածել մրցակցի դարպասին, աչքի ընկավ Լուկաս Սելարայանը, բայց Քիվին Քելեհերը որսաց այն։ 30-ին իռլանդացիները նորից հայտնվեցին վտանգավոր դիրքում, Ջեք Թեյլորի հարվածից հետո Չանչարեւիչին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային։ Հյուրերն աստիճանաբար սկսեցին ավելի վտանգավոր դառնալ, նրանց նորից հաջողվեց հարմար դիրքում հայտնվել, բայց հաշիվը շարունակում էր 0:0 մնալ։ 

 

35-րդ րոպեին արդեն Հայաստանի հավաքականը կարող էր աչքի ընկնել, նախ Տիգրան Բարսեղյանը հարվածեց, բայց Քելեհերը տեղում էր, ապա երկու անգամ իրար հետեւից վտանգավոր էր Հրանտ-Լեոն Ռանոսը, նրա վերջին հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։  

Լուսանկարը` Photolure

Առաջին կեսի ավարտին խաղը բավական հետաքրքիր դարձավ, 44-րդ րոպեին իռլանդացիները տուգանային հրապարակում Սելարայանի հետ պայքարում խախտեցին կանոնները, եւ Էդուարդ Սպերցյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ այս ընտրական մրցաշարում առաջին անգամ առաջ մղելով Հայաստանին։

 

 

Երկրորդ խաղակեսը Եղիշե Մելիքյանի սաները բավական ակտիվ սկսեցին ու 51-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը։ Րոպեներ անց Իռլանդիան կրճատեց հաշիվը՝ 57-րդ րոպեին աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։ 

 

 

Հայաստանի ընտրանին այս տարվա 6-րդ խաղում առաջին հաղթանակը գրանցեց, ու այն էլ՝ նոր գլխավոր մարզչի հետ։ Հայաստանն F խմբում 3 միավոր ունի, ինչպես եւ Պորտուգալիան, որը քիչ անց մրցելու է Հունգարիայի դեմ։ Իռլանդիան իր առաջին խաղում ոչ-ոքի է խաղաղել Հունգարիայի հետ եւ 1 միավոր ունի։ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին