Սեպտեմբեր 01, 2025
183 դիտում

ՄՅՈւ-ն շարունակում է հակառեկորդների շարքը՝ 1-ին անգամ զիջելով 4-րդ դիվիզիոնի թիմին


Լուսանկարը` Grimsby Town Football Club


Համաշխարհային ֆուտբոլային պարբերականները հերթական զարմացական անդրադարձներ են կատարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։

Այն, որ թիմում արդեն տեւական ժամանակ է խնդիրներ կան, գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Չստացված հանդիպումներ, պարտություններ, անհասկանալի հարաբերություններ մարզչական շտաբի, ֆուտբոլիստների ու ղեկավարության միջեւ։ Սրանք կարծես սովորական են դարձել։ Բայց պարտություն Անգլիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող թիմից այն էլ հենց մեկնարկային խաղում․․․ անսպասելի էր։

Ռուբեն Ամորիմի թիմն Անգլիայի լիգայի գավաթի 2-րդ փուլում մրցել է «Գրիմսբի Թաուն»-ի հետ ու պարտվել հետխաղյա 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, այն դեպքում, որ Ամորիմի սաները պարտվելիս են եղել 0։2 հաշվով։


«Կարծում եմ հաղթեց այն թիմը, որը խաղադաշտում ավելի ուժեղ էր, նույնիսկ լավագույն խաղացողները կարող են պարտվել։ Իմ կարծիքով թիմը եւ առանձին խաղացողներն իրենց հայտարարությունն արեցին։ Այսքանը։ Մենք պարտվեցինք՝ հաղթեց լավագույն թիմը»,- ասել է Ամորիմը։

Մրցաշարի շրջանակներում սա մանկունիացիների առաջին պարտությունն է 4-րդ դիվիզիոնի թիմից։ Վերջին անգամ թիմը նման վաղ փուլից պայքարը լքել էր 2014-ին, երբ պարտվել էր «Մք Դոնս»-ից։ Իսկ ահա 2023 թվականին Մանչեսթերի թիմը Էրիկ տեն Հագի գլխավորությամբ նվաճել էր Լիգայի գավաթը։

Նոր մեկնարկած մրցաշրջանում ՄՅՈւ-ն անցկացրած երեք խաղում ոչ մի հաղթանակ չի տոնել՝ 1 ոչ-ոքի, 2 պարտություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին