Օգոստոս 05, 2025
exclusive
782 դիտում

Վարդան Մինասյանով հետաքրքրված է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի հավաքականը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ծառայություններով հետաքրքրված է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի հավաքականը: Այս մասին Մեդիամաքս Սպորտ-ը տեղեկացել է իրազեկ աղբյուրից:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում մարզիչը հաստատել է այդ տեղեկությունը՝ հրաժարվելով նշել այն երկիրը, որտեղից հրավեր է ստացել: «Ուզբեկստանի ընտրանու Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ դուրս գալը մոտիվացրել է նաև տարածաշրջանի մյուս երկրների ընտրանիներին, հետևաբար՝ այս առաջարկությունը ինձ համար անակնկալ չէր: Ընդհանուր առմամբ, «Արարատ-Արմենիա»-ից հեռանալուց հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց ոչ մեկը դեռևս չեմ ընդունել: Կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնցից կախված կլինի իմ համաձայնությունը: Եվ դրանցից ամենակարևորը՝ ինչ նպատակներ է հետապնդում տվյալ թիմը: Պատրաստ եմ ղեկավարել միայն այնպիսի թիմ, որն իր առջեւ հավակնոտ նպատակներ է դնում»,- նշել է Մինասյանը:

Միևնույն ժամանակ, նա հերքել է այն լուրերը, թե մտադիր է վերադառնալ «Փյունիկ», որի հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: «Այս պահին հետաքրքրված չեմ Հայաստանում մարզչական աշխատանքով և նման առաջարկություններ չեմ դիտարկում»,- նշել է Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ Մինասյանի ղեկավարությամբ «Արարատ-Արմենիա» ակումբը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, երկու անգամ՝ Սուպերգավաթակիր և մեկ անգամ՝ գավաթակիր, իսկ անցած մրցաշրջանում նվաճել է առաջնության արծաթե մեդալները: Նրա ղեկավարած Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային 32-րդ ռեկորդային տեղը: Վարդան Մինասյանը աշխատել է նաև արտերկրում, մասնավորապես՝ Ղազախստանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին