Նախորդ շաբաթ «Փյունիկ»-ը Սան Մարինոյում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում նվազագույն հաշվով պարտություն էր կրել «Տրե Ֆիորի»-ից։
Այսօր Եղիշե Մելիքյանի թիմը սեփական հարկի տակ անցկացնելու է պատասխան դիմակայությունը։
«Առաջին խաղում պարտավոր էինք հաղթել։ Չստացվեց, ինչի համար ես շատ ամաչում եմ։ Հիմա ունենք հնարավորություն ամեն ինչ ուղղելու, մեր առաջադրանքն է անցնել այս թիմի արգելքն ու պարտավոր ենք անել դա։ Ես խնդիր ունեի տղաներին տրամադրելու, չէի կարողանում մոտիվացիա տալ, արդյունքը եղավ այն, որ պատժվեցինք։ Հիմա նրանք գիտեն, որ ոչ թե Սան Մարինոյի թիմի դեմ են մրցելու, այլ մի մրցակցի, որն իրենց հաղթել է»,-ասել է Եղիշե Մելիքյանը։
Գլխավոր մարզիչն անդրադարձել է նաեւ ակումբի նախագահ Անտոն Ֆարբերի այն խոսքերին, թե ««Փյունիկ»-ը լիովին պատրաստ է»՝ նշելով, որ չի հասկացել այդ մեկնաբանությունը։
«Ո՞վ է թիմը պատրաստում ու գնահատական տալիս, թե ինչ վիճակում է գտնվում՝ գլխավոր մարզիչը։ Ես իրեն նման բան չեմ ասել ու չգիտեմ, թե որտեղից ունի նման կարծիք։ Կես տարվա ընթացքում մեկ պարապմունք անգամ ներկա չի եղել եւ հարցազրույց է տալիս այլ երկրից՝ սա ինձ համար անհասկանալի է։ Ես ասում եմ, որ թիմը լավ մարզավիճակում չէ, ֆուտբոլիստներն ուշ են միացել ու հավաքը լիարժեք անցկացնել չենք կարողացել։ Բայց դա պատճառ չի, որ մենք այս խաղին լավ չմոտենանք։ Ես ամբողջովին նվիրված աշխատում եմ ու կրկնում, որ պարտավոր ենք անցնել Կոնֆերենցիաների լիգայի այս փուլը»,-ավելացրել է մասնագետը։
«Փյունիկ»- «Տրե Ֆիորի» դիմակայությունը կկայանա այսօր, ժամը 20։00-ին Հանրապետական մարզադաշտում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: