Այն, ինչ արեց այսօր Վրաստանի ֆուտբոլի հավաքականը, նկարագրելն անհնար է։
Թբիլիսիում կայացած Ազգերի լիգայի անցումային խաղում տանտերերը Հայաստանի հավաքականին ցույց տվեցին, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ առհասարակ ու հաղթել։ Մեկը մյուսի հետեւից գրոհներ, կազմակերպված խաղ, գոլեր ու գոլեր։ Դեռ առաջին խաղակեսի ավարտին հաշիվն արդեն 5։0 էր։ Իսկ հայ ֆուտբոլիստները բացարձակապես ոչինչ չէին կարողանում անել, կարծես առաջին անգամ էին գնդակ տեսնում ու պարզապես տառապում էին խաղադաշտում։
4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օթար Քիտեիշվիլին, իսկ դրան հաջորդեցին Գիորգի Միկաուտաձեի, Գեորգի Չակվադաձեի գոլերը։ Քիտեիշվիլին ու Միկաուտաձեն դարձան նաեւ դուբլի հեղինակներ։
Երկրորդ կեսի սկզբնամասում վրացիները կարծես մի քիչ հանգստացել էին, ինչի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Էդգար Սեւիկյանը։ Տանտերերն այլեւս նույն ոգեւորությամբ չշարունակեցին խաղը՝ միգուցե խղճալով մրցակցին, միգուցե, որովհետեւ արդեն ամեն ինչ էլ պարզ էր։ Չնայած դրան, Խվիչա Կվարացխելիան հաշիվը դարձրեց 6։1՝ կրկին ուրախացնելով իր հայրենակիցներին։
Թիմերի առաջին դիմակայությունում Վրաստանը հաղթել էր 3։0 հաշվով։ Ընդհանուր հաշիվը 9։1 է, իսկ Ազգերի լիգայի B լիգայում հանդես կգան վրացիները, հայերը կշարունակեն ելույթները C լիգայում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: