Այսօր հայ լրագրողները ծանոթացել են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի հետ ու Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի հետ խաղերից առաջ ուղղել իրենց հարցերը։
«Վրաստանի հավաքականը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել, տաղանդավոր խաղացողներ ունի եւ հանդես է եկել ԵՎՐՈ-ում։ Հունաստանի հավաքականի ղեկին մրցել եմ Վրաստանի դեմ։ Թիմը բավական հասուն է ու մենք հետ ենք նրանից, պետք է աճենք ու հասնենք այդ մակարդակին, ինչը մեծ մարտահրավեր է մեզ համար։ Վրաստանի հավաքականը լավ օրինակ է, թե ինչպես փոքր երկիրը կարող է կառուցել նման լավ թիմ։
Շատ քիչ օրեր եմ դեռ անցկացրել հավաքականում եւ չենք հասցրել շատ պատրաստվել։ Տղաների ու անձնակազմի միջեւ շատ լավ էներգիա ու նվիրվածություն կա։
Հայաստանի հավաքականը գլխավորելուց առաջ նախ հիշել եմ Հունաստանում ունեցած փորձը, եւ ցանկացել նմանատիպ աշխատանք իրականացնել մեկ այլ հավաքականի հետ։ 2019-ին Հունաստանի ընտրանու հետ եղել եմ Հայաստանում, զարմացել ու հիացել ենթակառուցվածքներով ու մարզումային պայմաններով։ Դրա համար էլ համաձայնվել եմ ստանձնել այս աշխատանքը։
Դեռ մի քանի շաբաթ ենք այստեղ, սկսել ենք դանդաղ քայլերով ծանոթանալ հայկական ֆուտբոլին ու խաղացողներին։ Պետք է հուսանք, որ ֆուտբոլիստները կկարողանան ավելի բարձրակարգ մակարդակով հանդես գալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում։ Հույս ունենք՝ խաղացողները հետագայում կավելացնեն։
Ներկա եմ եղել առաջնության խաղերին ու մի քանիսից իսկապես հաճույք ստացել։ Տեսել եմ, թե երիտասրադ ու տարեց ֆուտբոլիստները որքան բարձր մակարդակով են հանդես գալիս։
Հավաքականի ղեկին մեր հիմնական նպատակն ԱԱ-ի ընտրական խաղերին լավ պատրաստվելն է, իսկ կարճաժամկետը՝ լավ հանդես գալ Վրաստանի դեմ ու մրցակցի համար փորձել խնդիրներ ստեղծել։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, բայց մենք պրոֆեսիոնալ ենք ու ձգտելու ենք դրական արդյունքի»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: