Փետրվար 21, 2025
562 դիտում

ՖԱՖ-ի հիմնադիր անդամը դժգոհ է Հայաստանի հավաքականի նոր մարզչի նշանակումից



ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպի նշանակման առիթով:


«Հրապարակվեց ազգային հավաքականի մարզչի անունը: Ինչպես եւ սպասում էինք, հերթական անգամ ունեցանք մարզիչ, որի անունը պետք է գուգլեինք՝ հասկանալու համար, թե ում է վստահվել թիմի ղեկը։

2-րդ հոլանդացի մարզիչն ունենք`Հենկ Վիսմանից հետո։ Հիշում եմ` անփառունակ արդյունքներից հետո, այն ժամանակվա ՀՖՖ նախագահը հայտարարեց հոլանդական մենթալիտետն ու մերը չեն համապատասխանում: Սպասում ունեմ հիմա գոնե նույն որակումը չի լինի։

Հիմա հերթով` ՀՖՖ-ն նորից խոստումը չկատարեց, երիտասարդ, հավակնոտ, ֆուտբոլային սով ունեցող մարզչի թեման հասկանալի էր, որ անիրականալի է եւ ընդամենը ֆուտբոլասերների գլխի տակ փափուկ բարձ դնելու գործառույթ է կատարում։ Երբ Կապառոսն ու Բատրանկովը գլխավորեցին հավաքականը, գրեթե նույն տարիքի էին, ինչ հոլանդացին։

Իսպանական ընդգծված մոդելով շարժվող ՀՖՖ-ն տոտալ ձախողումից հետո, հավաքականը վստահվում է մի ամբողջ կյանք հոլանդական դպրոցով անցած մարզչի։ Կապառոսի՝ Հայաստան գալուց առաջ էլ կերակրում էին, որ «Սեւիլիա»-ի հիմնական թիմն է գլխավորել, մեծ ակումբների հաղթել:

Մարզչի մասին քննարկումները դատարկ են ու ոչ մի տեղ չեն տանում, դա կյանքն է ցույց տվել ու մեր անցած երկար տարիները։ Մեզ դաս չի լինում ոչ մի բան։ ՀՖՖ-ն շեղված է շուտվանից կամ էլ ուղղակի ֆուտբոլի տոտալ զարգացումն իր ուժերից վեր է: Վերջինս այս պահին չունի համակարգ, ծրագիր, ռազմավարություն, տեսլական` ուր ենք գնում, ոնց ենք գնում։

Մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլի ծրագրերը ձախողված են, ոչ ոք չի հիշում դրանց մասին, չունենք ֆուտբոլիստների բազա։ Մելիքբեկյանը բազայի բացակայությունն էր պատճառ բերում 2011-ի ոսկե սերնդի հետագա անհաջողությունում։

ՀՖՖ-ն իներցիայով` մի հաջողություն կպցնելով, մի անհաջողություն «կռուտիտ անելով» փորձում է մնա ջրի վրա, բայց այս ֆեդերացիայի ամեն ամսվա պաշտոնավարումը բավական հետ է գցում հայկական ֆուտբոլի շատ դժվար, երկարամյա վերականգնման ու զարգացման մեկնարկը։

ՀՖՖ-ի հեռացումը  մեզ համար օրվա հրամայականն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին