Փետրվար 21, 2025
349 դիտում

«Ռեալ»-ին ընդմիշտ սիրահարված Ֆլորենտինո Պերեսը


Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid


Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալ»-ն է, որը դրանց մեծ մասին հասել է Ֆլորենտինո Պերեսի ղեկավարությամբ։

Մի քանի օրից Արքայական ակումբի նախագահը կդառնա 78 տարեկան, իսկ նրա պաշտոնավորումը նախատեսված է մինչեւ 2029 թվականը (եթե, իհարկե, դրանից հետո կրկին չվերընտրվի)։

Հաջողակ բիզնեսմենը

Լուսանկարը` UEFA


Ֆլորենտինո Պերեսը ծնվել է 1947 թվականին Մադրիդում՝ օծանելիքի խանութի սեփականատիրոջ ընտանիքում։ Ապահովված ընտանիքի որդին նախ էլիտար դպրոց է գնացել, ապա Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանում ստացել ինժեների մասնագիտություն։

Կարիերան սկսել է մասնավոր բիզնեսում, սակայն հետագայում աշխատել է նաեւ Իսպանիայի պետական կառույցներում։ Մեծ ներգրավվածություն ու բարձր պաշտոններ է զբաղեցրել երկրի կառուցապատման, ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական ոլորտների ծրագրերում։ 1990-ականներից կրկին վերադարձել է մասնավոր հատված ու ղեկավարել շինարարական խոշոր ընկերություններ։

Պերեսը չի անցել նաեւ քաղաքականության կողքով ու 1979-ին մտել է «Դեմոկրատական կենտրոնի միություն» կուսակցության շարքերը, դարձել Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 1970-ին ամուսնացել է Մարիա Անխելեսի հետ, որի հետ ապրել է մինչեւ կնոջ մահը՝ 2012 թվականը։ Ունի երեք երեխա։

2-րդ փորձից դառնում է «Ռեալ»-ի նախագահ

Լուսանկարը` Goal.com


«Կյանքում սիրահարվել եմ երկու անգամ՝ «Ռեալ»-ին ու կնոջս։ Բայց սկզբից եղել է «Ռեալ»-ը»,-խոստովանել է Ֆլորենտինո Պերեսը։

Գործունյա ու հաջողակ Պերեսը 1990-ականներին որոշում է ուժերը փորձել ֆուտբոլում։ Իսպանիայում ամենապահանջված ու սիրված ոլորտը ֆուտբոլն է, իսկ բիզնեսից լավ հասկացող Պերեսը գիտեր, որ այստեղ հաստատ կարող է էլ ավելի առաջ գնալ։

Պատանի տարիքում նա խաղացել է ֆուտբոլ․ «Մոդրիչի դիրքում էի հանդես գալիս, բնականաբար, այնքան լավը չէ, ինչքան Մոդրիչն է»։

ԵՎ ահա, 1995-ին առաջին անգամ մասնակցում է «Ռեալ»-ի նախագահական ընտրությանը, բայց պարտվում։

Անհաջողությունից երբեք թեւաթափ չլինող իսպանացին 2000-ին եւս մտնում է պայքարի մեջ։ Նրա նախընտրական խոստումն էր լուծել ակումբի ֆինանսական ծանր խնդիրները եւ ուժեղացնել կազմը՝ հրավիրելով համաշխարհային ֆուտբոլի աստղերին։ Նա խոստացել էր «Ռեալ»-ում ընդգրկել հիմնական մրցակից «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուին։

Եւ ահա, 2000-ին երկրորդ փորձից նա ընտրվում է այդ պաշտոնում՝ ստանալով ձայների 55 %-ը։

Շլացուցիչ տրանսֆերներ, հաղթանակներ, հրաժարական

Լուսանկարը` Real Madrid


Երբ Պերեսը խոստացել է ձեռք բերել Ֆիգուին, «Ռեալ»-ի այն ժամանակվա նախագահ Լորենցո Սանսն ասել է․ «Չեմ հավատում։ Միգուցե Զիդանի՞ն էլ հրավիրի»։ Դրանից մեկ տարի անց Զիդանն արդեն Մադրիդում էր։

Պերեսը խոսքի տերը եղավ եւ Ֆիգուն այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 62 մլն եվրոյով, տեղափոխվեց մայրաքաղաք՝ սկիզբ դնելով «գալակտիկոս»-ի ժամանակաշրջանին։ 2001 թվականին «Ռեալ»-ն ուժեղացավ Զինեդին Զիդանով (նրա տրանսֆերը գերազանցեց Ֆիգուին՝ 75 մլն եվրո), 2002-ին Ռոնալդոյով, 2003-ին՝ Դեւիդ Բեքհեմով, 2004-ին՝ Մայքլ Օուենով։

Նրան հաջողվեց լուծել նաեւ ֆինանսական խնդիրները։ Մեծ պարտքեր կուտակած ակումբի նախագահը վաճառելով Մադրիդի կենտրոնում «Ռեալ»-ին պատկանող հողակտորը՝ ոչ միայն փակեց պարտքերը, այլ նաեւ օգուտ ունեցավ։

Պերեսի ղեկավարման առաջին տարիները սպորտային տեսանկյունից շատ հաջող էին։ 2000-2001, 2002-2003 մրցաշրջաններում թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն, 2002-ին 9-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Մեծ ուշադրություն նա դարձնում էր ակումբի շուկայական զարգացմանը, ինչը նպաստեց կոմերցիոն մուտքերի մեծացմանը՝ գովազդ, բարեգործական մրցաշարերի մասնակցություն Եվրոպայի սահմաններից դուրս։ Դրանց շնորհիվ 2004 թվականին Պերեսը կարողացավ կրկին վերընտրվել՝ ստանալով 94,2 % ձայն։

Սակայն թիմի արդյունքները սկսում են վատանալ։ 2003-ին նա հեռացնում է գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին։ Ստացվեց այնպես, որ դրանից հետո երեք մրցաշրջանում ակումբը փոխեց 5 մարզչի, իսկ միակ նվաճած գավաթը եղավ Իսպանիայի սուպերգավաթը՝ 2003-ին։

Պարտությունների ու անհաջողությունների շարքով պայմանավորված Պերեսը 2006-ին հայտարարեց, որ ամեն ինչում մեղավորն ինքն է ու հեռանում է զբաղեցրած պաշտոնից․ «Ակումբին ու թիմին անհրաժեշտ են նոր մոտեցումներ»։

Վերադարձ ու ռեկորդներ

Լուսանկարը` Marca


«Երբ փոքր էի, 50-ականներին հայրիկիս հետ գնում էի «Ռեալ»-ի հանդիպումներին։ Մանկությանս սիրելի ֆուտբոլիստն Ալֆերդո Դի Ստեֆանոն էր»։

«Ռեալ»-ով ապրող Պերեսի համար հեռանալն ընդմիշտ չէր։ 2009-ին նա կրկին դարձավ Արքայական ակումբի ղեկավարը։  Վերադարձը նշանավորվեց երկու հնչեղ տրանսֆերով՝ «Միլան»-ից 88 մլն եվրոյով ձեռք բերեց Կակային, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից 94 մլն-ով՝ Քրիշտիանու Ռոնալդուին։ Նա գերազանցում էր նախկինում իր իսկ սահմանած տրանսֆերային ռեկորդները։

Առաջին տարին տիտղոսներ նվաճել չհաջողվեց, դրա համար էլ 2010-ին որոշեց հրավիրել Ժոզե Մոուրինյոյին։ Վերջինիս գլխավորությամբ «Ռեալ»-ը 2012-ին դարձավ Իսպանիայի չեմպիոն, ռեկորդային թվով միավորներ վաստակեց ու հաղթանակներ տարավ։ «Սերուցքայիններ»-ը երեք անգամ դուրս եկան ՉԼ-ի կիսաեզրափակիչ, ինչը չէին կարողանում անել 2003 թվականից։

Պերեսի ռեկորդային տրանսֆերներից էր նաեւ Գարեթ Բեյլի տեղափոխությունը, որի համար ծախսեց 100 մլն եվրո։ Այդ ժամանակ մարզիչն արդեն Կառլո Անչելոտին էր, որի գլխավորությամբ «Ռեալ»-ը 12 տարվա դադարից հետո դարձավ ՉԼ-ի հաղթող։

Պերեսի հիանալի որոշումներից մեկը եղել է Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը։ Մեծագույն ֆուտբոլիստը միանգամից դարձավ թոփ-մարզիչ ու երեք անգամ անընդմեջ նվաճեց ՉԼ-ի գավաթը։

2024-ին Պերեսը դարձավ «Ռեալ»-ի պատմության ամենատիտղոսակիր նախագահը՝ շրջանցելով Սանտիագո Բերնաբեուին։ Նա «Ռեալ»-ի ֆուտբոլային թիմի հետ նվաճել է 37, իսկ բասկետբոլի՝ 27 տիտղոս։

Հակասական նախագահը

Լուսանկարը` Getty Images


Պերեսը միշտ ցույց է տալիս, որ ակումբում գլխավորն ինքն է։ Նրան քննադատողները միշտ նշում են ակումբին նվիրված մի շարք ֆուտբոլիստների ու նաեւ մարզիչների հեռացումները։ Իկեր Կասիլիասը, Ռաուլը, Գուտին եւ այլ ֆուտբոլիստներ այդպես էլ չարժանացան հրաժեշտի այն արարողությանը, որին սպասում էին թե՛ իրենք, թե՛ մադրիդիստաները։

Պերեսի հետ վիճելը վտանգավոր է։ Անչելոտին այդ դասը լավ է յուրացրել։ 2015-ին նա հեռացվել էր «Ռեալ»-ից, որովհետեւ նախագահի ցանկությանը դեմ էր գնացել ու փոխարինել էր Բեյլին։ 2021-ին իտալացին վերադարձավ եւ այլեւս նման սխալներ թույլ չտվեց։

Լրագրողները բազմիցս են փորձել Պերեսի վրա ինչ-որ բանում բռնացնել, բայց ապարդյուն։ 2022-ին El Confidencial-ը հրապարակել էր ձայնագրություն, որտեղ Պերեսը Ռոնալդուին ու Մոուրինյոյին անվանել էր «ագահ հիմարներ», իսկ Ռաուլին ու Կասիլիասին՝ «ակումբի պատմության ամենամեծ խարդախներ»։ Սակայն դատավարության ժամանակ ապացուցվել էր, որ ձայնագրությունները կտրված են կոնտեքստից։ Դատարանն արգելել էր El Confidencial-ին հետագայում ցանկացած հրապարակում անել Պերեսի մասին, իսկ վերջինս լրատվամիջոցից պահանջել խորհրդանշական 1 եվրո փոխհատուցում։

Ոչնչի առաջ պետք չէ կանգ առնել

Լուսանկարը` Real Madrid


Պերեսը ղեկավարում է շատ վստահ ու չի վախենում, թե դուրս կգա այնպիսի մրցակից, որը նրան կհեռացնի գահից։  Չնայած, դա անելն այս պահին այդքան էլ հեշտ չէ։ 2012 թվականին հենց Պերեսը փոխեց ակումբի կանոնադրության որոշ կետեր։ Դրանց համաձայն նախագահի թեկնածու կարող է դառնալ միայն առնվազն 20 տարվա փորձ ունեցող ակումբի անդամը, որը կտրամադրի անձնական ֆինանսական երաշխիքներ ակումբի տարեկան բյուջեի առնվազն 15%-ի չափով։ Այս քայլով նա էականորեն նվազեցրեց իր մրցակիցների թիվը եւ դրանից հետո վերընտրվեց եւս 3 անգամ։

Նրա իշխանությունը «Ռեալ»-ում բացարձակ է։ Բարձրաստիճան հյուրերի հարթակ կարող է հրավիրել ում ցանկանա, պատահական չէ, որ այնտեղ հաճախ հայտնվում են բանկիրներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ։ Այդ գործիչները տարբեր ժամանակներում օգնություններ են ցուցաբերել ակումբին, ներդրումներ կատարել կամ ավելի հեշտ ճանապարհ հարթել։

Պերեսը կարողացել է հսկողություն սահմանել Մադրիդի սպորտային ԶԼՄ-ից շատերի վրա։ Շնորհիվ լրատվամիջոցների հետ սերտ կապերի՝ նա ուշադիր հետեւում ու երբեմն էլ հսկում է լրագրողների աշխատանքը։ Պերեսն իրեն շրջապատում է նրանցով, ովքեր իրեն պաշտում են, հեռացնում նրանց, ովքեր մրցակցում են կամ չեն կիսում իր կարծիքը։

Իրականում Պերեսը տարիներ շարունակ ապացուցել է, որ սուպերմենեջեր է, կարողանում է անսպասելի բարեփոխումներ կատարել եւ հասնում է ցանկալի արդյունքի։ Հաջողության գաղտնիքն այն է, որ շատ լավ հոգեբան է ու միանգամից է ճանաչում մարդկանց։

Ոչնչից չի վախենում ու գտնում է, որ ցանկալիին հասնելու համար հարկավոր է դիմել ամեն միջոցի։ Պատահական չէ, որ Զիդանին տեղափոխվելու առաջարկություն արել է անձեռոցիկի վրա, Ռոնալդոյին սպասել է ժամերով կամ էլ անձամբ մեկնել է Բենզեմայի բնակարան։

Ֆուտբոլում հեղափոխական դառնալու ճանապարհին

Լուսանկարը` Real Madrid


Ֆլորենտինո Պերեսի ճիշտ ղեկավարման շնորհիվ ակումբը հաղթահարեց կորոնավիրուսի ընթացքը եւ ֆինանսական կորուստներ չունեցավ։ Այդ նույն ժամանակ իսպանական մյուս ակումբները բավական շատ անհաջողություններ գրանցեցին կառավարման ոլորտում։

Ավելին, նա շարունակեց «Սանտիագո Բերնաբեու»-ի լայնածավալ վերակառուցումը՝ 1 մլրդ դոլար ներդնում ապահովելով ամերիկյան  Sixth Street ընկերությունից։

Տարիների ընթացքում փոխվել է նրա տրանսֆերային քաղաքականությունը։ Հրաժարվելով համաշխարհային ֆուտբոլի աստղեր գնելուց՝ նա սկսեց ուշադրություն դարձնել երիտասարդ ու հեռանկարային տաղանդների վրա։ Թիմում հայտնվեցին Կազեմիրոն, Վինիսիուսը, Ռոդրիգոն, Ջուդ Բելինգհեմը։

Իրականում «Ռեալ»-ի ու նրա երկրպագուների բախտը բերել է, որովհետեւ Պերեսի ձգտումներն անսահման են։  

Նախագահի մեծագույն հաղթանակներից է ԵՄ-ի դատարանի ընդունած որոշումը, որն ապօրինի էր որակել ՈւԵՖԱ-ի կողմից Սուպերլիգայի անցկացման արգելքը։ Սուպերլիգան Պերեսի հարազատ զավակն է, որը գործելու էր  ՖԻՖԱ-ից եւ ՈւԵՖԱ-ից անկախ։ Վերջիններիս կոշտ արձագանքից հետո մրցաշարին կողմ արտահայտվող ակումբները լքեցին շարքերը եւ մնացին միայն  «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն ու «Յուվենթուս»-ը։ Եթե Պերեսին հաջողվի ի վերջո այն կյանքի կոչել, ապա կդառնա եվրոպական ֆուտբոլի մեծագույն հեղափոխականը։

«Ֆուտբոլը պետք է փրկել։ Այն կորցնում է գրավչությունը, դրա համար էլ երիտասարդները ավելի ու ավելի քիչ են դիտում»,- այսպես է կարծում նա։

Ձգտելով նոր նվաճումների

Լուսանկարը` Real Madrid


Միշտ դասական կոստյումով նախագահի  կարողությունը գնահատվում է ավելի քան 3 մլրդ դոլար։ Նա շատ փակ մարդ է ու հազվադեպ է հարցազրույցներ տալիս։

ԶԼՄ-ը գրում են, որ Պերեսն իրականում ցանկանում է իրենից հետո «Ռեալ»-ի ղեկավարումը փոխանցել նրան, ում ինքը հարմար կգտնի։ Վերջինս այսօր, կարծես թե դեռ չի նշմարվում, իսկ «երկաթե» ղեկավարն իր սիրելի ակումբի հետ նոր հորիզոններ նվաճելու ցանկություններով առաջ է շարժվում։

«Ինձ համար «Ռեալ»-ը կյանքի մեկնաբանությունն է։ Այնպիսին, ինչպիսին պետք է լինի մարդը. դժվարություններին դիմացող, վճռական, ճիշտ արժեքներով եւ զարգանալու մշտական ցանկությամբ»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին