Գրեթե 5 ամիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի մարզչի փնտրտուքների մեջ էր։
Այսօր վերջապես ՀՖՖ գործկոմը հաստատեց Արմեն Մելիքբեկյանի ներկայացրած թեկնածուին՝ Յոհանես վան’տ Սխիպին։ Ծանոթանանք թիմի նոր գլխավոր մարզչին։
1․ Յոհանես (Ջոն) վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին Կանադայում։ Ֆուտբոլային առաջին քայլերն արել է այնտեղ՝ նախքան 1972-ին ընտանիքի Նիդերլանդներ վերադառնալը։
2․ Նա ֆուտբոլային ճանապարհորդությունը սկսել է NFC-ում, որից հետո կառուցել է պրոֆեսիոնալ կարիերա «Այաքս»-ի ակադեմիայում:
3․ Նորամուտն «Այաքս»-ի կազմում տեղի է ունեցել 1981 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դրանից հետո կիսապաշտպանը 11 մրցաշրջան ներկայացրել է հարազատ ակումբը։
4․ «Այաքս»-ի կազմում մասնակցել է 273 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ։
5․ Ջոնը 4 անգամ նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, եւս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող է:
6․ Կարիերան ավարտել է Իտալիայի «Ջենոա»-ում՝ 1996-ին։

Լուսանկարը` AFP
7․ Նիդերլանդների հավաքականում անցկացրել է 41 հանդիպում ու 2 գոլ հեղինակել։ Նա ազգային թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի 1988 թվականի առաջնությանը եւ դարձել չեմպիոն։
8․ Մարզչական աշխատանքը սկսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո՝ աշխատանքի անցնելով «Այաքս»-ի երիտասարդական թիմում։
9․ Եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:
10․ Աշխատել է նաեւ «Այաքս»-ի գլխավոր թիմի հետ, մարզել է Հունաստանի ազգային հավաքականը, «Մելբուռն Սիթի»-ի հետ նվաճել է Ավստրալիայի գավաթը:
11․ Վան’տ Սխիպն ունի Նիդերլանդների եւ Կանադայի քաղաքացիություն։
12․ Բացի մայրենի հոլանդերենից, տիրապետում է անգլերեն, իսպաներեն եւ իտալերեն լեզուներին։

Լուսանկարը` FC Ajax
13. Վան’տ Սխիպը կատարել է իր կնոջ վերջին ցանկությունը, որի հետ 34 տարի ապրել են միասին: Դանիելայի մահից ընդամենը 2 շաբաթ անց գլխավորել է Ամստերդամի «Այաքս»-ը: Այդ քայլին է գնացել հանուն կնոջ․ «Ակումբի մարզչի պաշտոնին վերադառնալը Դանիելայի մեծ երազանքն էր, բայց, ցավոք, նա այդ ամենը չտեսավ: Հնարավոր է՝ հենց նա է իմ տեղափոխման մեջ դերակատարում ունեցել: Հավատում եմ, որ այդպես է»,- պատմել է վան’տ Սխիպը:
15. Դանիելան մահացել է 55 տարեկանում՝ քաղցկեղից: Նրանք Դեյվի եւ Դանիել անունով երեխաներ ունեն: Ամուսինները ծանոթացել են, երբ մարզիչը հանդես էր գալիս «Այաքս»-ի երիտասարդական թիմում:
16. Մարզիչը շատ կարեւոր պատճառով բաց է թողել իր նախկին ակումբի՝ «PEC Zwolle»-ի դեմ խաղը: «Որդուս հարսանիքը տեղի է ունենալու Ավստրալիայում ու ես պետք է անպայման ներկա լինեմ, մանավանդ՝ կնոջս մահից հետո: Դա «Այաքս»-ի հետ ունեցած բանակցությունների կարեւոր պայմաններից մեկն է եղել»,- նշել է մարզիչը:

Լուսանկարը` Imago
17. Նրա որդին եւս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու հանդես է գալիս Ավստրալիայում:
18. Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆը Վան’տ Սխիպի ուսուցիչն է եղել: 1981 թվականին հենց Կրոյֆի պնդմամբ է «Այաքս»-ի գլխավոր մարզիչը Յոհաննես անվամբ նիհար, արագ ու տեխնիկապես ուժեղ տղային երիտասարդական թիմից բերել հիմնական կազմ․ «Վան’տ Սխիպը, վան Բաստենը, Ռայկարդն ու Դենիս Բերգկամպը պատկանում են խելացի ֆուտբոլիստների թվին: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է՝ պետք է խաղալ գլխով, իսկ ոտքերն օգնելու համար են»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: