Փետրվար 22, 2025
exclusive
271 դիտում

Աբրահամի մենամարտից 20 տարի անց. Երիտասարդ բռնցքամարտիկի առաջ նոր դռներ բացած գոտին


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


2005 թվականի փետրվարին 23-ամյա Արթուր Աբրահամը հաղթեց կանադացի Յան Գարդներին ու նվաճեց WBA միջմայրցամաքային գոտին:

20 տարի անց իր անչափ կարեւոր հաղթանակի ու դրա շնորհիվ ձեռք բերած առավելությունների մասին Mediamax Sport-ին պատմել է այսօր տարեդարձը նշող բռնցքամարտիկը:

«Շատ լավ եմ հիշում այդ մենամարտը։ Գարդներն այն մրցակիցներից էր, որն անընդհատ փախչում էր ինձնից ու, թեեւ ծանր հարվածներ էի հասցնում, սակայն չէի կարողանում նոկաուտ անել նրան: Դժվար մենամարտ ստացվեց ու հաղթեցի միավորներով, երկրպագուներս ու ես գոհ էինք նման ելքից:

Նախապես էլ գիտեի, որ Գարդները հեշտ մրցակից չի լինելու, քանի որ պարտություն չուներ, ոտքերով արագ էր գործում ու դժվար էր նրան հարվածներ հասցնել: Բայց հաղթանակի հասնելու համար մինչեւ վերջ էի պայքարում:



Նվաճեցի WBA միջմայրցամաքային գոտին եւ այն ինձ համար դեպի միջազգային ասպարեզ տանող դուռ բացեց՝ հնարավորություն տալով կամաց-կամաց ամրապնդվել վարկանշային աղյուսակում ու ընդգրկվել լավագույն 15-յակում: Իսկ երբ արդեն լավագույն 10-յակում էի, կարող էի մենամարտել Աշխարհի չեմպիոնի գոտու համար: Նաեւ դրա համար էր Գարդների հետ մենամարտն այդքան կարեւոր:

Այս դիմակայությունից հետո իմ կարիերայում շատ բան փոխվեց, մարդիկ սկսեցին ինձ ճանաչել, իսկ մրցակիցներն որպես ավելի վտանգավոր բռնցքամարտիկի էին մոտենում:

Տարիներ առաջ միմիայն մարզիկ էի, ամեն օր պարապում էի, ուտում եւ քնում՝ ուրիշ ոչնչով չէի զբաղվում: Հենց դրա արդյունքում էլ հասա նպատակիս, որովհետեւ առանց չարչարանքի հնարավոր չէ հաջողություններ գրանցել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ինձ նաեւ այն էր օգնում, որ շատ լավ մարզիչ ու մենեջեր ունեի, որոնց հետ բազմաթիվ դռներ բացեցինք ու նվաճումների հասանք: Բայց միեւնույն է ռինգում դու միայնակ ես, ինքդ պիտի մենամարտես ու պայքարես, ոչ մեկը քեզ օգնել չի կարող, դրա համար էլ պետք է ինքնավստահ, ուժեղ եւ խելացի լինես:

Ափսոսում եմ միայն մեկ բանի համար, որ կարող էի ավելի շուտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ: Բայց ագահ լինելն էլ լավ բան չէ, անհրաժեշտ է ունեցածով բավարարվել ու գոհանալ Աստծո տվածով: Անհնար է գտնել մեկին, ով բացթողումներ չի ունեցել, ոչ մեկս էլ կատարյալ չենք:

Լուսանկարը` անձնական արխիվից


20 տարիների ընթացքում իմ կյանքում շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել՝ դարձել եմ միջմայրցամաքային Աշխարհի չեմպիոն, 18 անգամ պաշտպանել գոտիս, ձեռք եմ բերել լավ երկրպագուներ, հարգանք ու պատիվ, Հայաստանի եւ Գերմանիայի դրոշները բարձր պահել: Ամեն ինչն էլ իմ սրտով է եղել, միայն թե ցավալի է, որ երիտասարդ տարիներդ անցնում են ու էլ չես կարող կարիերադ շարունակել, բայց դե երկու երնեկ միասին չի լինում: Մնացած առումներով ամեն ինչ հաջող է դասավորվել, դրական մարդ եմ ու որեւէ մեկին վատություն չեմ անում: Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել աշխարհով մեկ իմ երկրպագուներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին