Սիմոնե Ինձագին 4 տարի «Ինտեր»-ը մարզելուց հետո հեռանում է Սաուդյան Արաբիա:
Նա միլանյան ակումբը գլխավորել է 2021 թվականին՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին: Ակումբում անցկացրած 4 տարիների ընթացքում Ինձագիի գլխավորությամբ թիմը 6 տիտղոսի է տիրացել (Իտալիայի չեմպիոն է հռչակվել, 2 Գավաթ եւ 3 Սուպերգավաթ նվաճել) եւ 2 անգամ դուրս եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
«Ալ Հիլալ»-ում Ինձագին 3 տարվա ընթացքում 75 մլն եվրո է ստանալու:
«4 տարվա ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում ամեն ինչ եմ տվել, եկել է հրաժեշտ տալու ժամանակը:
Ամեն օր առաջին ու վերջին միտքս «Ինտեր»-ի մասին է եղել: Խաղացողները, մարզիչներն ու ակումբի ցանկացած աշխատակից ինձ պատասխանում էին նույն պրոֆեսիոնալիզմով: Մեր նվաճած 6 տիտղոսներն ու ՉԼ-ում ունեցած հաջողությունները վկայում են այն մասին, որ ողջ թիմով հիանալի աշխատանք ենք կատարել:
Շնորհակալ եմ վստահության ու ակումբի ղեկավարության կողմից ամենօրյա զրույցների համար: Այսօր շատ դժվար է ինձ համար, բայց ցանկանում եմ եւս մեկ անգամ ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել:
Ուզում եմ վերջին խոսքերս ուղղել «Ինտեր»-ի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցում էին ինձ, դժվար պահերին արտասվում ու տանջվում ինձ հետ, ուրախանում ու տոնում մեր նվաճած տիտղոսների առիթով:
Երբեք ձեզ չեմ մոռանա: Առա՛ջ, «Ինտեր»»,- իր հրաժեշտի խոսքում նշել է մարզիչը:
Նշվում է, որ Սիմոնե Ինձագին հանգստյան օրերին մեկնելու է Ֆլորիդա, որտեղ «Ալ Հիլալ»-ը մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը: Նոր գլխավոր մարզչի առաջին հանդիպումը հունիսի 18-ին լինելու է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ:
«Ինտեր»-ի առաջնային խնդիրը հնարավորինս կարճ ժամանակում նոր գլխավոր մարզիչ գտնելն է, քանի որ այն նույնպես մասնակցելու է ԱԱ-ին: Թեկնածուների թվում նշվում են Սեսկ Ֆաբրեգասն ու Ռոբերտո Դե Դզերբին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: