Հոկտեմբեր 22, 2024
279 դիտում

Արմեն Մելիքբեկյան. Չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է ՀՖՖ կայքում։

Նա անդրադարձել է այն երկրպագուներին, ովքեր Հայաստանի ընտրանու պարտությունից հետո պահանջում են ֆուտբոլի ղեկավարների հրաժարականը։

«Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը եւ, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա»:

Նա  նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո մեծ հույսեր է ունեցել ապագայի հանդեպ եւ դրա լավագույն օրինակը ՀՖՖ-ի 2019-25 ռազմավարությունն է, որի մի մասը չի կատարվել, մյուսն էլ իրականացվել է մասնակի։ Պատճառներից նա առանձնացրել է կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում սկսված պատերազմը, ինչպես նաեւ արտարժույթի շուկայի ձեւափոխումը։

«Անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։ Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես:

Վստահեցնում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, եւ հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբեւէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար»:

Մելիքբեկյանը նշել է, որ հայկական ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին ՀՖՖ-ն է պատրաստում, ոչ թե իրենք, իսկ մարզիչների մի մասն էլ ամենագետ է, այնինչ նրանց ցուցադրած արդյունքները հակառակն են ցույց տալիս։ Նա խոստովանել է նաեւ, որ ՀՖՖ-ին ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը, հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորումը: Որպես լուծում Մելիքբեկյանն առաջարկել է հետեւյալը․

«Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը: Կառչած չեմ եւ երբեւէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարեւոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը եւ Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար:

Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարեւորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարեւոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու եւ այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարեւորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ եւ ապագայի ծրագրերը եւ նպատակները քննարկման արդյունքում ձեւավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման եւ դրանց լուծումները գտնելու նպատակով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին