Դեկտեմբեր 04, 2024
449 դիտում

Ըստ Մամիաշվիլու՝ Ջուլֆալակյանը կօգնի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիային


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Մի շարք մարդկանց, որոնց թվում նաեւ Ջուլֆալակյանն է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ շնորհվել է քաղաքացիություն։ Նշենք, որ Ջուլֆալակյանը չի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։

Ըստ TASS-ի տեղեկությունների՝ Օլիմպիական չեմպիոնին առաջարկվել է նաեւ աշխատանք ըմբշամարտի ֆեդերացիայում։

«Լեւոն Ջուլֆալակյանը մեր մարզաձեւում վառ անհատականություն է, ողջ կյանքը կապված է ըմբշամարտի հետ։ Նրա մեծ փորձն օգնել է անհավանական հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ նաեւ որպես գլխավոր մարզիչ։ Նա Ալեքսանդր Կարելինի, Կամանդար Մաջիդովի եւ ինձ հետ 1988-ին Սեուլում դարձել է Օլիմպիական չեմպիոն։ Ջուլֆալակյանը կլինի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում եւ որպես խորհրդատու, եւ որպես մեր ընկեր»,-գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

Լեւոն Ջուլֆալակյանը 2019 թվականից այլեւս չի աշխատում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հետ։ Այս ամռանը Փարիզում միջազգային ֆեդերացիան իր անցած ճանապարհի, մեծ նվաճումների եւ ըմբշամարտում թողած հետքի շնորհիվ Ջուլֆալակյանին ներառել է UWW-ի փառքի սրահում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին