Դեկտեմբեր 04, 2024
542 դիտում

Մարիո Գյոտցե. Նամակ երեխաներիս


Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com

Լուսանկարը` theplayerstribune.com


Գերմանիայի հավաքականի ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն անկեղծ հրապարակում է ունեցել The Players' Tribune-ում ու ներկայացրել իր կյանքի պատմությունը, որն էլ Mediamax Sport-ը շատ քիչ կրճատումներով թարգմանել է:

«Սիրելի Ջիոյա եւ Ռոմ:

Հայրիկը ձեզ պատմություն ունի ասելու:

Երբ գրում եմ այս տողերը, դուք 1 ու 4 տարեկան եք, բայց ձեր կյանքը փոխվելու է շատ արագ: Դուք բացահայտելու եք աշխարհը հետաքրքրաշարժ աչքերով: Դուք ծիծաղելու եք ու նոր բաներ փորձեք: Նոր ընկերներ եք ձեռք բերելու: Հավանաբար, գրանցվելու եք ՏիկՏոկ-ում եւ Ինստագրամում: Եվ քանի որ կյանքիս մեծ մասը ֆուտբոլիստ եմ եղել, իմ մասին տարբեր բաներ կլսեք ու կկարդաք: Ճշմարտություններ, եւ ոչ այդքան ճշմարիտ բաներ: Բամբասանքներ: Նույնիսկ անգամ անհեթեթություններ:

Բայց մինչ դա կանեք, ուզում եմ իրական պատմությունն ինձնից լսեք:

Նախքան դա, թույլ տվեք ինձ ներկայացնել, թե ինչպես եք հայտնվել այս աշխարհում, որովհետեւ ամեն օր շնորհակալ եմ, որ դա անվտանգ է եղել:

Ռոմ, որպես ավագ, նախ թույլ տուր քո պատմությունը ներկայացնել:

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես քեզնով 7 ամսական հղի մայրդ ու մանկաբարձը եկան մեր Դորտմունդի տուն: Մայրիկն ուլտրաձայնային հետազոտություն էր ունեցել՝ համոզվելու համար, որ հետդ ամեն բան կարգին է, բայց հանկարծակի ասաց. «Կարծես փոքրիկի հետ ամեն բան այնքան էլ լավ չէ»:

Մենք արձագանքեցինք. «Ի՞նչ նկատի ունես»:

«Սրտի զարկերը չափազանց դանդաղ են: Պետք է շտապօգնություն զանգահարենք: Պետք է հենց հիմա հիվանդանոց գնանք»:

Զգացի, որ սիրտս դադարում է բաբախել: Մենք պատրաստվում էինք, որ կծնվես Դյուսելդորֆում, որտեղ ծանոթ բժիշկ ունեինք եւ մեզ ավելի ապահով էինք զգում, բայց մեքենայով մեկ ժամվա ճանապարհ պիտի անցնեինք, եւ շտապօգնության մեքենան ուղեւորվեց մոտակա հիվանդանոց՝ Վիտեն: Ես մեքենայով քո հետեւից էի սլանում, բայց զգում էի, որ քեզնից շատ հեռու եմ: 20 րոպե շատ արագ էինք ընթանում՝ միացված ազդանշաններով ու անցնելով կարմիր լույսերի տակով:

Կան մղձավանջներ, իրական մղձավանջներ, ու կար դա…

Որպես ծնող անհնար է նկարագրել երեխա կորցնելու վախը: Խուճապի էի մատնվել, քրտնում էի, անհանգստություն զգում: Ամեն վայրկյանը րոպե էր թվում, ամեն րոպեն՝ ժամ: Անգամ չգիտեի, թե ինչպես եմ վարում մեքենան, որովհետեւ ամեն պահ կրկնում էի. «Խնդրում եմ, խնդրում, խնդրում, որ նրա հետ ամեն ինչ լավ լինի: Խնդրում եմ, Տեր Աստված»:

Լուսանկարը` theplayerstribune.com


Հիվանդանոցում բազմաթիվ մարդիկ էին մեզ սպասում: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Նրանք շրջապատեցին մայրիկիդ, եւ ինչ-որ մեկն ասաց. «Նրա սիրտը դեռ բաբախում է»: Այնքան թեթեւացած զգացի, որ համարյա փռվեցի հատակին: Բայց հետո բժիշկն ավելացրեց. «Պետք է երեխային դուրս բերենք»:

Հավանականություն կար, որ վարակ ունես:

Կեսարյան հատում արեցին, ու առաջիկա րոպեներին ոչինչ անել չէի կարող, նստած սպասում էի, աղոթում, հույսեր փայփայում:

Վերջապես, 6 շաբաթից շուտ հայտնվեցիր այս աշխարհում, Ռոմ:

Կարծում եմ՝ ուրախ էիր մեզ տեսնել:

Ու այն վայրկյանին, երբ տեսա քեզ, հասկացա, ես հասկացա:

Իմ կյանքը լիովին փոխվեց:

Այլեւս ոչինչ էլ նույնը չի լինելու:

Բայց մենք փոքրիկ խնդիր ունեինք: Բժիշկները քեզ տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, որպեսզի հսկեն ու համոզվեն, որ ապաքինվում ես: Եվ մենք քեզ հետ մնացինք այնտեղ: Ես պետք է վերադառնայի Դորտմունդ ու մարզվեի ակումբիս հետ, բայց 2020-ի հունիսն էր, համավարակ: Հիվանդանոցի անձնակազմն ասաց, որ կարող եմ վերադառնալ մարզումներիս, կամ էլ մնալ այստեղ, բայց երկուսը միասին համատեղել հնարավոր չէ:

Տարբերակ չունեի՝ ֆուտբոլ կամ ընտանիք:

Մտածեցի՝ սա նույնիսկ որոշում էլ չէ:

Զանգահարեցի ակումբ ու բացատրեցի, որ մարզումներին միանալ չեմ կարող, քանի դեռ ամբողջությամբ լավ չես լինի: Ու արդյունքում՝ այդպես էլ երբեք չգնացի մարզումներին:

Քո մայրիկի հետ շաբաթներ անցկացրինք հիվանդանոցում, այնտեղ էինք քնում, ուտում եւ քո կողքին մնում: Դու ծնվեցիր 2020-ի հունիսի 5-ին: Իմ պայմանագիրն ավարտվում էր այդ ամսվա ավարտին: Հետո վերադարձանք տուն, ազատ խաղացողի կարգավիճակում էի, մրցաշրջանն ավարտվում էր: Գիտեի, որ Դորտմունդում գոհ չեն ինձնից, ու ես նրանց հասկանում էի: Այլընտրանք չունեին:

Ես նախ հայր եմ, ապա հետո՝ ֆուտբոլիստ:

Եվ երբեք դրա համար ներողություն չխնդրեցի:

Լուսանկարը` theplayerstribune.com


Այժմ չես ասի, որ ժամանակից շուտ ես ծնվել, այնքան էներգիա ունես, որ հայրիկը նույնիսկ սուրճի կարիք ունի քեզ հսկելու համար:

Եվ Ջիոյա, իմ գեղեցիկ դուստր: Իսկ ի՞նչ կասեմ քո մասին:

Քո անունն իտալերենով նշանակում է ուրախություն: Դու շատ ես ծիծաղում եւ մեզ էլ ուրախացնում: Ինչպես եւ իրական Գյոտցե, շուտ հայտնվեցիր բեմում:

Մայրիկի արգանդում դու էլ ես սրտի թույլ աշխատանք ունեցել: Բարեբախտաբար, այդ մասին իմացան հիվանդանոցում, եւ դու պակաս դրամատիկ կերպով ծնվեցիր՝ 4 շաբաթ շուտ, թեեւ էլի մեծ սթրես ապրեցինք, բայց քո մայրիկը շատ ուժեղ է եւ ամեն ինչ հաղթահարեց:

Քեզ աշխարհում ամեն ինչից շատ ենք սիրում:

Անկախ նրանից, թե հետագայում ինչ կկարդաս ծնողներիդ մասին, միայն սա է կարեւոր:

Մենք սիրում ենք քեզ:

«Հեյ, դու Մարիո Գյոտցե՞ն ես»:

Երբ միասին գնում ենք քայլելու, մարդիկ մոտենում են մեզ, եւ դու էլ ես լսում այս հարցը: Մարդիկ ցանկանում են հետս լուսանկարվել, եւ դու զարմանում ես, թե ինչու:

Երկու տարբեր Մարիո Գյոտցեներ կան: Առաջինը մարդ է ու նրան դու ճանաչում ես որպես հայրիկ:

Բայց կա նաեւ Մարիո ֆուտբոլիստ: Եվ երբ մարդիկ ուզում են լուսանկարվել, հենց այդ Մարիոյին նկատի ունեն: Նրանք միայն մեկին գիտեն, որի խաղը տեսել են խաղադաշտում կամ էլ հեռուստացույցով:

Մյուս Մարիոն, որին դու գիտես, նրանց համար գոյություն չունի:

Սա շատ կարեւոր է, որ դու հասկանաս:

Լուսանկարը` theplayerstribune.com


Ո՞վ է Մարիո Գյոտցե ֆուտբոլիստը: Երբ փոքր տարիքում ֆուտբոլ էի խաղում, չէի մտածում, որ մի օր այն մասնագիտությունս կդառնա: Բայց ես սիրում էի խաղն ու մտածում նրա մասին: 18 տարեկանում իմ հարազատ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հաղթեցի առաջնությունում, բոլորը սկսեցին սիրել ինձ: Երկու տարի անց տեղափոխվեցի ավելի մեծ ակումբ՝ Մյունխենի «Բավարիա», եւ Դորտմունդում բոլորն արդեն ատում էին ինձ: Նրանք ինձ դավաճան էին անվանում: Բայց ողջ կյանքս այդ քաղաքում էի անցկացրել եւ նոր ճանապարհորդություն էի ուզում սկսել: Ֆուտբոլն իմ կյանքն էր եղել, բայց երբ ինչ-որ բան կատարվեց Մարիո ֆուտբոլիստի հետ, այն արտացոլվեց նաեւ Մարիո անհատի վրա:

Բայց ամենավատն այն էր, թե դա ինչպես անդրադարձավ մայրիկիս ու երկու եղբայրներիս, տատիկիս ու քեռուս վրա:

Մայրիկս ցանկանում էր, որ փոքր եղբայրս Մյունխենում դպրոց գնա, որպեսզի ընտանիքս ինձ մոտ լինի: Քիչ հետո, ավագ եղբայրս, որը նույնպես ֆուտբոլիստ է, նույնպես Մյունխենում ակումբ գտավ: Եվ մի օր մայրիկս հայտնեց, որ բոլորը Դորտմունդից տեղափոխվում են Մյունխեն:

Հենց միայն իմ պատճառով:

Լուսանկարը` theplayerstribune.com


Ես միայն ցանկանում էի խաղալ բարձր մակարդակով: Մեկ տարի անց, գոլ խփեցի, որը Գերմանիային Աշխարհի չեմպիոն դարձրեց: Չեմ հորինում, այնքան լավն էի, որ մարդիկ համարում էին՝ մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը կդառնամ: Ակնկալում էին, որ առաջիկա 10 տարիներին սուպեր աստղ կլինեմ:

Գերմանիայի նոր հույսն էի:

Հաջորդ Մեսսին: Դու գիտես նրան, ճի՞շտ է:

Բայց դա ծանր բեռ էր: Զգում էի, որ պետք է ինձ ամեն խաղում ու ամեն շաբաթ դրսեւորեմ: Հաղթեմ այսօր ու վաղը:

Բայց մարդիկ վատ օրեր էլ են ունենում, վնասվածք են ստանում, հիվանդանում: Նույնիսկ երբ լավ ես խաղում, մարզիչը կարող է փոփոխություններ անել, եւ դու դուրս կմնաս կազմից: Հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ շատ խիստ էի իմ նկատմամբ:

Կուզեի նաեւ մի քիչ ավելի համբերատար լինել:

Օրինակ բերեմ: 2016-ին համարյա տեղափոխվում էի հայտնի անգլիական ակումբ՝ «Լիվերպուլ»: Մարզիչը Յուրգեն Կլոպն էր:

Գուցե տեսած կլինես նրա լուսանկարները՝ բարձրահասակ, մեծ ժպիտով, շատ զվարճալի: Նա Դորտմունդի մարզիչներից էր, չէի գիտակցում, թե որքան երջանիկ եմ, որ նրան ունեմ: Լիվերպուլում նրա տանն եմ եղել, որտեղ մեր կանանց հետ նստել ենք ու զրուցել: Յուրգենին հատուկ էր դարձնում այն, որ նա տեսնում էր Մարիո մարդուն: Ֆուտբոլի մասին քիչ ենք խոսել, ինձ կյանքից էր հարցնում ու ասում, որ Լիվերպուլում ամեն ինչ հիանալի է, առաջակում էր մտածել ակումբս փոխելու մասին:

Իսկապես ուզում էի նորից նրա գլխավորությամբ խաղալ:

Բայց նաեւ ցանկանում էի միանգամից հաղթել: Այնքան անհամբեր էի: «Լիվերպուլ»-ը 8-րդն էր Անգլիայում, իսկ «Դորտմունդ»-ը՝ 2-րդը Գերմանիայում: Վերջինս նաեւ պայմանագիր էր կնքել Անդրե Շյուրլեի՝ իմ լավագույն ընկերներից մեկի հետ: Հիշեցի, թե որքան լավ ժամանակ են անցկացրել միասին ու նաեւ հաղթել չեմպիոնական երկու տիտղոս, եւ համարում էի, որ լավ օրերը կկրկնվեն:

Եւ ես վերադարձա Դորտմունդ: Որքան էլ սիրում էի ակումբը, զգացի, որ բաց եմ թողել Յուրգենի հետ ճանապարհորդության հնարավորությունը: Չէի հասկանում, որ «Լիվերպուլ»-ը մեծ ակումբ դարձնելու համար ժամանակի կարիք ունի:

Բայց «Բորուսիան»-ն մինչեւ հիմա էլ շատ բան է նշանակում ինձ համար: Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, հավանաբար, էլի այդ ընտրությունը կկատարեմ: Ամեն դեպքում՝ միշտ առաջ էի նայում:

Լուսանկարը` theplayerstribune.com


Շնորհակալ եմ երկուսիդ: Երբ մայրիկն առաջին անգամ հղիացավ, ուզում էի ակումբս փոխել, քանի որ այդքան էլ շատ չէի խաղում: Տարբեր պլաններ ունեի, ու երբ ՄՅՈւ-ից առաջարկություն ստացա, մերժեցի: Մի քանի ամիս անց՝ 2020-ի մայիսին ինձ զանգահարեց Հանսի Ֆլիկը եւ հարցրեց, կուզե՞մ նորից վերադառնալ «Բավարիա»: Դեմ չէի, եւ պայմանավորվեցինք կապի մեջ լինել:

Իսկ հետո հայր դարձա ու երբ հիվանդանոցից տուն վերադարձանք, իմ կյանքում առաջին անգամ ակումբ չունեի: Երկուշաբթի առավոտյան գնալու տեղ չունեի ու անցկացնելու ոչ մի հանդիպում: Չկար ոչ մի նպատակ չկար ու որեւէ թիմակից, որի հետ կծիծաղեի: Միայն հայրիկ էի, ինչը հիանալի էր, բայց նաեւ տարբերվող… Նստում էի բազմոցին եւ ակնկալում, որ հեռախոսս կզանգի: Մյունխենյան ակումբը 3 տիտղոս էր նվաճել, եւ ես սպասում էի, սպասում, սպասում… Հանսիի հետ նորից խոսեցի, բայց որեւէ արդյունքի չհասա:

Արդեն հոկտեմբերն էր, Եվրոպայի առաջնության մասնակից ֆուտբոլիստների գրանցման վերջնաժամկետն էր մոտենում:

29 տարեկան էի, երեխա եւ ընտանիք ունեի, բայց առանց աշխատանքի ու եկամուտների էի, սկսեցի անհանգստանալ:

Գիտեի, որ ակումբ կգտնեմ, խաղացել եմ գերմանական երկու լավագույն թիմերում, ամիսներ առաջ զանգեր ստացել «Բավարիա»-ից ու «Յունայթեդ»-ից:

Բայց հիմա լռություն էր: Ինչպե՞ս էր հնարավոր:

Եվ վերջին զանգը կատարեցի Ռոջեր Շմիդտ անունով մարդու: Չեմ կարծում, թե նա հասկանում էր, թե որքան կարեւոր է ոչ միայն կարիերայիս, այլ նաեւ ինձ համար: Նա ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում էր: Մարզում էր դանիական «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբն ու մի քանի շաբաթ կապի մեջ էինք: Պատրաստվում էին նոր մրցաշրջանին, առաջարկեցի միանալ ակումբին: Բարեբախտաբար, համաձայնեց:

Բայց ի՞նչ կլիներ, եթե Ռոջերն ինձ համար տեղ չունենար թիմում:

Այդ ժամանակ հասկացա, որ չեմ կարող ակումբից ակումբ տեղափոխվել եւ ինձ պլան է պետք: Պետք է ֆուտբոլից դուրս որեւէ բան անեի:

Մի անգամ կարթնանամ անկողնուց, կստուգեմ օրացույցս եւ կտեսնեմ, որ էլ ոչինչ չունեմ անելու՝ ոչ կարիերաս կա, որ մրցումներ, ոչ էլ ակնկալիքներ: Նախկին ֆուտբոլիստ կլինեմ, բայց կշարունակեմ հայր ու ամուսին լինել: Ստիպված էի պատրաստվել կյանքիս այդ հատվածին: Դա անելը հեշտ էր, քանի որ մարզիկները պատրաստվում են հաջորդ խաղին ու մնացած ամեն ինչ մոռանում:

Ոչ մեկը մեզ չի օգնում ու ասում, ինչպես ծախսենք սեփական գումարները, խնայենք կամ ներդրումներ կատարենք: Քանի դեռ խաղում ենք, ամեն ինչ լավ է:

Բարեբախտաբար, սկզբի համար գումար լինում է, շատերը երազում են մեր աշխատանքն ունենալ, բայց մենք էլ սովորական մարդ ենք եւ կապ չունի, թե ինչքան ենք վաստակում, մեզ համար էլ է բարդ, երբ թոշակի ենք անցնում: Երբ դադարում ենք մարզիկ լինել, կորցնում ենք մեր անհատականության մի մասը:

Այսօր ես Մարիո Գյոտցե ֆուտբոլիստն եմ, բայց ո՞վ կլինեմ առանց ֆուտբոլի:

Լուսանկարը` theplayerstribune.com


Երբ հաջորդ անգամ հանդիպեք որեւէ խաղացողի, ով ցանկանում է պարզապես մեկ մրցաշրջան էլ անցկացնել, հարցրեք նրան իսկապե՞ս սիրում է խաղը, թե՞ վախենում է հեռանալ:

Գիտեք չէ՞ Դեւիդ Բեքհեմին: Երբ նրան վերջերս հանդիպեցի Փարիզում, ասաց. «Կարոտում եմ այն ամենը, ինչ կապված է ֆուտբոլի հետ, ցանկանում եմ այդ ամենը վերադարձնել»:

Եվ երբ կարիերան ավարտեց, միանգամից մեկնեց Մայամի, որպեսզի զբաղվի ֆուտբոլային ակումբի հարցերով: Նրան ամեն առավոտ արթնանալու պատճառ էր պետք, որպեսզի կարողանա նոր անհատականություն կառուցել:

Ես էլ պետք է շարունակեմ, երբ պայմանագիր կնքեցի «ՊՍՎ»-ի հետ, սկսեցի ուսումնասիրել, թե կարիերան ավարտած մարզիկներն ինչպես են բիզնեսով զբաղվում ԱՄՆ-ում: Հիմա մենք ընտանեկան գրասենյակ ենք հիմնել, ներդրումներ եմ կատարել, որպեսզի ապահովեմ մեր ապագան:

Մարիո Գյոտցե, ներդրող: Հենց դա էլ կլինի կյանքիս 2-րդ մասը:

Լուսանկարը` theplayerstribune.com


Չեմ ուզում, որ ինձ հիշեն որպես տղայի, ով Աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփեց: Անհավանական պահ էր, բայց ընդամենը կյանքիս միայն մեկ հատվածը:

Այսօր նորից եմ ֆուտբոլ խաղում, նորից Բունդեսլիգայում եմ, որտեղ ինձ սիրել եւ ատել են, աճել եմ, բայց նաեւ մեծ ճնշման ենթարկվել: Խաղացել եմ եւս մեկ Աշխարհի առաջնությունում, բայց հիմա այլ կարգավիճակում եմ: Փորձում եմ օգնել երիտասարդ խաղացողներին, նրանց առաջնորդել խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս: Այն բանից հետո, երբ Ֆրանկֆուրտ ենք տեղափոխվել, այն ինձ համար հատուկ է դարձել: Այդտեղ դուք եք, Ռոմ, ստադիոնում երկրպագում եք ինձ ու հանդիպումից հետո վազում խաղադաշտում: Այստեղ ծնվել ես դու, Ջիոյա, ու մեր փոքրիկ ընտանիքն ավելի լիարժեք դարձրել:  

Սա է իմ պատմությունը, կարող էի շարունակել, բայց միշտ ձեր կողքին կլինեմ ու կկարողանաք ինձ հարցեր տալ:

Եվ վերջում, շնորհակալ եմ, քանի որ ունեմ այն ամենն, ինչ ցանկացել եմ: Երկու գեղեցիկ երեխա ու հրաշալի կին, առողջ եմ, շարունակում եմ խաղալ հիանալի ակումբում, վայելում եմ կյանքն ավելի շատ, քան առաջ, քանի որ հիմա նաեւ հայր եմ: Վերջապես հասկացել եմ, թե ինչ է ֆուտբոլը: Այն պարզապես խաղ է: Կյանքի մի փոքր մասը: Վատ խաղալու դեպքում էլ դուք ինձ միշտ սպասում եք տանը:

Նախկինում հեռախոսիս էկրանին ֆուտբոլային նկար էր, հիմա դուք երկուսդ եք:

Հուսամ՝ մի օր կհասկանաք, թե որքան կարեւոր եք ինձ համար:

Լուսանկարը` theplayerstribune.com


Եվ վերջում եւս մեկ բան…

Մի քանի ամիս առաջ տեսա, թե ինչպես էիք կողք կողքի քնել բազմոցին: Թեեւ նախկինում էլ հարյուրավոր անգամներ այդ տեսարանի ականատեսն էի եղել, բայց գիտակցեցի, որ դուք ունեք իրար ու կարող եք միասին մեծանալ:

Ամեն ինչ այնքան պարզ էր, գիտե՞ք: Բայց ես այնքան գեղեցիկ համարեցի այդ ամենը:

Այնքան երջանիկ զգացի:

Ու սկսեցի արտասվել:

Շնորհակալ եմ կյանքս ամբողջական դարձնելու համար:

Սիրում եմ ձեզ:

Հայրիկ»:



Թարգմանությունը՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին