Դեկտեմբեր 22, 2024
exclusive
1511 դիտում

Մեր «երազած հավաքական»-ի երբեք չիրականացած երազանքները


Լուսանկարը` fsf.fo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` fsf.fo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ֆուտբոլը շատ բարդ ու միաժամանակ էլ պարզ խաղ է: Երբեմն խաղադաշտում շախմատային պարտիաների պես մտածված ու գեղեցիկ կոմբինացիաներ ենք տեսնում, բայց դրանք անչափ վարպետորեն ու հեշտությամբ իրականացված: Հենց դա էլ այս մարզաձեւը յուրահատուկ է դարձնում, բայց նաեւ այդքան անհասանելի մնում շատերի համար:

Ֆուտբոլը վայելելու եւ սիրելու առաջին ընկալումը միշտ էլ զգայականն է, անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում՝ սպորտային լրագրող եք, տաքսու վարորդ, ուսուցիչ, թե բանաստեղծ։ Խաղը կամ հավանում եք, կամ ոչ, հանդիպումից հետո բավարարվածություն եւ գոհունակություն եք զգում, կամ էլ ափսոսում այն ժամանակը, որը ծախսել եք 90 րոպեների վրա:

Եթե անկեղծ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ չեմ ունեցել ժամանակն այդքան անիմաստ վատնելու ափսոսանքը: Երեկ էլ դրանից մեկն էր, երբ կիրակնօրյա երեկոն հանգիստ վայելելու փոխարեն եւս մի քանի հազար մարդկանց հետ հանրապետական ստադիոնում հերթական պարտությանն ականատես եղա:

Լուսանկարը` fsf.fo


Պարտություններով հայ երկրպագուներին ոչ ոք չի զարմացնի, դրանք կրել ենք բոլոր մարզիչների օրոք ու միշտ: Ինչ է եղել որ, երեկվանն էլ թող հերթականը համարվի, եթե ուզում ենք ապրել մեր «հորինած իրականության» մեջ եւ երեւակայել, թե ունենք մեր «երազած հավաքականը»:

Վերջին շրջանում հենց այդպես էին վարվում արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի ղեկավարները տարիներ առաջ նմանատիպ պարտությունների համար առավել սուր ու տեղին քննադատություններ էին հնչեցնում ՀՖՖ-ի նախկին ղեկավարների հասցեին, իսկ հիմա դրանք լսել չեն սիրում:

Դեռ ամիսներ առաջ Եվրոպայի առաջնության ժամանակ ծանոթացանք Վրաստանի փորձին, դիտեցինք հանդիպումներն ու երկրպագեցինք, երբեմն թաքուն նախանձեցինք, հուսալով, որ մի օր մենք էլ այդ նույն ճանապարհն ենք անցնելու: Բայց ինչ ենք իրականում անում, որպեսզի գոնե մոտենանք դրան: Աշխարհով մեկ հայազգի արմատներով խաղացողներ ենք փնտրում, բայց չենք պատրաստում սեփական ակադեմիաների սաներին, որոնք հարյուրավոր երեխաներով են համալրված, իսկ իրենց իսկ հիմնական կազմի համար 11 խաղացող չեն կարողանում գտնել:

Լուսանկարը` Photolure


Լեգիոներներով պռնկեպռունկ լցված ակումբները, եթե նրանց քանակության սահմանափակումը չլիներ, անգամ չէին էլ մտածի կազմերում հայ խաղացողներ ընդգրկելու մասին: Բավական է Հայաստանի առաջնության ամեն տուրից հետո տեսնել թիմերի հայտավորած անունները: Ահա ՀՖՖ-ի պաշտոնական կայքում ներկայացված վերջին տուրի առաջին իսկ հանդիպման հայտացուցակը՝

«Վան»՝ Դանիիլ Պոլյանսկի, Յարոսլավ Մատյուխին, Կլայդեր Վիտորիո Բրավին Մասեդո, Արսեն Սադոյան, Դավիթ Տերտերյան, Ջոն Բատիգի, Իզուչուկվու Օկոնկվո, Յուրի Գարեգինյան, Կարեն Նալբանդյան, Օլավալե Սամուել Ֆառայոլա, Մոմո Տուրե:

«Փյունիկ»՝ Ստանիսլավ Բուչնեւ, Սերհիյ Վակուլենկո, Խամես Սանտոս Դաս Նեւես, Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանտոս Ջունիոր, Միխայիլ Կովալենկո, Տարոն Ոսկանյան, Բրայան Ալսեուս, Սոլոմոն Իմե Ուդո, Ագդոն Սանթոս Մենեզես, Յուսուֆ Օլայտան Օտուբանջո, Խոսե Էնրիկե Կառաբալյո Ռոսալ:

Համարյա բոլոր թիմերում էլ նմանատիպ պատկեր է, եթե ուզում եք անձամբ համոզվել, հետեւեք այս հղմանն ու ծանոթացեք ակումբներից յուրաքանչյուրի կազմին: Թիմերից միայն ԲԿՄԱ-ն (այն բանակային տարիքի ֆուտբոլիստների համար նախագիծ է) ու «Ալաշկերտ»-ն են վերջին տուրում հանդես եկել հիմնական կազմի 11 հայ ֆուտբոլիստով:

Լուսանկարը` Photolure


Ի ուրախություն մեզ՝ վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ սպորտային պատժամիջոցներ կիրառելուց հետո մի շարք ռուսահայ մարզիկներ հիշեցին իրենց հայկական արմատների մասին ու սրտով հավաքականն ընտրելու որոշում կայացրին: Առաջնությունում հանդես եկող մի քանի այլազգի ֆուտբոլիստներ էլ համալրեցին հավաքականը, բայց թիմի զորեղ լինելն այդպես էլ չտեսանք:

Պետրակովը հատկապես վերջին շրջանում շատ էր բողոքում, որ հայ ֆուտբոլիստները քիչ խաղաժամանակ են ստանում իրենց ակումբներում, կամ էլ չեն խաղում: Նշում էր, որ եթե եվրոպական լավագույն հինգ առաջնություններում խաղացողներ ունենայինք, ավելի բարվոք վիճակում կգտնվեինք։ Բայց ամեն խաղից հետո էլ շտապում էր նրանց շնորհակալություն հայտնելու  (գուցե, ֆուտբոլիստներին դա լրացուցիչ հույս էր տալիս, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ): Առանձին դրվագներ, անցումներ, հարվածներ ու սեյվեր նրանք իսկապես ունենում են, ինչպես եւ ցանկացած հավաքական, օրինակ՝ Ֆարերյան կղզիները, որի դեմ խաղում միայն վերջին րոպեներին հաջողվեց խուսափել պարտությունից:

Մարզչի խոստացած երեւանյան ռեւանշը Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ այդպես էլ չտեսանք, գուցե խանգարեց վարպետության պակասը, հոգնածությունը կամ էլ ցածր կատարողականությունը: Ամեն դեպքում ֆուտբոլիստները դուրս եկան հանդիպմանը, քրտնեցին, հարվածեցին՝ երբեմն շատ շեղ ու բարձր, վրիպեցին, նպաստավոր դիքերում չխփեցին, ափսոսացին, ծափահարեցին երկրպագուներին, խաղադաշտ մտած երեխաների հետ լուսանկարվեցին ու հեռացան: Գուցե, արդեն իսկ մոռացել են այդ պարտության մասին, ինչպես սովորաբար խաղերից հետո են նշում.  «Պետք է մոռանանք այս պարտության մասին ու հնարավորինս կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»:

Լուսանկարը` Photolure


Իսկ դրանից ժամեր անց ՀՖՖ-ի որոշմամբ հեռացավ Ալեքսանդր Պետրակովը, որն այդպես էլ չկարողացավ կայունություն բերել հավաքական ու թիմային դարձնել այն: Չէինք էլ սպասում, որ որեւէ մարզիչ ունակ կլինի հրաշքներ գործելու մեր ընտրանու հետ, բայց գոնե չէինք էլ ակնկալում այսքան դժգույն, մռայլ ու անհետաքրքիր խաղերի ականատես լինել:

Եթե, ինչպես շատերի պնդմամբ Ազգերի Լիգայի այս խաղարկությունը մեզ համար անցումային էր ու ոչինչ չէր տալու, գոնե փորձարկումների ու երիտասարդների ներուժը տեսնելուն կարող էր ծառայել: Թեեւ հիմա քչերն են հիշում, թե ինչպիսի պահանջով էինք մեկնարկել Ազգերի Լիգայում: ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մարզչի առաջ խմբային փուլում առաջին տեղը գրավելու խնդիր էր դրել, Պետրակովն էլ համամիտ էր նրա հետ ու չէր թաքցնում, որ թիմում դրական տեղաշարժ եւ խաղալու մեծ ցանկություն է տեսնում:

Դրանից ամիսներ անց այդ դրական դինամիկան ոչ միայն չպահպանվեց, այլ նաեւ անդեմ խաղի վերածվեց, բայց դրանում միայն ուկրաինացի մարզչի մեղքը չէ: Նա ընդամենն այսբերգի երեւացող մասն է ու, ինչպես սովորաբար հավաքականների հետ առաջացող ճգնաժամային իրավիճակների ժամանակ է լինում, եղավ առաջին հարվածը կրողը:  

Լուսանկարը` Photolure


Երբեք էլ եվրոպական ամենաուժեղ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ չենք ունեցել, բայց այս սերնդի վրա իսկապես շատ եմ զարմանում: Ինչպե՞ս է հնարավոր զբաղվել սիրելի գործով ու այն այդքան չսիրել, համարվել ֆուտբոլիստ ու ֆուտբոլ չխաղալ, կյանքի լավագույն տարիները վատնել պահեստայինների նստարանին ու չամրապնդվել թիմի կազմում, առաջնթաց համարել եվրոպական որեւէ երկրի հեռավոր ակումբ տեղափոխությունն ու գոհանալ այնտեղ խփած գոլերով:

Հայաստանը «տաղանդների երկիր է», այդպես էինք սիրում որակել, իսկ հիմա արդեն սոցկայքերում մեկնաբանություններով գովերգելով դեռ երիտասարդական տարիքում մի քանի լավ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներին ու նրանց մեծ ապագա կանխագուշակել: Սլովակիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի առաջնությունները, Գերմանիայի ռեգիոնալ լիգաներից որեւէ մեկը կարող են լավ մեկնարկային կետ հանդիսանալ, բայց ոչ երբեք դառնալ լավագույնը լինելու գրավական: Այսօր դեռ տաղանդի ու աշխատասիրության հաշվին բարձունքում հայտնվելու միայն մեկ վառ օրինակ գիտենք, որի հեղինակն արդեն մի քանի տարի է հավաքականի մասին անգամ լսել չի ցանկանում:

Իսկ մենք թիմի մասին նորից կլսենք նոյեմբերին, երբ կավարտենք հերթական ընտրական մրցաշարն ու մեծ ակնկալիքներով կսպասենք հաջորդին՝ իմանալով, որ նորից որեւէ բանի հասնելու ունակ չենք լինելու, քանի դեռ հավատում ենք, որ «երազանքի հավաքական» ունենք ու նրա առաջընթացի համար «ոչ մի ջանք չենք խնայում»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին