Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի Լիգայի խմբային փուլում երկրորդ պարտությունը կրեց Հյուսիսային Մակեդոնիայից։
Երեւանում կայացած հանդիպման մեկնարկն անցավ հյուրերի ակտիվ գրոհներով, դրվագներից մեկն անգամ ավարտվեց գոլով, սակայն VAR-ով ստուգելուց հետո այն չեղարկվեց։
Լուսանկարը` Photolure
Ապա մի կարճ ժամանակով հայ ֆուտբոլիստները տեղափոխվեցին մրցակցի կիսադաշտ, նրանք մի քանի փոխանցումներից բաղկացած շարք ունեցան, բայց այդպես էլ չանհանգստացրին մրցակցին։
Մակեդոնացիներն Օգնեյն Չանչարեւիչի դարպասին առավելագույնս մոտացան 19-րդ րոպեին, Բոյան Միյովսկիի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասապահի ձեռքերում։
Լուսանկարը` Photolure
Առաջին խաղակեսի միջնամասում էլ լավ դիրքում հայտնվեց Վահան Բիչախչյանը, սակայն նրա հարվածը չափազանց բարձր էր։ Հայերը նորից գրոհի նետվեցին, բայց այդ անգամ էլ գնդակը անկյունային դուրս եկավ։ Եվս մեկ ստացված գրոհ էլ չկարողացավ ավարտին հասցնել Էդուարդ Սպերցյանը։ Իսկ Լուկաս Սելարայանի հեռահար հուժկու հարվածը մի քիչ բարձր ստացվեց։
Թեեւ Հայաստանի հավաքականը տիրում էր գնդակին ու մոտ 10 րոպե Հյուսիսային Մակեդոնիայի կիսադաշտում էր, բայց առաջին կեսն այդպես էլ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց Արթուր Միրանյանը կարող էր առաջ մղել Հայաստանի հավաքականին, նա շատ նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահ Ստոլե Դիմիտրիեւսկիի ուղղությամբ։
Լուսանկարը` Photolure
Իսկ երբ տուգանայինից շատ դիպուկ հարվածեց Էնիս Բարդին, Հայաստանին փրկեց Չանչարեւիչի սեյվը։ Բայց 72-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, գնդակը խփեց Միովսկին։ Թեեւ Էդուարդ Սպերցյանը մակեդոնացիների գոլային գրոհի ժամանակ ընկած էր մրցակցի տուգանային հրապարակում, սակայն նրանք այդպես էլ գնդակը դուրս չբերեցին, ինչն առաջացրեց երկրպագուների բուռն դժգոհությունը։
Հյուրերը դրանով չբավարարվեցին ու նորից գրոհի նետվեցին, երկրորդ գոլն էլ շատ գեղեցիկ ստացվեց, վերջնական հաշիվը ձեւակերպեց Իսնիկ Ալիմին՝ 0:2։
Հայաստանի ընտրանին երկրորդ պարտությունը կրեց C լիգայի 4-րդ խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիայից (10 միավոր) ու 4 միավորով դեռ 2-րդն է, Ֆարերյան կղզիներն ու Լատվիան կխաղան ավելի ուշ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: