Սեպտեմբեր 19, 2024
320 դիտում

Արթուր Սողոմոնյանն որոշել է վաճառքի հանել «Փյունիկ»-ն ու լքել հայկական ֆուտբոլը


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ ու հայտնել, որ որոշել է վաճառքի հանել ակումբն ու լքել հայկական ֆուտբոլը:

«Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելի:

Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին, մեր ակադեմիային եւ ամենակարեւորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:
Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաեւ 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որեւէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլեւ լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին՝ կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, եւ բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:

Ես չեմ հեռանում հայկական սպորտից եւ կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարեւոր է մեր երկրի համար:

Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Իսկապես պատմական արդյունքների հասանք ու հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին