Այսօր կեսգիշերն անց կիմանանք ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ անցած երկրորդ հավաքականի անունը։
Դորտմունդում այդ կարեւոր ուղեգրի համար պայքարելու են Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։
Վերջին հինգ տարում եվրոպական այս գրանդ թիմերը կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են երկրորդ անգամ։ Վերջինը եղել է 2019 թվականին Ազգերի լիգայի ժամանակ, երբ Նիդերլանդներն ավելացված ժամանակում 3։1 հաշվով հաղթանակ են տոնել։ Ոչ մեկի համար երեւի անակնկալ չի լինի, եթե այսօրվա դիմակայության ելքը կրկին չորոշվի 90 րոպեի ընթացքում․ Անգլիայի եւ Նիդերլանդների միջեւ կայացած վերջին 8 խաղից 5-ում հիմնական խաղաժամանակում գրանցվել են ոչ-ոքիներ։
Լուսանկարը` KNVB
Նիդերլանդների հավաքականը ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Թուրքիային։ Ռոնալդ Կումանի սաները պարբերաբար փոխում էին մարտավարությունը, իսկ երբ թուրքերը փորձում էին փրկել դրությունը, նրանք ցույց տվեցին կամային բարձր որակներ, ավելացրին արագությունն ու բարելավեցին պաշտպանությունը։ Սա ցույց տվեց թիմի խորքային ու վճռական լինելը:
Ռոնալդ Կուման
«Մեր ողջ ազգի համար սա աննկարագրելի պահ է։ Փոքր երկիր ենք ու կիսաեզրափակչում ենք Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի պես մեծ երկրների հետ։ Սրանով, իսկապես, հպարտանում ենք։ Շատ բան ենք սովորել ու հասել այստեղ, ինչը մեծ ձեռքբերում ենք համարում»։
Լուսանկարը` England football team
Անգլիացիների կիսաեզրափակիչ դուրս գալն արտահայտվեց նրանց չպարտվելու երկաթե ցանկությամբ։ Անկասկած, Գարեթ Սաութգեյթի թիմի որակը բարձրանում է։ Բնական է, որ Նիդերլանդների դեմ խաղում նրանք պարտավոր են անհամեմատ անթերի խաղալ։ Մրցակիցը գործում է մեծ էներգիայով ու վճռականությամբ, այդպիսի թիմի Անգլիան մինչ այս ԵՎՐՈ-2024-ում չի հանդիպել։
Գարեթ Սաութգեյթ
«Մենք ցանկանում ենք դառնալ ԵՎՐՈ-ի չեմպիոն, դա մեր նպատակն է։ Քառորդ փուլում լավ ենք հանդես եկել բավական ամուր թիմի դեմ։ Նիդերլանդների դեմ պետք է գործենք լավ պաշտպանությունով, ավելի լավ վարվենք գնդակի հետ, քան դա արել ենք մրցաշարի այլ խաղերի ժամանակ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: