Երեկ 78 տարեկանում կյանքից հեռացել է Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեքենբաուերը:
Ֆուտբոլային աշխարհը սգում է լեգենդի մահվան կապակցությամբ: Իր ցավակցական խոսքն է ասել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն:
«Ֆրանց Բեքենբաուերը գերմանական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդն է: Կայզերը հիանալի մարդ ու ընկեր էր: Մենք քեզ երբեք չենք մոռանա, Ֆրանց»,- գրել է Ինֆանտինիոն:
Նա նշել է, որ Բեքենբաուերն այնպիսի նվաճումներ ու տիտղոսներ ունի, որոնք ընդմիշտ կմնան պատմության մեջ. «Ու չնայած իր հայտնիությանը, Կայզերը միշտ համեստ մարդ է մնացել: Նա հիանալի հարեւան էր ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստերի ժամանակ ու հաճույքով կիսվում էր իր գիտելիքներով: Մտքերս նրա ընտանիքի, ընկերների ու Գերմանիայի ֆուտբոլային միության հետ են, որոնց խորին ցավակցությունս եմ հայտնում»:
Բեքենբաուերը 1972 թվականին դարձել է Եվրոպայի, իսկ 2 տարի անց՝ Աշխարհի չեմպիոն: Նա Մյունխենի «Բավարիա»-ի կազմում 1964-1977 թթ. 400-ից ավելի հանդիպում է անցկացրել, 4 անգամ երկրի չեմպիոն ու գավաթակիր հռչակվել, 3 անգամ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթակիր, հաղթել Գավաթակիրների Գավաթում ու Միջմայրցամաքային գավաթում:
Բեքենբաուերը 9 ֆուտբոլիստներից մեկն է, որոնք հաղթել են Աշխարհի առաջնություններում, Եվրոպական չեմպիոնների գավաթում կամ Չեմպիոնների Լիգայում եւ Ոսկե Գնդակի արժանացել: Բեքենբաուերի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը 1990 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն: Նա 3 ֆուտբոլիստներից մեկն է, որը Աշխարհի Գավաթին տիրացել է որպես խաղացող ու մարզիչ (Մարիո Զագալո, Դիդյե Դեշամ): «Բավարիա»-ն նրա գլխավորությամբ Գերմանիայի չեմպիոն եւ ՈւԵՖԱ-ի Գավաթակիր է դարձել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: