Դեկտեմբեր 11, 2024
1211 դիտում

Նաիր Տիկնիզյան․ Իմ նպատակը Հայաստանի ընտրանուն օգնելն ու լավ արդյունքի հասնելն է


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Անձնական-արխիվ


Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լակոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings-ին, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Պետրակովն ու Հայաստանի հավաքականը

Լուսանկարը` Reuters


«Ալեքսանդր Պետրակովի հետ ոչ մի խնդիր չունեմ, մեզ նույն նպատակներն են կապում։ Հենց առաջին օրը ներկայացրել է իր պահանջները, թե ինչ է սպասում թիմից ու ինչպիսի նպատակներ է դնում։ Չափազանց պահանջկոտ է եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստից կարող է քաղել առավելագույնը։ Ես ու նա Հայաստանի հավաքական եկանք միաժամանակ, շնորհակալ եմ, որ Թուրքիայի դեմ խաղում ինձ մեկնարկային կազմում ներառեց։

Լատվիայի դեմ խաղի արդյունքից բոլորս հիասթափված էինք (2։0 հաղթել է Լատվիան, խմբ․)։ Նման հանդիպումներ լինում են։ Ցավում եմ, որ այդպիսի բան տեղի ունեցավ, պարտավոր էինք հաղթել Լատվիային։ Մրցակցին չէինք թերագնահատել, պարզապես մեր օրը չէր։ Խմբից դուրս գալու համար պարտավոր էինք երկու հանդիպում հաղթել։

Թուրքիայի դեմ հյուրընկալվելիս (1։1, խմբ), երդվում եմ, ոչ մի հոգեբանական ճնշում չեմ ունեցել։ Ընդհակառակը, մեծ հաճույք էի ստանում, որ այդ խաղի նկատմամբ նման մեծ հետաքրքրություն կար, այդքան շատ թվով երկրպագուներ էին եկել, ճիշտ է, բոլորն էլ թուրք էին։ Մրցակցի տրամադրվածությունն ինձ չէր հուզում, հակառակը, մոտիվացնում էր։ Թուրք երկրպագուների ստեղծած ողջ բացասական միջավայրը փորձում էի օգտագործել ճիշտ ուղղությամբ։

Իհարկե, նրանք անընդհատ շշեր էին նետում, բայց ոչ մի ուշադրություն չէի դարձնում, չէի նյարդայնանում ու ոչ մի կերպ չէի արձագանքում։

Սպերցյանի դերը

Լուսանկարը` Reuters


Էդուարդ Սպերցյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական դիրիժոր, որը հիանալի տեսնում է դաշտը։ Նրա դերը կարող ենք համեմատել Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ, որը նրանք ունեին «Չելսի»-ում եւ «Լիվերպուլ»-ում։ Թիմի խաղը շատ ժամանակ կախված է լինում նրանից, թե ինչպես է խաղում Սպերցյանը։

Կարծում եմ, որ Էդոն եթե շարունակի աճել, ապա կհասնի Հենրիխ Մխիթարյանի մակարդակին։ Մխիթարյանի մակարդակն անսահման բարձր է, հարկավոր է շատ ուժեր ներդնել, բայց Սպերցյանը ճիշտ ճանապարհի վրա է։

Խորեն Բայրամյանի հավաքական չհրավիրվելը մարզիչների որոշումն է։ Ոչ մի դեպքում չեմ կարող ու չպետք է մեկնաբանեմ կամ քննադատեմ այն։ Խորենը շատ լավ մարդ ու ֆուտբոլիստ է։ Ցավոք, բայց նման բաներ լինում են։

Հավաքականում, իսկապես, շատ են ռուսալեզու ֆուտբոլիստները։ Հանդերձարանում խոսում ենք հայերեն, ապա ռուսերեն եւ անգլերեն։

Եվրոպական ֆուտբոլի բարդությունը

Լուսանկարը` Reuters


Տեղյակ չեմ, որ Ուելսի ու Խորվաթիայի խաղին իտալացի սկաուտներ են հետեւել ինձ։ Եթե ապրեմ մամուլում հայտնված տեղեկատվությամբ, ապա դա միայն բացասական կանդրադառնա վրաս։ Իմ առաջնային նպատակը Հայաստանի հավաքականին օգնելն է, որպեսզի հասնենք լավ արդյունքների։

Չգիտեմ նույնիսկ, որ «Ռեալ Սոսիեդադ»-ն է հետաքրքրվել ինձնով, իսկ վերջերս այնտեղ տեղափոխված Արսեն Զախարյանի հետ էլ չեմ շփվում ու այդ թեմայով ոչինչ չեմ խոսել։

Իհարկե, Եվրոպայում անհամեմատ բարդ է։ Բայց եթե հայտնվես այնտեղ, հարմարվես ֆուտբոլի արագությանը, ծանրաբեռնվածությանը, ապա կարող ես մեծ առաջընթաց գրանցել։

Այժմ ուրախ եմ, որ օգնում եմ «Լոկոմոտիվ»-ին, դա կարեւոր է ինձ համար։ Իհարկե, նպատակ ունեմ տեղ գտնել լավագույն ռմբարկուների եռյակում, թիմի հետ առաջնությունում գրավել առաջին տեղը։

Ռոմաշկինայի հետ ամուսնությունը

Լուսանկարը` Անձնական-արխիվ


Վերջերս կայացած իմ հարսանիքին մասնակցել են միայն իմ ու Յանայի ամենահարազատ մարդիկ (Տիկնիզյանն ու հեռուստահաղորդավար Յանա Ռոմաշկինան ամուսնացել են հոկտեմբերին, խմբ․)՝ ծնողներ, քույրեր, եղբայրներ, ամենամոտիկ ընկերներ։ Մոտ 20 մարդ էր հավաքվել, շատ ջերմ եւ ընտանեկան մթնոլորտ էր։

Յանայի հետ ծանոթացել եմ ապրիլին։ Շատերի համար հարսանիքն արագ տեղի ունեցավ, բայց ինձ համար ճիշտ ժամանակին էր։ Տարիքի հետ հասկանում ես, որ միմյանց լրացնում եք ու ավելի լավը դարձնում, ուրեմն պետք էր գնալ այդ քայլին։ Յանան ինձ որպես մարդ ավելի լավն է դարձրել, շնորհակալ եմ, որ աջակցում է ինձ, ներկա լինում «Լոկոմոտիվ»-ի ու Հայաստանի հավաքականի տնային խաղերին։

Ես նրան վստահում եմ այնպես, ինչպես ինձ, այնպես որ ձգձգելու կարիք չկար։ Եթե սիրում ես ու գիտակցված ընտրություն ես կատարել, ի՞նչ տարբերություն վեց ամիս հետո ամուսնանալ, թե՞ երկու տարի։ Յանան այն մարդն է, որի մոտ ես միշտ ցանկանում եմ վերադառնալ՝ հավաքականից, մարզումներից, միշտ ուզում եմ նրա հետ լինել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին