Հոկտեմբեր 14, 2024
917 դիտում

Զլատկո Դալիչ. Խորվաթիան միշտ պետք է մասնակցի խոշոր մրցաշարերի


Լուսանկարը` hns.family


Խորվաթիայի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբում շարունակում է պայքարել ուղեգրի համար ու վերջին խաղում անպայման փորձելու է հաղթել Հայաստանին, որպեսզի Ուելս-Թուրքիա խաղի ելքը չխանգարի հասնել նպատակին:

Խորվաթիայի ընտրանու գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, որ պետք է հանդիպմանը մոտենան ամենայն լրջությամբ:

«Ոչինչ էլ դեռ որոշված չէ, Հայաստանն արդեն դուրս է մնացել ուղեգրի համար պայքարից, բայց կարող է ժամանել Զագրեբ ու վայելել խաղը: Մրցակիցը խոչընդոտ է մեր ճանապարհին ու չենք կարող սխալներ թույլ տալ, Խորվաթիան միշտ պետք է մասնակցի խոշոր մրցաշարերի: ԵՎՐՈ-2024 անցնելը մեծ հաջողություն կհամարենք: Չենք կարող հիասթափեցնել մեր երկրպագուներին ու ինքներս մեզ, պարտավոր ենք մեծ ցանկությամբ գործել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայերի դեմ առաջին խաղում խորվաթները հաղթել են Անդրե Կրամարիչի միակ գոլի շնորհիվ: Դալիչը խոստովանել է, որ Հայաստան-Ուելս հանդիպման 1:1 հաշիվն իրենց օգտին է եղել, ու եթե Ուելսը չկարողանա հաղթել Թուրքիային, խորվաթներն անկախ ամեն ինչից կմեկնեն Եվրոպայի առաջնություն:

«Բայց չպետք է հետեւենք մրցակցի խաղին, այլ կենտրոնանանք միայն մեզ վրա, հաղթենք ու ինքնուրույն որոշենք ամեն ինչ: Ամենավատն այն է, երբ ամեն ինչ քո ձեռքից բաց ես թողնում ու կախման մեջ լինում մրցակցից: Հիմա իրավիճակն արդեն այլ է ու պարտավոր ենք օգտվել դրանից»,- ավելացրել է Դալիչը:

D խմբում Թուրքիան ունի 16 միավոր, Խորվաթիան՝ 13, իսկ Ուելսը՝ նրանից 2-ով պակաս: Հայաստանը 8 միավորով 4-րդ տեղում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին