Հայաստանի հավաքականին միացած «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings կայքին, որից առանձնացրել ենք որոշ հատվածներ:
«Երբ 2021 թվականին Ռուսաստանի երիտասարդական թիմի հետ հանդես եկա ԵՎՐՈ-2021-ում, ընդգծում էի, որ աշխատում եմ ընդգրկվել Ռուսաստանի ազգային հավաքականում:
Սակայն ինձ հնարավորություն չտրվեց ելույթ ունենալ այնտեղ, որովհետեւ ոչ մի անգամ չհրավիրեցին ու նույնիսկ չընդգրկեցին ընդլայնված ցուցակում: Մի պահ եկավ, որ ես հասկացա՝ որոշում կայացնել ու առաջ շարժվել է պետք:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կարող էին մերժել, ասել, որ չեն ցանկանում ինձ տեսնել 2-3 տարի առաջ տված հարցազրույցի պատճառով (այն ժամանակ Տիկնիզյանն ասել էր, որ չի ցանկանում ներկայացնել Հայաստանը եւ մտադիր է ելույթ ունենալ Ռուսաստանի համար, խմբ.):

Լուսանկարը` Sputnik
Շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին ու ՀՖՖ-ին հյուրընկալության համար: Եթե նախկինում ես երկար կմտածեի, ապա այս անգամ միանգամից որոշեցի եւ միացա Հայաստանի ընտրանուն:
Փորձում եմ միշտ ճշմարտությունն ասել եւ հիմա էլ անկեղծ կլինեմ: Որոշմանս վրա ազդեցություն է ունեցել այն, որ Ռուսաստանի ընտրանին զրկված է միջազգային հանդիպումներից: Չէի կարող չօգտագործել հնարավորությունը եւ ելույթ չունենալ թոփ հավաքականների դեմ: Փառք Աստծո, ես այն ունեմ, որն ինձ տվեց Հայաստանը: Հուսամ, որ կկարողանանք արդյունքների հասնել: Ամեն ինչ կանեմ, որ հայ ժողովուրդը մի օր տոնի ազգային թիմի ԵԱ կամ ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալը:
Բոլորն էլ հասկանում են, որ հավաքականում լավ խաղալու արդյունքում հնարավորություն կա եվրոպական առաջնությունում հանդես գալ, բայց դա չպետք է լինի առաջնային խնդիր:
Հայրս հայ է, մայրս՝ ռուս: Նրանք միշտ էլ ինձ աջակցել են ու դեմ չեն եղել կայացրածս որոշումներին: Հայաստանում վերջին անգամ եղել եմ չորս տարեկանում: Հայրս Փոքր Մանթաշ գյուղից է, երեք ամիս ապրեցինք այնտեղ: Հայկական մշակույթի մասին շատ քիչ բան գիտեմ, բայց շատ եմ սիրում տոլմա եւ բաստուրմա:
Հայերենին չեմ տիրապետում, միայն մի քանի բառ գիտեմ: Սակայն այժմ պարտավոր եմ սովորել լեզուն, քանի որ հավաքականում խաղալը նաեւ մեծ պատասխանատվություն է:

Լուսանկարը` FFA
Երջանիկ կլինեմ, եթե Թուրքիայի դեմ խաղում նշեմ նորամուտս: Հաղթանակի դեպքում ուրախությունս կկրկնապատկվի, այդ դեպքում Հայաստանում մեծ տոն կլինի: Հույս ունեմ, որ հաջողությունը մեզ կժպտա:
Ցավոք, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն հանդես չի գալիս Հայաստանի հավաքականում: Նա միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, հայտնի առաջնություններում է խաղացել: Շատ կուզեի նրա հետ խաղալ, սակայն, ցավոք, չստացվեց:
Ցանկացած թիմում էլ առաջատարի հեռանալուց հետո խնդիրներ են առաջանում: Դեռ վաղ է ասել, թե Մխիթարյանին ով կարող է լիարժեք փոխարինել, սակայն եթե խոսենք Էդուարդ Սպերցյանի մասին, ապա նա նույն տեմպով շարունակելու դեպքում կարող է մոտենալ Հենրիխի խաղամակարդակին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: