Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկել է VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։
Նախագծի տեխնիկական ապահովումը՝ կապը բոլոր մարզադաշտերի եւ VAR համակարգի միջեւ իրականացնում է Team Telecom Armenia ընկերությունը։ Խաղերի նկարահանումն ու հեռարձակումն իրականացնում է Vivaro Media ընկերությունը:
Տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել, որից հետո միայն որոշում կայացնել:
«VAR համակարգի ներդրմամբ Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին։ Այս ընթացքում կատարվել է ծավալուն աշխատանք թե՛ տեխնիկական, թե՛ մարզչական անձնակազմի վերապատրաստման մասով։ Հուսով եմ՝ համակարգը կօգնի մրցավարներին ավելի հստակ որոշումների կայացման հարցում, կձեւավորի արդար մրցակցություն ակումբների միջեւ՝ հանգեցնելով հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- Վազգեն Սարգսյան մարզադաշտի VAR համակարգի կենտրոնակայանում նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Լուսանկարը` Team Telecom Armenia
«Մեզ համար այս նախագիծը միաժամանակ եւ՛ մեծ պատասխանատվություն է, եւ՛ մեծ մարտահրավեր։ Թիմային ուժերով մենք հաջողությամբ իրագործեցինք միջազգային մակարդակի եւս մեկ տեխնոլոգիական նախագիծ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Vivaro Media hեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը նշել է, որ «սա աննախադեպ համագործակցության օրինակ է եւ հետաքրքիր փորձ հայկական մեդիա շուկայում»:

Լուսանկարը` Team Telecom Armenia
VAR-ը թույլ է տալիս դիտարկել չորս տեսակի վիճելի պահ. կանոնների խախտումով խփված գոլ, 11-մետրանոցի նշանակման դրվագ, կարմիր քարտի սխալ ցուցադրում եւ պատժված խաղացողների նույնականացում: Մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. իր որոշումը թողնել ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը, չեղարկել սեփական որոշումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: