Հունիս 06, 2025
1118 դիտում

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ. ՀՖՖ-ն Լինչի դատաստան է կայացրել


Լուսանկարը` FC Lokomotiv Yerevan


Նախորդ շաբաթ ՀՖՖ-ն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների եւ ՈւԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշում էր կայացրել որակազրկել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաեւ տարբեր ժամկետներով՝ ներգրավված 58 անձանց (այդ թվում 45-ին՝ ցմահ): Դադարեցվել է Առաջին խմբի առաջնությունը:


Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն կարծիք է հայտնել, որ ամեն ինչ սկսվել է դեռ անցած ձմռանը, երբ ընտրվել է ՀՖՖ-ի նոր նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Միակ ակումբը, որը ոչ օբյեկտիվ պատճառներով չմասնակցեց քվեարկությանը, մերն էր: Միանգամից հասկացնել տվեցին, որ «Լոկոմոտիվն» իրենց հարմար ակումբ չէ: Դրանից հետո էլ սկսվեց ահաբեկչությունը: Նախագահն ամեն խաղից առաջ ասում էր, որ մեզ կարող են վատ դատել, մենք այդ ամենից չէինք վախենում: Մի անգամ մեզնից 3 միավոր հանեցին, քանի որ խաղացրել էինք «սխալ» ֆուտբոլիստի, բայց ապացուցեցինք ճշմարտությունն ու վերադարձրինք միավորները»,-Լիտովչենկոյի խոսքերը մեջբերում է ուկրաինական football.ua-ն:


Ըստ մարզչի՝ ֆեդերացիան ցանկանում է, որ Բարձրագույն խումբ դուրս գա «Վանը», որը միավորներով հավասարվել է «Լոկոմոտիվին» ու լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցել: Նոր միայն դրանից հետո դադարեցվել է առաջնությունը:

«Ինձ համար շոկային է, կայացնել նման որոշում առանց հետաքննության ու դատարանի: Ինչո՞ւ որակազրկված ոչ մի մարդու չեն կանչել հարցաքննության, ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չի եղել: 6 մարդ հավաքվել է չորս պատի ներսում ու Լինչի դատաստան է կայացրել, այլ կերպ սա անվանել ես չեմ կարող: Սա ձեռնտու է ֆեդերացիային ու «Վան» ակումբին»,-ավելացրել է մարզիչը:

 

Նա ընդգծել է, որ ՀՖՖ-ից իրենց մանրամասներ չեն հայտնել, տեղյակ են այնքան, ինչքան բոլորը. «Մեզ մեղադրում են մի բանում, որը չենք արել, սա պարզապես արվում է նրա համար, որ ակումբը հանդես չգա Բարձրագույն խմբում: Խոսք եմ տալիս, որ ես մինչեւ վերջ եմ գնալու, պետք է մաքրեմ ազնիվ անունս, եթե պետք լինի մինչեւ Լոզանի դատարան: «Լոկոմոտիվն» ակումբի նախագահը, գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները ցանկանում են արդար հետաքննություն, այլ ոչ թե կեղտոտ գործ, որը նրանք սկսել են մեր դեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին