Հունիս 07, 2025
1383 դիտում

«Արագածն» ու «Լոկոմոտիվն» արձագանքել են ՀՖՖ-ի որոշմանը


Լուսանկարը` Mediamax


Երեկ ՀՖՖ-ն՝ քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների եւ ՈւԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշել է որակազրկել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաեւ տարբեր ժամկետներով՝ ներգրավված 58 անձանց (այդ թվում 45-ին՝ ցմահ):

Ակումբներից «Արագածն» ու «Լոկոմոտիվն» արձագանքել են այս որոշմանը:


«Արագած» ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ սատարում են ՀՖՖ-ին եւ նրա միջոցառումները պայմանավորված խաղերի խնդիրն արմատախիլ անելու պատրաստակամությանը: Սակայն ակումբը ցանկանում է հստակություն մտցնել այս ամենում:


«Առանց որեւէ ապացույցի մեղադրվում են մարդիկ եւ սեւանում են նրանց անունները: «Արագած» ՖԱ-ն վստահ է իր աշխատակիցների եւ ֆուտբոլիստների հարցում. նրանք, ովքեր այս պահին ակումբում են, որեւէ առնչություն չունեն պայմանավորված խաղերի հետ:


«Արագածը» դիմել է ՀՖՖ-ի պաշտոնյաներին` պայմանավորված խաղերի հարցով: Օրինակ, մեր ակումբը հստակ տեսակետ է հայտնել «Արագած»-«Դիլիջան» հանդիպման վերաբերյալ, որը դադարեցվել է եւ հրապարակվել են դադարեցման պատճառները»:


Նշվում է, որ «Արագածը» ներքին հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացվել են Առաջին խմբի առաջին հատված այն խաղերը, որոնք ակումբի կարծիքով պայմանավորված էին, իսկ մասնակցություն ունեցող անձինք պատժվել են:


Ակումբն ամբողջ ֆուտբոլային հանրությունից ներողություն է հայցում պայմանավորված խաղի համար, որը կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:


«Լոկոմոտիվի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց արգելել են Առաջին խմբի 2019-2020 մրցաշրջանի մասնակցությունից, եւս 2 տարի ժամկետով արգելել են «Լոկոմոտիվի» մասնակցությունը (թիմի ներկայացնելը) ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող որեւէ առաջնության։ Չեղյալ են համարվել Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությանը նրանց հաղթած 7 խաղ։


«Եւս մեկ անգամ տեղի ունեցավ քվեարկություն՝ խախտելով ցանկացած փաստական հանգամանք պարզելու վերաբերյալ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու հանրահայտ սկզբունքը, ինչպես նաեւ ոտնահարելով որպես հարցի 2-րդ կողմ լսված լինելու մեր իրավունքը, կայացվել են 2 ոչ իրավաչափ միաձայն որոշումներ։


Մեր ակումբը դիմել է ՀՖՖ բողոքարկման կոմիտե, վերոնշյալ որոշումների համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը ստանալու համար։ Դրանք ստանալուց հետո մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ, ինչպես նաեւ սահմանված կարգով կբողոքարկենք մեր ակումբի հանդեպ կայացրած կեղծ, շինծու, ոչ իրավաչափ որոշումները»,-նշված է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին