Հունիս 07, 2025
314 դիտում

Կոսովո-Հայաստան․ Սխալներ, քիչ գրոհներ ու 5։2 խոշոր հաշվով պարտություն


Լուսանկարը` Մեդիամաքս


Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնն այսօր ընդունել էր Կոսովոյի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը։

ՖԻՖԱ–ի աղյուսակում տանտերերն զբաղեցնում են 97–րդ տեղը, իսկ հայերը՝ 102–րդ։ Առաջին կեսում թիմերը բավական բաց ֆուտբոլ էին խաղում ու կազմակերպում փոխադարձ գրոհներ։ 

 

Հանդիպման մեկնարկը հաջող դասավորվեց Ջոն վան’տ Սխիպի սաների համար։ Ընդամենը 8 րոպե էր անցել, երբ Նաիր Տիկնիզյանն ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Այն դիպավ Կոսովոյի դարպասապահ Ամիր Սաիպիի ձեռքերին եւ ՈւԵՖԱ–ն հաշվեց ինքնագոլ։

Ընդունած գոլից հետո տանտերերն անում էին ամեն ինչ, որպեսզի հասնեն Հենրի Ավագյանի դարպասին։ Հարվածները կամ դիպուկ չէին ստացվում, կամ հաջող էին հանդես գալիս պաշտպաններն ու դարպասապահը։

Չհանձնվող տանտերերի հերթական գրոհն ավարտվեց գոլով։ Լյումբարդ Դելովան հեռահար հարվածով բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Ոչ պակաս հիացմունքի էր արժանի Հայաստանի ավագ Էդուարդ Սպերցյանի գոլը։ Նա դիպուկ իրացրեց տուգանային հարվածը եւ գնդակն ուղարկեց դարպասի ձախ վերեւի հատվածը՝ 2։1։

Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստներն ամբողջովին անցել էին սեփական կիսադաշտ՝ թույլ տալով բազմաթիվ սխալներ ու բացթողումներ։ Կոսովոն շարունակում էր անընդհատ գրոհներ կազմակերպել։ Առանձնացնել է պետք Ավագյանի խաղը, որը կարողանում էր ճիշտ կողմնորոշվել ու հետ մղել մրցակցի հարվածները։ Թերեւս հաշիվն ավելի մեծ լիներ, եթե նա այդպես չգործեր։

Ճնշումը տվեց արդյունք։ Գրոհներից մեկի արդյունքում մրցավարը խախտում նկատեց Հովհաննես Համբարձումյանի կողմից ու նշանակեց 11–մետրանոց հարված։ Այն դիպուկ իրացրեց Մերգիմ Վոյդովան։ Վան’տ Սխիպի թիմը կարելի է ասել կորցրել էր իր խաղը, պաշտպանությունում սխալները դարձան սովորական։ Կոմբինիացիոն ու շատ մտածված գրոհն ավարտվեց տանտերերի հերթական տպավորիչ գոլով, այն իր հաշվին գրանցեց փոխարինման մտած Լինդոն Էմերլահուն։ 

Խաղն իրենց ձեռքը վերցրած ու սեփական կամքը թելադրող Կոսովոյի ֆուտբոլիստները 90–րդ ու 90+3–րդ րոպեներին եւս երկու գոլ խփեցին։ Հաշիվը 5։2 դարձրեց Դոնաթ Ռուդհանին։ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը մեծ աշխատանքներ ունի կատարելու, որպեսզի երեք օրից կայանալիք Մոնտենեգրոյի դեմ խաղին նման սխալները չկրկնվեն։

 

Լուսանկարները՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին