Դեկտեմբեր 15, 2025
626 դիտում

Վան'տ Սխիպ. Կոսովոն լրացուցիչ էներգիա ուներ, իսկ մերը լրիվ սպառվել էր ու չկարողացանք դիմադրել


Լուսանկարը` Մեդիամաքս


Կոսովոյի հավաքականի հետ ընկերական խաղում 2:5 հաշվով զիջելուց հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը նշել է, որ երկրորդ խաղակեսում զգացնել տվեցին հայ ֆուտբոլիստների հոգնածությունն ու սխալները։

«Առաջին ժամվա ընթացքում բավական լավ տեսք ունեինք, խաղի կառուցվածքը նորմալ էր, սակայն հետո խախտում եղավ, որի արդյունքում 11-մետրանոց նշանակվեց։ Արդեն դրան հաջորդեցին անհատական սխալներ, ու մեր խաղացողների ինտենսիվությունն ընկավ, սկսեցին հոգնել եւ ավելի շատ սխալներ թույլ տալ։

 

Լուծումներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան իրենց ակումբներում։ Էդգար Սեւիկյանը լավ սկսեց հանդիպումը, բայց որոշ ժամանակ անց հոգնեց, նույնը Նաիր Տիկնիզյանի եւ Հովհաննես Համբարձումյանի, ու էլի մի քանիսի դեպքում էր, ինչը հավաքականում զգացնել է տալիս։

 

Երկրորդ գոլից հետո կորցինք կենտրոնացվածությունը, կրկին վերադառնում ենք նրան, որ բարձր մակարդակով մարզվելու դեպքում, կարող ես դիմանալ նաեւ վերջնամասում, ինչն արեց Կոսովոն։ Թիմի ֆուտբոլիստներն ունեին լրացուցիչ էներգիա ու վառելիք, իսկ մերը լրիվ սպառվել էր ու չկարողացանք դիմադրել։ Չես կարող գնդակ ստանալ, մտածել ու հետո գործողություն կատարել՝ մտածելով, որ ամեն ինչ կստացվի։

 

Դժվար է լինելու փրկել այս իրավիճակը, պետք է շարունակենք աշխատել։ Նաեւ ակնկալում եմ, որ այս ամռանը ֆուտբոլիստները կսկսեն խաղալ իրենց ակումբներում, ոմանք էլ կտեղափոխվեն բարձրակարգ առաջնություններ։

 

Պետք է հասկանանք, որ ընտրությունն այս խաղացողներից ենք կատարում, եւ ընտրությունը մեծ չէ։ Հենց նրանց հատկանիշների բարելավման շնորհիվ կարող ենք հասնել հաջողության։

 

Հանդերձարանից հիասթափված դուրս եկա, ինչը նման պարտությունների դեպքում նորմալ է։ Իսկ ահա զայրացել էի առաջին խաղակեսում, երբ Սեւիկյանը կարող էր միայնալ դուրս գալ դարպասապահի հետ, բայց նրա դեմ կանոնները խախտեցին, ու մրցավարը փաստորեն մեզ զրկեց առավելությունից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին