Դեկտեմբեր 22, 2024
43353 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Միշտ երազանք եմ ունեցել ու գնացել դրա հետեւից


Լուսանկարը` AC Roma


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության յութուբյան էջում պատասխանել է մի շարք հարցերի:

Mediamax Sport-ն առաձնացրել է նրա ասածներից մի քանի հետաքրքիր դրվագներ ու առաջարկում է ընթերցել դրանք:

Իտալիայի առաջնությունում խաղալը հետաքրքիր է, լիգան կամաց-կամաց ավելի բարձրակարգ է դառնում: Ուրախ եմ խաղալ Իտալիայում, որտեղ հիանալի  երկրպագուներ են, նրանք իսկական խենթեր են: Ուրախ եմ, որ «Ռոմայում» եմ ու վերջինիս երկրպագուների համար եմ խաղում:

Ֆուտբոլը թիմային սպորտ է, անում եմ ամեն ինչ թիմակիցներիս օգնելու համար, նրանք էլ՝ ինձ: Անուններ չեմ տա, բայց հիանալի ֆուտբոլիստներ ունենք, ովքեր ավելին կարող են անել ու օգտակար լինել «Ռոմային»:

Իտալացիների հետ հայերը շատ նմանություններ ունեն, դրա համար ինձ շատ լավ եմ զգում այստեղ, կյանքն ավելի հետաքրքիր է անցնում:

Երբ սեպտեմբերին Լոնդոնից ժամանում էի Հռոմ, ինձ մոտեցավ ուղեկցորդն ու ասաց, թե ստորագրել եմ արդեն պայմանագիրը: Ես հայտնեցի, որ դեռ նոր եմ մենկում Հռոմ, այնտեղ ամեն ինչ կորոշվի: Իսկ երբ արդեն իջա օդանավակայանում, բազմաթիվ լրագրողներ էին ինձ սպասում: «Ռոմայի» մամուլի քարտուղարին ասացի, որ դեռ ոչինչ չենք ստորագրել, ինչո՞ւ են այսքան շատ մարդիկ եկել: Նա պատասխանեց, որ սա Իտալիան է, բոլորն են խելագարվում ֆուտբոլի համար ու գիտեն ամեն ինչ, ես պետք է պատրաստ լինեմ: Հետաքրքիր էր, ես դեռ չգիտեի, դարձե՞լ եմ «Ռոմայի» ֆուտբոլիստ, թե ոչ, իսկ նրանք պարզվում է գիտեին:

Մինչեւ ամուսնանալս անընդհատ մտածում էի մորս, քրոջս, հորս մասին: Իսկ ահա որդուս ծնվելուց հետո ես միշտ նրա ու ընտանիքիս մասին եմ մտածում: Տղայիս լույս աշխարհ գալուց հետո դեռ հանդիպումներ չեմ անցկացրել, բայց հուսամ դրանք ապագայում կլինեն: Նրանք միշտ իմ մտքում են ու նրանց համար եմ խաղում:

Ես ուզում եմ հետագայում եւս ֆուտբոլում ավելիին հասնել, տիտղոսներ նվաճել ակումբիս համար, դրական հիշողություն թողնել ինձնից հետո:

Իտալերենը գեղեցիկ լեզու է, ավելի երիտասարդ տարիքում շատ էի ուզում իտալերեն կամ իսպաներեն սովորել: Հիմա արդեն սովորում եմ, հարցազրույցներ եմ տվել իտալերենով, աստիճանաբար զարգացնում եմ իմացությունս:

«Ռոմայի» երկրպագուները շատ լավն են, ստադիոնից մեկնելիս կանգնեցնում են մեքենաս նկարվելու կամ ստորագրության համար, կամ քաղաքում են մոտենում, իհարկե, բոլորը չէ, որ սիրում են, սա նորմալ է ֆուտբոլի համար: Ուզում եմ այնպես անել, որ երջանկացնեմ նրանց իմ խաղով, գոլերով կամ փոխանցումներով:

Եթե նոր սերունդը քեզնից ցանկանում է ինչ-որ բան սովորել, ուրեմն դու ճիշտ ու լավ ես անում գործդ: Ես միշտ եմ ցանկացել բարձրակարգ ֆուտբոլիստ լինել, անում եմ իմ աշխատանքն ու ձգտում եմ լավագույնին:

Միշտ երազանք եմ ունեցել, գիտեի՝ ինչ եմ ուզում ու գնում էի դրա հետեւից: Հորս շնորհիվ ընտրեցի ֆուտբոլը եւ առաջին օրվանից նպատակ ունեի եվրոպական լավագույն թիմերում խաղալ: Դրա համար միշտ շատ եմ մարզվել, տաղանդը խառնել աշխատասիրությանը, հավատացել ինձ ու պայքարել:

Իտալացիների ու հայերի միակ տարբերությունը լեզուն է: Առաջին օրը, որ եկել եմ Հռոմ կարծես Հայաստանում լինեի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին