Հուլիս 08, 2025
3613 դիտում

Մ-19 տ. ֆուտբոլիստներն ուզում են Եվրոպային ցույց տալ, որ լավ թիմ ունեն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 14-26-ը Երեւանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնությանը Հայաստանի հավաքականը լրջորեն է տրամադրված:

Հայաստանի Մ-19 տ. ընտրանին A խմբում ընդգրկվել է Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի թիմերի հետ:

 

Հավաքականի ֆուտբոլիստները մարզումից հետո խոսել են լրագրողների հետ ու ներկայացրել իրենց սպասելիքները:

 

Արսեն Եղիազարյան (պաշտպան, թիմի ավագ)

 

Շատ դրական մթնոլորտ է թիմում ու լավ պատրաստվում ենք, օրական 2 մարզում ենք անցկացնում: Լուրջ ենք տրամադրված, ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին:

 

Մրցակիցներն, իրոք, ուժեղ են`Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանել Երեւան, բայց դա նշանակություն չունի: Եթե լավ տրամադրվենք ու հավատանք մեր ուժերին, վստահ եմ այդպես էլ լինելու է, դրական արդյունքի կհասնենք:

 

Ընկերական խաղերում սխալներ կային, բայց պաշտպանությունում ավելացրել ենք, սխալներ համարյա չենք անում, ավելիին է պետք հասնել, քանի որ ուժեղ թիմերը մեկ սխալն էլ կարող են օգտագործել:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Յուրի Օգանեսյան (պաշտպան)

 

Կարեւորը լավ խաղանք ու Եվրոպային ցույց տանք, որ ուժեղ թիմ ենք: Պետք է հասկանան, որ Հայաստանը թույլ չէ, ինչպես կարծում են: Մենք միասնական ենք, թիմային խաղ ենք ցույց տալիս, իսկ դա շատ է օգնում: 

 

Ես նորեկ եմ, 2 ամիս է, որ միացել եմ հավաքականին, բոլորն ինձ այստեղ լավ են ընդունել:

 

Էրիկ Ազիզյան (կիսապաշտպան)

 

Գտնում եմ, որ թիմը պատրաստ է առաջնությանը, մարզումները լավ են անցնում, ընկերական խաղերում առաջընթացը երեւաց: Արդեն ավելի վստահ ու լավ ենք գործում պաշտպանությունում: 

 

Մեզ համար լավագույն արդյունքը հաղթանակը կլինի, միայն դրա համար ենք հանդես գալու, այլ արդյունքի մասին չենք մտածում:

 

Արտասահմանում խաղալը ավելի մեծ փորձ է տվել ու օգնել ինձ:

 

Գրենիկ Պետրոսյան (հարձակվող)

 

Իմ կարծիքով լրիվ պատրաստ ենք ԵՎՐՈ-ին: Ֆավորիտները շատ են, բոլորն էլ ուժեղ են, երեւի առանձնանում են Իսպանիան ու Պորտուգալիան: Մենք պետք է լավ խաղանք ու արժանի դիմադրություն ցույց տանք բոլորին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին