Ապրիլ 19, 2024
3891 դիտում

Մխիթարյան. Պարտությունն աշխարհի վերջը չէ, երբեք մի հանձնվեք


Լուսանկարը` REUTERS


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:

***

Խաղից առաջ միշտ նախապես մշակված պլան ենք ունենում, սակայն այն միշտ չէ, որ աշխատում է: Խաղի ժամանակ շատ արագ պետք է որոշումներ կայացնեք: Երբ միայնակ եք ու խաղում եք պաշտպանի դեմ, երկար մտածելու ժամանակ չունեք:

Ես 10 մարզիչների գլխավորությամբ եմ աշխատել ու բոլորն էլ տարբերվել են իրարից: Նրանցից սովորել եմ եւ լավ, եւ վատ բաներ, շնորհակալ եմ բոլորից:

***

Նախընտրում եմ կենտրոնում խաղալ, ոչ թե եզրում, բայց հենց եզրայինի դիրքում էլ գործում եմ խաղադաշտում: Սակայն կարեւորը ոչ թե դիրքն է, այլ այն, որ խաղում եմ: Պարզապես փորձում եմ օգնել թիմին որքան կարողանում եմ ու հպարտանալու առիթ եմ տալիս հայ երկրպագուներին:

***

Ֆուտբոլի մասին շատ եմ մտածում, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ, ինչն էր լավ կամ վատ, ինչ կարող եմ ավելի լավ անել: Նաեւ ֆուտբոլ եմ շատ դիտում, բայց չեմ մտածում, թե նույնը կարող եմ անել մարզումների ժամանակ: Խաղի ընթացքում ու մարզվելիս ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում:

***

Երբեք չեմ մտածել, որ նորից եմ խաղալու Սոկրատիսի ու Օբամեյանգի հետ: Երազանք էր կրկին նրանց հետ լինել, շատ երջանիկ եմ, որ նույն թիմում ենք: Տխուր էր բաժանվելը, բայց աշխարհը փոքր է, ու մենք նորից միավորվել ենք:

Լուսանկարը` Twitter


***

Ինձ համար ամենադժվարը գերմաներեն սովորելն էր, որեւէ բառ չգիտեի մինչեւ այն ուսումնասիրելը: Ինքնուրույն էի լեզուն սովորում ու փորձում ավելի հմտանալ: Այդպես էի անում, որ ավելի լավ շփվեմ թիմակիցներիս հետ ու կարողանամ խոսել մարդկանց հետ:

Իսկ ամենահեշտը հայերենն է այն պատճառով, որ այն իմ մայրենին է ու դպրոցում եմ սովորել: Դպրոցում անգլերենին ուշադրություն չէի էլ դարձնում, քանի որ ֆրանսերեն գիտեի, բայց երբ տեղափոխվեցի Եվրոպա, հասկացա, որ ժամանակն է այն սովորելու:

Լեզուներ իմանալը լավ է, բայց երբեմն նաեւ շփոթում ես դրանք, երբ որեւէ բառ ես ուզում հիշել:

***

Ամենակարեւոր բանը ինքդ քեզ հավատալն է: Սխալներ անելը քեզ վատ խաղացող չի դարձնում: Պետք է ավելի շատ աշխատել: Պետք է հավատալ այն ամենին, ինչ անում ես ու երբեք չհանձնվել: Պարտությունը դեռ աշխարհի վերջը չէ: Դրանից էլ կարող ես սովորել: Փորձիր հաղթել հաջորդ խաղում կամ մարզման ընթացքում:

***

Շատ մեծ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ կցանկանայի հանդես գալ: Բայց ամենաշատը կուզեի հայրիկիս հետ խաղալ: Հիանալի կլիներ միասին համագործակցելը: Նրա խաղի տեսագրությունները նայելիս միշտ սովորել եմ: Սակայն բախտ չի վիճակվել հայրիկիս խաղադաշտում շատ տեսնել: Շատ եմ լսել, որ նա մեծ ֆուտբոլիստ է եղել:

***

Իմ մասնակցությամբ ամենահավանածս հանդիպումը Եվրոպայի Լիգայի եզրափակիչն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նախ՝ մենք հաղթեցինք, կարեւոր Գավաթ նվաճեցինք, ապա ես դարձա առաջին հայ ֆուտբոլիստը, ում հաջողվեց այդ կոչմանն արժանանալ:

Դրա համար էլ այդ հանդիպումը կառանձնացնեմ, այն շատ բան էր նշանակում ինձ համար: Հույս ունեմ, որ հետագայում «Արսենալի» հետ էլ շատ կարեւոր հանդիպումների կմասնակցեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին