Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու ամփոփել Ազգերի Լիգայում ելույթները:
Հայաստանի ընտրանին D դիվիզիոնի 4-րդ խմբում 10 միավորով ելույթն ավարտել էր 2-րդ տեղում:
Ազգերի Լիգայում մենք D դիվիզիոնում հանդես եկանք, դա նշանակում է, որ մեր ֆուտբոլն այնքան է ցածրացել, որ Ջիբրալթարի հետ նույն խմբում էինք: Շատ արագ պետք է հասկանալ, թե հիմա որտեղ ենք գտնվում, որ համակարգ ստեղծենք ու դրա միջոցով փորձենք լուծումներ գտնել:
Ուժեղ ֆուտբոլիստների կարիք ունենք, որ ավելի մարտունակ դառնանք: ԱՄՆ-ից ժամանելու պատճառով Յուրա Մովսիսյանը 2 օր անքուն է մնում: Հիմա բանակցություններ ենք վարում Դիեգո Ռոսի Մարաշյանի հետ, եթե նա միանա մեզ, շատ կօգնի:
Ընդհանուր առմամբ, Ազգերի Լիգայի արդյունքներից գոհ չենք, բայց խաղեր եղան՝ Մակեդոնիայի ու Ջիբրալթարի դեմ արտագնա մրցավեճը, որ ցանկալի ելք ունեցան:
Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հետ հանդիպումներում 70 տոկոսով վերահսկում էինք գնդակը, բայց նաեւ գոլեր բաց թողեցինք: Երբ անընդմեջ մրցակցի դարպասի մոտ ես լինում, վերջինիս հակագրոհներն էլ հաջողվում են: Մեզ մոտ կաղում էր թիմային պաշտպանությունը. Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Գագիկ Դաղբաշյանը հաճախ միանում էին գրոհներին, իսկ պաշտպանվել պետք է օգնեին նաեւ մյուսները:
12 գոլ ենք խփել վերջին 4 խաղերում, 5-ը՝ բաց թողել: Կոպիտ սխալներ էլ տղաները թույլ են տվել, որոնց արդյունքում գոլեր ենք ընդունել: Բայց դրանց վրա ամեն մեկն առանձին պետք է աշխատի, որ հետագայում նվազագույնի հասնեն:
Այդ խաղերում մի քանի նորեկներ հանդես եկան հավաքականում, բայց երիտասարդների փորձարկումն ինքնանպատակ չպետք է լինի, նրանք պետք է հասունանան ու պատրաստ լինեն միանալ թիմին:
Հետագա շանսերի մասին կկարողանանք խոսել դեկտեմբերի 2-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո: Եթե 6 հոգանոց խումբ ընկնենք, մարտին խաղեր չենք ունենա, իսկ 5-ի դեպքում, նույնիսկ 2 ստուգողական հանդիպում կարող ենք անցկացնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: