Հայկական ֆուտբոլի ու «Արարատի» լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային հանդիպման մասնակիցներից շատերի անուններն արդեն հայտնի են:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում խաղի կազմակերպիչ Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմն ամբողջությամբ հայտնի է:
Հովհաննիսյանի 60-ամյակի խաղում ԽՍՀՄ-ի թիմի կազմում ելույթ են ունենալու Ռինատ Դասաեւը, Լեոնիդ Բուրյակը, Իգոր Բելանովը, Ալեքսեյ Միխայլիչենկոն, Անատոլի Դեմյանենկոն, Գեորգի Յարցեւը, Օլեգ Ռոմանցեւը, Վալերի Շմարովը, Վալերի Գազաեւը, Վագիզ Խիդիյատուլլինը, Ալեքսանդր Տարխանովը, Վալերի Կեչինովը, Դմիտրի Խլեստովը, Ալեքսանդր Չիվաձեն, Օթարի Գաբելիան, Թենդիզ Սուրակվելիձեն, Արմենակ Սարգսյանը եւ Ժորա Հովհաննիսյանը:
Աշխարհի հավաքականում իրենց մասնակցությունը հաստատել են Ջեներո Գատուզոն, Ռոբերտո Կառլոսը, Անջելո Դի Լիվիոն, Ժան Մարի Պֆաֆը, Ալդաիրը, Իվան Սամորանոն, Խրիստո Ստոիչկովը, Տիջանի Բաբանգիդան, Պատրիկ Բերգերը, Յարի Լիտմանենն ու Հարալդ Շումախերը: Իսկ օրվա գլխավոր հերոսը՝ Խորեն Հովհաննիսյանը, հանդես կգա երկու թիմերում էլ:
«Սա Աշխարհի թիմի վերջնական կազմը չէ, այլ խաղացողներ էլ կարող են միանալ: ՈւԵՖԱ-ն այդ օրերին էլիտ մրցաշար է անցկացնում ու շատերին հրավիրել է ներկա գտնվելու: Ֆուտբոլիստների մի մասը, այդ թվում եւ Յուրի Ջորկաեւֆը, ցանկանում են Հայաստան ժամանել: Տեսնենք, թե ինչպես կստացվի, մնացածների անունները հայտնի կդառնան մոտակա օրերի ընթացքում: Լուիշ Ֆիգուին էլ ենք դեռ սպասում, նա շատ է ծանրաբեռնված, բայց կփորձի ներկա լինել»,- նշել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով, հյուրերի մեծ մասը, հատկապես Կառլոսը, Գատուզոն ու Սամորանոն, հետաքրքրված են Հայաստանով: Նրանք ցանկանում են, որքան հնարավոր է շատ բան տեսնել մեր երկրում: Այդ պատճառով էլ կազմակերպիչները բավականին հագեցած ծրագիր են կազմել նրանց համար: Հյուրերն անպայման լինելու են Ծիծեռնակաբերդում ու հարգելու են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այցելելու են նաեւ Էջմիածին:
Մայիսի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը նաեւ համերգային մաս է ունենալու: Հոբելյանական խաղի հանդիսականների համար երգելու են Թաթա Սիմոնյանն ու Վախթանգ Կիկաբիձեն. «Համերգը լինելու է ընդմիջման ժամանակ ու խաղի ավարտից հետո: Օրվա կարեւոր մասը հենց ֆուտբոլային հանդիպումն է լինելու, բայց չենք մոռանալու, որ հոբելյան ենք նշելու ու փորձելու ենք բոլորին տոն պարգեւել»:
Նախապես որոշվել էր, որ հանդիպումը 80 րոպե է տեւելու: Սակայն քանի որ թիմերի կազմերում բազմաթիվ ֆուտբոլիստներ են հայտավորված լինելու, խաղակեսերը 45 րոպե կլինեն, որպեսզի բոլորն էլ խաղալու հնարավորություն ունենան:
Սողոմոնյանը նշում է, որ հանդիպման տոմսերը շատ ցածր գներով են վաճառվում՝ 500-1000 դրամ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել: Իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» արյան քաղծկեղով եւ ծանր հիվանդություններով երեխաների օգնության բարեգործական հիմնադրամին:
«Հույս ունենք, որ այդ օրը տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: Խորեն Հովհաննիսյանին շատերն են հիշում ու սիրում, եւ հաստատ կցանկանան հանդիպմանը ներկա լինել: Ես էլ Հովհաննիսյանի երկրպագուներից եմ, ու ուրախ եմ, որ նրա հետ հանդիպելու ու ընկերանալու առիթ եմ ունեցել»,- ավելացրել է Սողոմոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: