Ավանի շախմատի մարզադպրոցում անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված շախմատիստ Հայկազ Մկրտչյանի անվան 3-րդ հուշամրցաշարը, որն այսօր կդառնար 23 տարեկան:
Մասնակցել են Մկրտչյանի հետ մարզադպրոցում սովորած շախմատային ընկերներն ու նոր սերնդի ներկայացուցիչները, ամենափոքր մասնակիցը 6 տարեկան էր:
Լուսանկարը` ընտանիքի անձնական արխիվից
«Շախմատը միշտ Հայկազի ուղեկիցն է եղել ու օգնել նաեւ մարտական ուղին կերտելու ժամանակ, որովհետեւ կարողանում էր ամեն ինչ մի քանի քայլ առաջ հաշվարկել: Շատ շնորհակալ ենք դպրոցի տնօրինությանն ու մարզիչներին, որ որոշել են ապրեցնել Հայկին ու նրան նվիրված մրցաշար կազմակերպել, որը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է նրա մայրը՝ Աննա Մկրտչյանը:
Լուսանկարը` ընտանիքի անձնական արխիվից
Հուշամրցաշարի ավարտին բոլոր մասնակիցները գրքույկներ են նվեր ստացել, որոնցում ընդգրկված են տեղեկություններ Հայկազ Մկրտչյանի մասին, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ նրա արտահայտած մտքերը:
«Հույս ունենք, որ նրա մտքերը երեխաներին կօգնեն ավելի շատ սիրել հայրենիքը: Ուզում ենք, որ նոր սերունդը Հայկին ճանաչի ոչ միայն որպես շախմատի սիրահար, այլ նաեւ որպես հայրենիքին նվիրված զինվոր»,- ավելացրել է մայրը։
Լուսանկարը` ընտանիքի անձնական արխիվից
Հայկազ Մկրտչյանը շախմատով զբաղվել է մինչեւ 2018 թվականը, մասնակցել է մի շարք մրցաշարերի ու հաջողություններ գրանցել: Պարապել է նաեւ լողով, կարատեով եւ մարտարվեստով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: