«Նոա»-ն Երեւանում նվազագույն հաշվով «ԱԶ Ալկմար»-ին հաղթելուց հետո այսօր կեսգիշերին Կոնֆերենցիաների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում Ամստերդամում պատասխան հանդիպումն է անցկացնելու:
Երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն արդեն իսկ գոհ է իր սաների գրանցած արդյունքից, բայց ավելի մեծ հաջողություն է ակնկալում:
«Մեզ բավական բարդ ու ծանր հանդիպում է սպասվում: Գիտենք, թե ում դեմ ենք մրցելու: «ԱԶ Ալկմար»-ը խաղալու է սեփական խաղադաշտում ու իր երկրպագուների աջակցությամբ:
Առաջին խաղից տարբերվող հանդիպում է լինելու, շատ ենք հարգում մրցակցին, բայց նաեւ հավատում ենք մեր որակներին ու պատրաստ կլինենք սպասվող դիմակայությանը:
Ամստերդամում պատրաստվելու համար մեկ ամբողջ օր ունեինք, եղանակն իդեալական է, մարզադաշտը՝ հրաշալի:
Երկրպագուներն արդեն իսկ կարող են հպարտ լինել այն ամենով, ինչին այս տղաները հասել են: Այստեղ զբոսաշրջիկի դերում չենք, առաջին խաղում հաղթել ենք, հիմա էլ ցանկանում ենք հաղթահարել այս փուլը:
Ֆուտբոլում յուրաքանչյուրը ցանկանում է որքան հնարավոր է առաջ գնալ: Այս պահին լուրջ մակարդակի ենք հասել: Կարծում եմ՝ նախորդ տարվանից սկսած լավ աշխատանք ենք տարել: Դա չի վերաբերվում միայն Եվրոպայում գրանցած արդյունքներին, այլ նաեւ ինչպես ենք մեզ դրսեւորում, գործում ու կառավարում ողջ խաղը»:

























